Երբ մամուլն անդամալույծ է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Հայաստանյան մամուլը մի հստակ հատկություն ունի, որը շատ հեշտ է նկարագրել՝ «Չկա իջվածք, որը հնարավոր չէ հաղթահարել տրամաբանական ժամանակահատվածում»։ Ամեն անգամ մտածում ես, որ սրանից վատ բան էլ չի լինի, բայց սխալվում ես։

Հոկտեմբերյան մի լուսապայծառ առավոտ էր, երբ «7 օր» լրատվականում սարսափած կարդացի հետևյալ սահմռկեցուցիչ վերնագիրը. «Կտրել են Հռոմեացի զինվորի առնանդամը»:

Նյութը շատ զարմանալի ոճով էր գրված և ստորագրված չէր։ Ավելին, ըստ նյութի՝ ստացվում էր, որ «էդ անտերը» կտրել են իտալացիների հետ խաղից հետո, այսինքն, երկու շաբաթ առաջ։

Մեջբերեմ՝«Ըստ որոշ խոսակցությունների՝ դա արել են հայ երկրպագուները Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ պարտություն կրելուց հետո»։

Զարմանալի է, չէ՞։ Ես էլ շատ զարմացա, քանի որ «էդ անտերը» մի քանի օր առաջ տեսել էի. անսասան էր։

Բայց շուտով նմանատիպ նյութ հայտնվեց «Լրագրում»՝ «Պոկել են հռոմեացի զինվորի առնանդամը»:

Նկատու՞մ եք լրատվական բազմակարծությունը. ըստ «7 օր»-ի «էդ անտերը» կտրել են, ըստ «Լրագրի»՝ պոկել։

Բայց տեքստը զարմանալիորեն նման է նախորդին՝ չնայած այս անգամ ստորագրված է ոմն Անահիտ Անանյան անունով։

Մեդիագրագիտություն խմբի շնորհիվ շուտով պարզվում է, որ բացարձակ անհայտ էլեկտրոնային հասցեից մի շարադրություն է եկել (նամակի տեքստը կցված է նյութի վերջում*), որը մի շարք լրատվականներ հրապարակման արժանի մամուլի հաղորդագրություն են համարել և տարածել են:

Լավ, մի կողմ թողնենք, որ մեր մամուլը շատ է սիրում հրապարակել ամեն ինչ, ինչ գալիս է իրենց էլեկտրոնային հասցեին (շնորհակալ լինենք սփամ ֆիլտրերին, թե չէ լրահոսում կկարդայինք նաև Նիգերիայի թագավորի միլիարդներ կազմող ժառանգության և վիագրայի լավ առաջարկների մասին)։

Մի կողմ թողնենք նաև այն, որ նման տեքստը առանց մշակելու, հղում կատարելու որպես սեփական նյութ ներկայացնելը լավ բան չէ։

Բայց «էդ անտերը» ու իրան կից արձանը Երևանի կենտրոնում են գտնվում։

Չեմ ասում այնտեղ լրագրող ուղարկել (չնայած՝ «Արմենպրես»-ի խմբագիրները չալարեցին, ուղարկեցին)։

Չեմ ասում զանգել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն ու հարցնել։ Ո՞վ հավես ունի։ Դժվա՞ր էր Կենտրոնում ապրող մի ծանոթ գտնել, խնդրել, որ ստուգի։

Բայց այս պատմությունը շարունակություն ունեցավ։

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը ստիպված պաշտոնապես հերքեց լուրը։ «7 օր»-ը դա հրապարակեց՝ հավելելով, որ իրենք «ավելի վաղ տեղեկացրել էին, որ կտրել են Կասկադ համալիրի մոտ տեղադրված Հռոմեացի զինվորի առնանդամը»։ Այնպիսի տպավորություն է, որ իսկապես կտրել էին…

Բայց սա էլ վերջը չէր։ Հերքումից երեք ժամ հետո «168 Ժամ»-ը որոշեց իր ներդրումն ունենալ և  ի լուր աշխարհի հայտնեց՝ «Կոտրել են Հռոմեացի զինվոր արձանի առնանդամը (լրացված)»։ Հիմա էլ պարզվում է՝ կոտրել են «էդ անտերը»…

Այս ամենից հետո մտքովս միջնադարյան մի ասացվածք անցավ`«Lingua Latina non penis canina»:

*Լրատվականների կողմից ստացված նամակի տեքստը

«Ես չեմ հասկանում ինչո՞ւ են հայերն այսքան դաժան դարձել, որտեղի՞ց այսքան ատելություն: Ատելությունն արդեն անցել է բոլոր սահմանները, իրար ատելուց բացի ատում են արձանները: Դեռ մարդը մարդուն ատելը կարելի է տրամաբանորեն հասկանալ, բայց արձան ատելը նոր մշակույթ է: Որքա՞ն պետք է խոշտանգեն մեր արձանները:

Հիմա էլ որոշ արձանատյացներ կտրել են Հռոմեացի զինվորի առնանդամը: Ի՞նչ անուն տանք նրանց, երեւի տառապում են սեփական մարմնի մասերի թերարժեքության բարդույթով, որ արձանի նկատմամբ նման յուրահատուկ մոտեցում են դրսեւորում, ախր ոնց կարելի է նախանձել արձանին:

Մեր ժողովրդին պետք է արձանների հետ հաշտեցնել, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի մենք կմնանք առանց արձանների»:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *