Երբ ֆիլտրերը չեն աշխատում. խավարում «Արմնյուզ»-ի եթերում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հոկտեմբերի 21-ի երեկոյան «Արմնյուզ»-ը նորությունների թողարկումը սկսեց «15 օր լիարժեք մթություն մոլորակի վրա» լուրով: Հեռուստադիտողը տեղեկացավ, որ նոյեմբերին երկու մոլորակները՝ Վեներան եւ Յուպիտերը, հանդիպելու են, Արեգակի լույսը թուլանալու է, եւ Երկիր մոլորակը 15 օրով խավարելու է:

«Արմնյուզ»-ը շարունակեց հեռարձակել լուրը: Այն այսօր առավոտյան ժամը 10-ի նորությունների թողարկման բլոկում էր:

Արեւի երկարատեւ խավարման մասին այս կեղծ լուրը ինտերնետում շրջում է 2015-ի մայիս-հունիս ամիսներից: Փոփոխական ակտիվացման փուլերով:

Սկզբում NewsWatch33 կայքն էր գրել նոյեմբերին մեր մոլորակի 15-օրյա լիակատար խավարման մասին: Ընդ որում՝ որպես լուրի աղբյուր, ինչպես «Արմնյուզ»-ի դեպքում էր, նշվում էր ՆԱՍԱ-ն: Լուրն ինտերնետում քննարկել էին, այն հերքել էր նորությունների ստուգման Snopes կայքը եւ NewsWatch33-ը որակել էր որպես կեղծ լուրերի կայք:

Հետագայում արեւի խավարման մասին լուրը ժամանակ առ ժամանակ հայտնվում եւ հերքվում է: Նույնիսկ ՆԱՍԱ-ի կայքում հարցուպատասխանի ժամանակ այդ լուրի հերքումը կա:

Ապոկալիպտիկ տարրերով այս կեղծ լուրի համար «Արմնյուզ»-ի դեպքում, հնարավոր է, աղբյուր է ծառայել Ufospace.net-ում ռուսերենով հրապարակումը, որին կառուցվածքով, լեզվով եւ նյութի ավարտով շատ մոտ է հայկական եթերում հեռարձակված ռեպորտաժը:

«Итак, впереди 15 дней темноты и можно только представить, что произойдет на Земле в течение этого времени!!!»,- կարդում ենք  Ufospace.net-ում:
«Առջեւում մթության 15 օրերն են, ու կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մեր մոլորակում այդ ընթացքում»,- եթերից ասում է Էսթեր Մեսրոպյանը:

 

Արեւի 15-օրյա խավարման լուրի կեղծ լինելու մասին ֆեյսբուքյան գրառումներից հետո «Արմնյուզ»-ը հեռացրեց տեսանյութը Յութուբից (այստեղ տեղադրել ենք եթերից ձայնագրված տեսանյութը): Սակայն դրանով խնդիրը չի լուծվում: Մարդիկ հեռուստացույցով դիտել են տեսանյութ, որտեղ իրենց մոլորակի համար 15 օրանոց խավար են կանխագուշակում: Մինի ապոկալիպսիս: Կան  մարդիկ, որ լուրջ քննարկել են, թե ինչպես պատրաստվել այդ արհավիրքին:

Մի բան է, երբ կեղծ լուրը տարածվում է ինտերնետով եւ այլ հարթակներում հերքվում է, մեկ այլ բան՝ երբ հեռուստաընկերության խմբագրական ֆիլտրերն այնքան չեն աշխատում, որ կեղծ ու խուճապ տարածող լուրը մի քանի անգամ հեռարձակվում է եթերով:

Այս լուրը եթերում այնքան անհավատալի է, որ անգամ ապրիլի 1-ին հարմար չէ: Ապրիլմեկյան իրավիճակից խուսափելու համար կարելի էր ուղղակի ստուգել լուրը: Այս դեպքում ամենապարզը ՆԱՍԱ-ի կայքում համապատասխան լուր կամ լուրի հերքում որոնելն էր: Իսկ միջազգային, հատկապես անգլալեզու լրահոսից կասկածելի թվացող լուրերը ստուգելու համար մի շատ հարմար կայք կա՝ Snopes-ը, որը, ինչպես գրել էի, նույն խավարման լուրը «կեղծ է» պիտակով հերքել էր:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *