2019.02.18,

Տեսակետ

«Երբեմն սկսում ենք բացատրություններ տալ մեր չարածի կամ չասածի համար»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր և կառույցի գործունեությունը հանրայնացնելու համար նախընտրում է Ֆեյսբուքը, քանի որ այդ սոցցանցում չկան բառերի նենգափոխումներ, որոնց նա հանդիպում է լրատվամիջոցների հետ շփումներում:

Մեդիայի հետ աշխատելու համար նա կարևոր է համարում վստահությունը: Մի քանի ամիս առաջ նա լուրջ մեդիա գրոհի թիրախ դարձավ, բայց կարողացավ շահած դուրս գալ ու հիմա նրան կարելի է համարել ամենացանկալի, թափանցիկ ու բաց նախարարներից մեկը:

Քանի որ առողջապահության ոլորտը խոցելի է, նա անձամբ է ստանձնել խնդիրներն ու դրանց լուծումները մարդկանց ներկայացնելու պատասխանատվությունը (համենայնդեպս, մենք գրեթե չենք տեսնում, որ լրահոսում հայտնվեն փոխնախարարները կամ այլ ծառայողներ):

Արսեն Թորոսյանը սիրում է զբոսնել քաղաքով ու զրուցել մարդկանց հետ, դա նույնպես համարելով իրազեկմանն ուղղված քայլ:

Եվ խոստովանում է, որ գնալով պահանջները դառնում են անձնական, սկսում են պահանջել ամեն ինչ իրենից և ոչ թե գերատեսչությունից:

Մեդիայի հետ Ձեր հարաբերությունները սկզբում կնճռոտ էին։ Ո՞ր կողմն առաջին քայլն արեց դեպի հաշտեցում:

Մեդիադաշտում ակտիվ եմ եղել նախքան նախարար դառնալը, ժամանակին շատ հարցազրույցներ եմ ունեցել, ինքս եմ հոդվածներ գրել, ռադիոյում և հեռուստատեսությամբ ուղիղ եթերում ելույթ ունեցել:

Բայց երկու սուր դրվագ եղավ: Առաջինն իմ նշանակման պահին էր, երբ որոշ խմբեր փորփրեցին իմ ֆեյսբուքը և գտան երեք արտահայտություններ, որոնց վրա կառուցվեց այսպես կոչված հիստերիա, սև PR:

Կարծում եմ՝ դա արվեց չմտածված, որովհետև մարդկանց ֆեյսբուքյան այդ զանգվածը քաղաքական նպատակ չուներ և հավատում էր հիմնականում միֆերի, առասպելների: Այդ հիստերիան ունեցավ մի քանի շաբաթվա կյանք:

Երկրորդն արդեն ուներ հստակ ենթատեքստ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից սկսեցին հստակ արձագանքել իմ գործողություններին: Ինձ համար անհասկանալի պատճառներով այս քննարկումները երկար կյանք ունեցան, թեև չէին կարող ազդել տեղի ունեցած և սպասվող պրոցեսների վրա: Նպատակ էր դրված սևացնել ինձ այնքան, որ չվերանշանակվեմ, հրաժարական տամ և այլն: Հատուկ ոչինչ չեմ արել, որ աղմուկն անցնի:

Մենք հիմա հանրայնացնում ենք այն աշխատանքները, որոնց ամիսներով նախապատրաստվել ենք: Այս շրջանում հասունացել է կիզակետային պահը՝ ցույց տալու բոլոր մշակված ծրագրերը, որովհետև պատրաստման պահին հնարավոր չէր խոսել դրանց արդյունքների և ազդեցության մասին: Հիմա այդ ծրագրերն են դարձել քննարկման նյութ մեդիայի համար:

Հաղորդակցության միջոցների հատուկ փոփոխություն չենք արել:

Կարծես հաղորդակցության ողջ բեռը վերցրել եք Ձեր ուսերին և անձամբ եք կապում մարդկանց նախարարության հետ:

Դեմ չեմ այդ ձևակերպմանը, սակայն այդ գործելաոճը հատուկ է մեր ողջ կառավարությանը: Մենք այդպես ենք եկել իշխանության՝ շփվելով, ուղիղ եթերով: Այդ ձևով շարունակում ենք հասարակությանը հաշվետու լինել, սակայն դա չի նշանակում, որ խուսափել կամ խուսափում եմ լրագրողների հետ շփումներից:

Այո, վերցրել եմ նման պատասխանատվություն և հաճախ ինքս եմ ասում բաներ, որոնք նախկինում ասվում էր նախարարության անունից: Իրավիճակը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի, քանի որ պահանջները դառնում են անձնական, և մարդիկ սկսում են ամեն ինչ պահանջել քեզանից, այլ ոչ թե կառույցից:

Մյուս կողմից՝ մարդիկ տեսնում են իրենց հետ հաղորդակցվող, հասանելի պաշտոնյային, որը նախարարության երկու հարյուր հոգանոց անձնակազմով ամորֆ մարմին չէ:

Կշեռքի նժարները հավասարակշիռ պահելու կարիք կա: Ես անձնապես չեմ կարող գնալ հիվանդի կյանքը փրկել, ինչքան էլ որ ցանկանամ, բայց պատասխանատվություն ունեմ, որ Հայաստանում կյանքեր փրկվեն:

Եթե անձնավորված ու թափանցիկ կառավարումը նոր կառավարության գործելաոճն է, ինչու՞ այլ նախարարներ նույնքան բաց չեն:

Ճիշտն ասած՝ ես չեմ կարող գնահատել: Միգուցե մենք մի քիչ ավելի շատ ենք ուշադրություն դարձնում հաղոդակցությանը՝ նաև ստիպված, որովհետև մեր ոլորտն ավելի առանձնահատուկ է և ավելի խոցելի: Խոցելի ենք մենք որպես կառույց, և հասարակությունն է ավելի խոցելի առողջապահության խնդիրներով:

Առողջապահության նախարարությունը Հայաստանի պես զարգացող երկրներում, որոնք դեռ չունեն այն կատարյալ համակարգը, որին ձգտում ենք, միշտ լինելու է ուշադրության կենտրոնում: Ոլորտը բոլորին է սպասարկում:

Եվ ի տարբերություն այլ ոլորտների, մենք ունենք 3մլն 300 հազար շահառու՝ ներառյալ դեռ չծնված երեխաները (ծիծաղում է):

Դուք բոլորի՞ համար եք հասանելի:

Մարդիկ վիրահատությունից առաջ կարող են զանգել իմ անձնական հեռախոսին և խնդրել ինչ-որ միջամտություն: Երբ ինքդ ես զբաղվում այս կամ այն հարցով, ինստիտուտներն ավելի դանդաղ են կայանում:

Այս շրջանում որոշակիորեն նորմալ եմ համարում այս իրավիճակը, հետո անհրաժեշտ կլինի դուրս գալ այդ հորձանուտից: Իհարկե կարևոր է օգնել ինչ-որ մեկին, սակայն եթե ժամանակը ծախսես նման կերպ, չես կարողանա մշակել, ստեղծել մի համակարգ, որը կփրկի ոչ թե մեկ, այլ նման խնդիր ունեցող հարյուր մարդու կյանք:

Քչացել են ասուլիսները, խուսափու՞մ եք լրագրողների  հետ ուղիղ շփումներից:

Երբևէ որևէ լրագրողի հարցից չեմ խուսափել, միգուցե հանդիպելու հնարավորություններն են քչացել զբաղվածության պատճառով: Հիմա ավելի շատ կլինենք ԱԺ-ում և լրագրողներին հանդիպելու առիթները կշատանան:

Շփվելու համար ֆեյսբուքն ավելի՞ հարմար է:

Ֆեսյբուքը շատ լավ հատկություն ունի. երբեք չի նենգափոխում քո խոսքերը, դու ասում ես այն, ինչ ուզում ես, և բոլորը լսում են այն, ինչ դու ասել ես: Եվ երբեք չեն վերցնում մի բառակապակցություն և դնում վերնագիր, որը հաճախ չի համապատասխանում բովանդակությանը:

Հաճախ լինում են դեպքեր, երբ ուղիղ խոսքդ չեն գրում չակերտներում, միանգամից ներկայացնում են որպես մեկնաբանված խոսք, որն ընդհանրապես կապ չունի քո ասածի հետ:

Ինչևէ, մենք չենք խուսափում լրագրողների հարցերից, բայց երբեմն կոչ ենք անում, խնդրում ձայնագրությունը մինչև վերջ միացնել և չմոնտաժել, որպեսզի չսկսենք բացատրություններ տալ մեր չարածի կամ չասածի համար:

Առաջանում է տեղեկատվական աղբ, որը ավելի շատ խանգարում է, քան օգնում արդյունավետ աշխատել:

Դաշտում շատ կան առողջապահական ֆեյք նյութեր, ի՞նչ անել դրանց հետ:

Մեր ազգաբնակչության գրագիտության հետ կապված խորն արմատացած խնդիր ունենք, որովհետև կան մարդիկ, որոնք կարող են հավատալ անանուն, կեղծ, առանց գիտական հիմնավորման նյութերին:

Լրագրողների հետ աշխատանք ենք տանում, որպեսզի թեմայից տեղյակ լինեն:

Օրինակ ծխախոտի դեմ պայքարի շրջանակում սեմինար ենք անցկացնում, թե ինչու ենք դա անում, որոնք են ուղերձները: Այդ աշխատանքը պետք է մշտական լինի, քանի որ լրագրողները փոխվում են, նոր լրագրողներ են դաշտ մուտք գործում:

Բայց գործնականում չես կարող կանխարգելել, որ վաղը կբացվի մի կայք ու կգրի ինչ ուզում է՝ չունենալով հասցե, պատասխանատուներ:

Տեսնու՞մ եք հետհեղափոխական շրջանում արհեստական ինչքան կայքեր են մտնում դաշտ, որոնք երբեմն այնքան ծիծաղելի են, որ անգամ հիմարություններին հավատացող զանգվածն արդեն դրանց չի հավատում, որովհետև գործ ունի կատարյալ հիմարության հետ:

Չես կարող որևէ մեկին գտնել և ասել, որ օրինակ այդ նյութը վնասում է երեխաների առողջությանը, քանի որ խորհուրդ է տալիս մորը բարձր ջերմության դեպքում սոդա խմեցնել իր երեխային: Լայն իմաստով լուծումը կրթությունն է, դեռ մանկապարտեզից երեխաները պետք է իմանան ինչ է գիտությունը, ապացուցողականությունը, ում է պետք լսել և ում պետք չէ լսել, որ պետք է լսել բժշկին և պետք չէ լսել հարևանին:

Պետությունը պետք է կրթի, դաստիարակի և ոչ ծնողը, որովհետև պետությունն ունի նման պարտավորություն իր քաղաքացու առջև: Եվ դա չպետք է թողնված լինի ինչ-որ մեկի հայեցողությանը:

Իսկ եթե ծնողը չի՞ վստահում պետությանը:

Կարող է և չվստահել: Դա արդեն պետության խնդիրն է: Եթե չի վստահում, ուրեմն պետությունը լավ չի կազմակերպում այդ գործառույթը:

Ամեն դեպքում պետությունն ունի նման պարտավորություն, չէ՞ որ քաղաքացիները հավաքվել են և ստեղծել մեխանիզմ, որ հոգ տանեն իրենց մասին: Հոգատարությունը նաև կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության համախումբն է:

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *