2017.03.04,

vox populi

Երբ «Իրավունքն» է խախտում լրագրողի իրավունքը

Ինչու՞ մեզանում չի կայանում լրագրողի ինստիտուտը: Ինչու՞ հասարակության խնդիրների ու ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնողների այդ շերտը հաճախ ամենաոտնահարվածն է իր իրավունքներով:

Ինչու՞ է այդքան հեշտ լրագրողին գնելը՝ ցածր օրավարձով կամ ամսավարձով, և լրագրողական ստրկական աշխատուժի շնորհիվ նոր կայք կամ այլ լրատվամիջոց բացելը: Հաճախ երկրիս նվազագույն աշխատավարձից էլ ցածր գումարով աշխատող լրագրողները հանուն ինչի՞ պիտի արհեստավարժորեն և բարեխղճորեն կատարեն իրենց լրագրողական պարտականությունները և ինչու՞ պիտի երկիր մենաշնորհած մենատնտեսն ու օրենքն ու ուժը իրենով արած թաղային հեղինակությունը չչարախնդան նրանց դեմքին՝ հեգնելով ու արհամարհելով իրենց ուղղված ցանկացած հարց՝ նախքան այդ «մուրացիկի» դեմքին իրենց թանկարժեք մեքենայի դուռը շրխկացնելը:

Ինչու՞ մեզանում չեն գործում լրագրողական համքարությունները, որոնց հետ ուզեր թե չուզեր ստիպված հաշվի կնստեր ցանկացած լրատվամիջոցի սեփականատեր և մեծ ու փոքր գործարքների գնացող մեկը, ով կփորձեր հանդես գալ լրագրողի անվան տակ, նաև ցանկացած լրագրող, ով կփորձեր կերակրվել էժանագին հրապարակումների կերակրատաշտից: Այդպիսիններին արհեստավարժ և իրենց մասնագիտությանն արժանապատվորեն մոտեցող լրագրողներից կազմված համաքարությունը դուրս կմղեր իր հեղինակավոր շրջանակից և լրագրողական համայնքի համար կհայտարարեր «պերսոնա նոն գրատա»: Ինչու՞ է սկսել առավել կարևորվել լրագրողի «վազող», քան մտածող, վերլուծող, համադրող, հետաքննող տեսակը:

Ինչու՞ է նախապատվությունը տրվում դեռևս ուսանող կամ լրագրության հետ որևէ առնչություն չունեցած կադրին, քան կայացած, փորձառու լրագրողին: Ինչու՞ են լրատվամիջոցների տերերն առավել հակված վճարել էժանագին սկանդալային հրապարակումների համար, քան լուրջ, ծանրակշիռ, արհեստավարժ նյութերի: Սպառողական հասարակության լրագրողը ևս այսօր դարձել է սպառման առարկա: Եթե նա դիտումներ և լայքեր է հավաքում, ապա որպես ապրաք կվաճառվի, ասել է թե՝ կվճարվի: Կարևոր չէ, որ այդ դիտումներն ու լայքերը հակադարձ համեմատականի մեջ են հիմնականում լինում  հրապարակման բովանդակության ու որակի հետ: 

Սոցցանցերի օգտատերերից շատերը կվկայեն, որ գրեթե ամեն օր իրենց դիմում են անծանոթ օգտատերեր՝ այս կամ այն հրապարակումը լայքելու խնդրանքով: Շատ մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչու:

Ինքս, որ հաճախ եմ որպես դասախոս իմ ուսանողներին բանիմաց մեկի պես խորհուդր տվել՝ ինչպես վարվել, երբ ոտնահարվում է լրագրողի աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքը, ընդամենը վերջերս հայտնվեցի նման մի պատմության մեջ: Դիմեցի iravunk.com կայքին՝ իրենց համար հոդվածներ գրելու առաջարկով: Իմանալով, որ իրենց դիմողը երկար տարիների լրագրող է, ով հոդվածներ գրելու փորձ և հմտություն ունի, նրանք անմիջապես համաձայնվեցին:

Մի քանի անգամ տրված հարցիս, թե որքան եմ վճարվելու յուրաքանչյուր հրապարակման համար, ստացա անորոշ և խուսափողական պատասխան: Կոնկրետ գին չենք կարող ասել, դա կախված է դիտումների քանակից՝ ասացին: Մարդկայնորեն վստահելով, նաև ենթադրելով, որ ինչքան էլ վճարեն, շուկայում առկա նվազագույն գնից ցածր չեն կարող վճարել, գործի անցա: Հենց սկզբից տեր չկանգնելով լրագրողի իմ իրավունքին՝ ես նրանց այն խախտելու հնարավորությունն ընձեռեցի նախապես:

Մինչդեռ ընդունված կարգը սա է: Եթե լրատվամիջոցը համաձայնվում է  տվյալ անձի նյութերը հրապարակել, նրա հետ նախապես պայմանագիր է կնքում, որտեղ նշվում է նաև  հրապարակման նվազագույն վճարը: Iravunk.com-ը ինձ հետ նման պայմանագիր չկնքեց:

Մեկ ամսից ավելի ժամանակահատվածում ես այդ  կայքում ունեցա 15 հրապարակում, որոնցից և ոչ մեկն ավելորդ խմբագրման չենթարկվեց և գլխավոր խմբագրի կողմից արժանացան գովասանքի: Դիտումների քանակին տվյալ կայքում հետևելու հնարավորություն չկա: Ինչ վերաբերում է լայքերին, իմ բոլոր նյութերը բազմաթիվ հավանությունների արժանացան: Ստացվում է, որ իմ հոդվածները նրանց այդ պահանջին էլ տվեցին բավարարում:

Փետրվարի վերջին նրանք ինձ կանչեցին՝ դեկտեմբեր ամսվա 4 նյութերիս դիմաց վճարվելու: Ասել է թե՝ տվյալ լրատվամիջոցը երկու ամիս ուշացումով է իր աշխատողներին աշխատավարձ վճարում: Երևույթ, որ ցավոք սրտի վատ ավանդույթ է դարձել շատ ու շատ հայրենական լրատվամիջոցների համար: Ամենահեռուն գնացող երևակայությամբ ընթերցողին շտապում եմ հիասթափեցնել՝ մատնանշելով այն գինը, որը ես ստացա յուրաքանչյուր հրապարակման համար՝ 500 դրամ: Դաշտում գործող լրագրող գործընկերներս շատ լավ տեղյակ են այսօրվա գներին: Եթե խոսքը լուրին է վերաբերում, անգամ ուսանողներին դրա դիմաց վճարում են 2-4 հազար դրամ: Իսկ հոդվածների գները սկսում են 7-10 հազարից՝ որոշ լրատվամիջոցներում հասնելով մինչև իսկ 20 հազարի: Մինչդեռ իրավունքի անունից հանդես եկող հավակնոտ անունով կայքը, իր թիկունքում ունենալով իրավական որևէ կաշկանդիչի առումով անձեռնմխելի մանդատով սեփականատեր, թույլ է տալիս իրեն նման  գծուծ և անազնիվ վերաբերմունք դրսևորել լրագրողի հանդեպ:

Ավելին, իսկ երբ այդ լրագրողը փորձում է պահանջել իրեն հասանելիք վճարը՝ իրազեկելով նախապես, որ պահանջը չբավարարվելու դեպքում կդիմի խնդրի հրապարակայնացմանը, նրան «Իրավունք-Մեդիա» ՍՊԸ-ի իրավախորհրդատու ոմն Թադևոս Աբգարյանի միջոցով սպառնում են, որ արածը շանտաժ է և քրեորեն հետապնդելի: Երբ իր աշխատասենյակը՝ ասել է թե հասարակական վայրը, ծխախեղդ արած փաստաբանը՝ գլանակը ձեռքին ինձ բացատրում էր օրենքի տառն ու ոգին, մտածում էի, թե իրե՛ն ինչու չեն բացատրել նույն օրենքի տառն ու ոգին առ այն, որ աշխտավայրում ծխելն օրենքով արգելվում է: Լրագրող ընկերներս անտարբեր չանցան ինձ հետ կատարվածի կողքով, ինչը մասնավոր դեպք չէր, որի կողքով կարելի էր ուղղակի մեծահոգաբար անցնել,  և հորդորեցին՝ չհրաժարվել խնդիրը հրապարակայնացնելու մտքից: Եվ ես չհրաժարվեցի:

Արաքս Պողոսյան,
Լրագրող, ԵՊՀ դասախոս

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

4 Responses to “Երբ «Իրավունքն» է խախտում լրագրողի իրավունքը”
  1. Արման Ղարիբյան says:

    Բա փորձառու լրագրողը կաշխատի Իրավունք թերթում?
    Հարգելի Արաքս, շատ ուրախ եմ, որ որոշել եք բարձրաձայնել, իսկապես խախտվել են Ձեր իրավունքները: Ծիծաղելի է փորձառու լրագրողին 500 դրամ հոնորար առաջարկելը, երբ 11 տարի առաջ գրած իմ առաջին նյութերի համար ես 1500 դրամ էի ստանում: Սակայն չեմ կարողանում նաև հասկանալ, թե Դուք ինչու եք ցանկացել համագործակցել այդ թերթի հետ: Իրավունքը հայտնի է որպես այլախոհներին հայհոյող, զրպարտող թերթ՝ իր խմբագրի հետ միասին: Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը, թե ինչու եք համագործակցել նման համբավ ունեցող թերթի հետ:

  2. Արաքս says:

    Պատասխան Արմանին
    Հարգելի Արման, ճիշտն ասած, ես առավել կրթական, մշակութային թեմաներով եմ նախընտրում գրել: Ժամանակին քաղաքական թեմայով շատ եմ գրել: Բայց տեսնելով, որ օրեցօր անլրջանում է քաղաքական դաշտը, թողեցի դրա մասին գրելը: Իսկ iravunk.com-ը համաձայնվեց իմ նախընտրած թեմաներով հոդվածներ տալուն: Սա էր մեն ու միակ պատճառը, որ ես իրենց նյութեր տվեցի:

  3. Vardan says:

    Harc
    vortex karox em kardal dzer [email protected] nshvac [email protected] shat hetaqrqir e indz canotanal dzer hodvacnerin

    1. Gegham says:

      ուղղակի Իրավունքի կայքում
      ուղղակի Իրավունքի կայքում որոնեք Արաքս Պողոսյանի անունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *