2019.05.14,

Քննադատ

Երբ լրատվական առիթ է դառնում ոչ այն, ինչը նախապատրաստվել էր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Մարտի 1-ի գործով մայիսի 13-ին սկսված առաջին նախնական դատական նիստը, որտեղ գլխավոր մեղադրյալը Հայաստանի երկրորդ նախագահն է, ստացվեց աղմկոտ։

Նիստի ընթացքը՝ միատարր տերմինաբանությամբ ու մռայլ մթնոլորտով մեծ հաշվով լրատվական ակտիվ լուսաբանման առիթ չէր տալիս: Ավելի հետաքրքիր էր հետևել, թե ինչ է կատարվում դատարանի մուտքի մոտ ու բակում:

Կային Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ հիմնականում թանկարժեք տպագրությամբ պաստառներով, տարբեր մարդիկ, որոնք գոռում էին «Նիկոլ, վարչապետ» կամ «Ազատություն», լրագրողների խմբեր, որոնք ռեպորտաժների համար խոսող դերակատար էին որոնում, և կար իր քաղաքական ակցիաները միշտ միայնակ իրագործող Վարդգես Գասպարին:

Եվ հենց նա դարձավ ամենազգայուն լրատվական առիթը, որը ստվերեց Քոչարյանի «աջակիցների դաշինքի» նախատեսված ցույց-աջակցությունը:

Դատական նիստի ընթացքում Գասպարիի դեմ կիրառվեց բռնություն: Քոչարյանի աջակիցները դատարանի շենքում հարվածեցին նրան շշով ու խլեցին ձեռագիր պաստառը, որի վրա գրված էր «Ռոբիկ մարդասպան, Ռոբիկ սրիկա»:

Գասպարին շարունակեց իր բողոքն առանց պաստառի, բակում, արդեն ավելի շատ լրագրողների աչքի առաջ՝ վկայակոչելով իր վնասված այտոսկրն ու դիմելով բոլորին՝ հարգելու մարդու արժանապատվությունը:

Գասպարին ֆենոմենալ անձ է հետսովետական Հայաստանում: Տարիներ շարունակ նա նախաձեռնում ու իրականացնում է միայնակ բողոքի ակցիաներ, որոնք շատերի տեսակետից՝ դատապարտված են տապալման:

Մեկ մարդը, որը դիմում է ճարահատյալ քայլերի՝ պառկում է գետնին, պաստառները սեղմած կրծքին կամ խոսելով անարդարությունից, միշտ ընկալվել է որպես մարգինալ, կիսախելագար անձ:

Նրան ծեծել են, նվաստացրել, կալանավորել, հեգնել, ծաղրել, նորից ծեծել ու վիրավորել, ուղարկել հոգեբուժարան (շարունակելով սովետական պատժիչ ավանդույթները), իսկ նա նորից և նորից եկել, պառկել, կամ լուռ կանգնել, կամ գոչել է, բայց չի «խրատվել», չի հաշտվել:

Պարզապես ասել է, ինչ համարել է ճիշտ, արել այն, ինչը գտել է ճիշտ:

Ու այդ ամենի համար պատասխան է տվել սեփական մարմնով, ավելի ճիշտ վճարել մարմնական վնասվածքներով, բայց ինքը երբեք չի հարձակվել, ֆիզիկական բռնության չի դիմել:

Նա գիտի, որ դա չի օգնի բրգաձև-կիսագողական իշխանական համակարգում:

Նման համակարգերը Գասպարիի պես մարդկանց չեն կարող տեղավորել իրենց տրամաբանության կոդի մեջ, նա միշտ դուրս է, քանի որ նրան լսող ու բանի տեղ դնող չի եղել: Ընդունված էր բանի տեղ դնել «լուրջ» մարդկանց, այսինքն՝ կապեր ու փող ունեցողներին: Իսկ Գասպարին ոչ միայն «լուրջ» չէ, այլև չի վախենում չլինել «լուրջ»:

Մայիսի 13-ին իրավիճակը կտրականապես փոխվեց, Գասպարիի հետ կապված միջադեպը ստացավ զարգացում ու հարուցվեց քրեական գործ՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Դեպքի առիթով մի քանի մարդուց բացատրություն պահանջվեց, այդ թվում նաև 5-րդ ալիքի սեփականատիրոջից:

Բայց ճակատագրի հեգնանքով Վարդգես Գասպարիի անունն այլևս անբաժան է Ռոբերտ Քոչարյանի անունից, քանի որ բոլոր որոնման համակարգերը նրանց երկուսին ակամայից դարձրեցին լրահոսի դերակատարներ:

Քոչարյանը, որը նույնացվում է լրատվական ու ֆինանսական հզոր թիկունքի հետ, դատվում է առաջին անգամ, իսկ Գասպարին դա արել է բազմաթիվ անգամներ:

Քոչարյանը «լուրջ» մարդ է՝ փողով, կապերով, իր կապերն ու փողերը ծանրութեթև անող, փակ լինելու ջատագով, իսկ Գասպարին՝ ոչինչ չունի ու բաց է այդ ոչնչով:

Քոչարյանը նույնացվում է պատժիչ-կողոպտիչ հսկա համակարգի հետ, իսկ Գասպարին այդ համակարգի «վիրուսն» է, որը տարիներ շարունակ մաշել է անհատին (նշանակություն չունի, թե ինչպիսի) բանի տեղ չդնող համակարգն իր քայլերով (թեկուզ այն բանով, որ ասել է՝ ինձ դիմեք Դուք-ով, ոչ թե դու-ով):

Համակարգը նրան անտեսել ու ստորացրել է, համարել է անտրաբանական, անիմաստ, բայց հիմա ստիպված է ընդունել, որ տապալվել է վերջնականապես:

Թեկուզ միայն այն բանի պատճառով, որ լրատվական առիթը Գասպարին է, ոչ թե այլ մեկը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *