2012.05.02,

Քննադատ

Երբ ենթադրությունը լուր է դառնում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Մեզ արդեն ընտելացրել են, որ հեռուստատեսային լրատվական դաշտում ինֆորմացիան հիմնականում մատուցվում է դրական քողի ներքո ու դրական եղանակով: Մի խոսքով՝ ուրախ: Մանավանդ այն դեպքերում, երբ խոսքը պետական մարմինների կամ այրերի քայլերի, հայտարարությունների ու որոշումների մասին է: Դա թերեւս արվում է ոչ միայն պետական կառույցների PR-ի նպատակով, այլեւ հեռուստադիտողի աչքն ու միտքը շոյելու համար: Ոչինչ, որ լրահոսի պլուս նշանը ապահովելու համար տուժում է վերլուծությունը կամ էլ պարզ մարդկային տրամաբանությունը: Ինչպես ասում են՝ կարեւորը դրական մղումն է, որն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան բուն լուրն ու լուրից բխած հարցադրումները: 

Օրինակ, հեռուստացույցը կարող է պնդել, որ ցնցող մի բան է տեղի ունեցել, մինչդեռ դա պնդող լրագրողը հիմնվում է ոչ թե կատարվածի, այլ ենթադրվող կատարվելիքի վրա: Սակայն քանի որ այդ ենթադրությունը հնչել է իշխանավորների շուրթերից, լրագրողն իրեն իրավունք է վերապահում այն ներկայացնել որպես վերին ճշմարտություն ու անբեկանելի իրողություն:

Մոտավորապես հենց դա տեղի ունեցավ, երբ Երեւանի Մաշտոցի պուրակ այցելեց (այցը ներկայացվում էր որպես հանպատրաստից, սակայն չգիտես՝ ինչու ուղեկցվում էր տասնյակ տեսախցիկներով) ՀՀ նախագահն ու ասաց, որ պուրակում տեղադրվող մետաղային խանութները գեղեցիկ չեն ու աչք չեն շոյում: Այդ գեղագիտական գնահատականը ՀՀ նախագահը (ում չգիտես՝ ինչու հեռուստատեսությունը կոչում է «երկրի ղեկավար») հայտնել էր Երեւանի քաղաքապետին մտերմիկ տոնով ու խորհրդի տեսքով: Հնչել էր նաեւ հորդոր՝ ուղիներ գտնել խանութները ապամոնտաժելու համար: Քաղաքապետը պատասխանել էր՝ սեղմ ժամկետներում կփորձենք անել: 

Սակայն բոլոր հեռուստաընկերություններն իրենց լրատվական թողարկումներում զետեղել էին «Կրպակները ապամոնտաժվում են» սենսացիոն տեղեկությունը, որը պիտի ազդարարեր բնապահպանների ամիսներ տեւող պայքարի ուրախ ավարտը: Արդյո՞ք դա փաստ է: Իհարկե, ոչ: Ըմդամենը ենթադրություն է, եւ այն էլ նման որոշում ընդունելու մեխանիզմ չունեցող պաշտոնյայի ենթադրությունը: Վերջիվերջո, քաղաքապետարանը ինքնավար մարմին է, որը չի գտնվում ՀՀ նախագահի ենթակայության տակ եւ այդ պատճառով էլ «ոչ գեղեցիկը» ապամոնտաժելու պաշտոնական որոշում դեռ չկա: Միգուցե չի էլ լինի… Բայց այդ մասին լրագրողները «մոռացել» էին հայտնել կամ էլ պարզապես ուշադրություն չէին դարձրել: Մեր հեռուստալրագրողները ընդհանրապես շատ անուշադիր են դարձել: Ու դյուրահավատ:

Երբ լրագրողը չի էլ փորձում տրամաբանել ու ավելորդ գլխացավանքից խուսափելու համար պարզապես խոսքեր է մեջբերում, արդեն ավելորդ է խոսել լրագրողական էթիկայի, խելքի ու պրոֆեսիոնալիզմի մասին: Արդեն ժամանակն է մեղադրել նրան ապատեղեկատվություն տարածելու մեջ:

ՀՀ նախագահն ասել է այն, ինչ իրեն պետք էր (ի վերջո, նախընտրական թեժ ժամանակ է), Երեւանի քաղաքապետը պատասխանել էր այն, ինչ իրենից պահանջվել էր: Իսկ լրագրողները ոչինչ չեն ուզել եւ այդպես չուզելով էլ՝ ռեպորտաժներ են եթեր ուղարկել: Եթե ուզեին, գոնե կմտածեին, որ ինչ-որ բան (կամ էլ միանգամից մի քանի բան) այս պատմության մեջ սխալ է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *