2011.12.05,

Քննադատ

Եվրատեսիլյան եթեր. առաջին փորձն ու ստացված դասերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Եվրատեսիլ 2011» մանկական երգի մրցույթը, որն անցավ ՀՀ մայրաքաղաք Երեւանում, ուշագրավ էր 2 դիտարկումներով: Նախ՝ իրոք արժեր այդ բավականին մեծ կազմակերպչական բեռը ստանձնել, հասկանալու համար, թե ինչպես են տեխնիկապես սպասարկվում նման մեծածավալ նկարահանումներն ու ուղիղ եթերի ապահովումները: Եվ հետո էլ՝ պետք էր գիտակցել, որ սեփական (ձեռքի տակ եղած) ուժերը վերանայման կարիք ունեն:

Եթե մի կողմ դնենք մրցույթի տոնական բաղադրիչը (մրցույթի գովազդը Հայաստանում բավական համեստ էր) ու ազգային պաթոսը (որը հիմնականում պտտվում էր «աննախադեպ շքեղ շոուի» շուրջ), ապա, որպես հեռուստատեսային արտադրանք, մանկական «Եվրատեսիլը» լավ որակ ուներ: Խոսքն, իհարկե, Մարզահամերգային համալիրի տեղ-տեղ քայքայված օթյակների բազրիքների կամ կադրում հայտնվող վնասված ծածկույթների կամ շոուի վարողներից մեկի ծիծաղ առաջացնող սայթաքումների մասին չէ, այլ հենց նկարահանման որակի:

Եվրոպայի հեռարձակողների միությունը Երեւան էր գործուղել ահռելի քանակի տեխնիկա ու այդ տեխնիակայով աշխատելու ունակ մասնագետների: Ճշգրիտ հաշվարկված պարտիտուրա էր գծվել, որն էլ, բծախնդրորեն մշակված լինելով, բացառել էր որևէ տեխնիկական խոտանի ի հայտ գալը: Գրեթե մաթեմատիկական սխեմաներ էին գծված յուրաքանչյուր օպերատորի, ռեժիսորների ու տարբեր ասիստենտների համար: Ներկա լինելով դահլիճում՝ կարելի էր նկատել՝ որքան սթափ, սառնասրտորեն ու նվիրումով են աշխատում Եվրոպայի տարբեր պետություններից (հիմնականում Շվեդիայից) Հայաստան ժամանած մասնագետները:
Հսկայական սխեմայի մեջ նրանցից յուրաքանչյուրն իր փոքր տեղն ու դիրքն ուներ (կադր առ կադր, վայրկյան առ վայրկյան անում էր այն, ինչը պետք է անի՝ ամբողջական էֆեկտ ապահովելու համար): Եվ անգամ ամենափոքր ու անշնորհակալ գործը արվում էր մեծ պատասխանատվությամբ: Ընդ որում՝ առանց որևէ ցուցադրական կեցվածքի:

Եվ այստեղ ակամայից հասկանում ես, որ լավ աշխատանքի հիմքում պարադոքս կա. չգիտես, թե որն է առաջնայինը՝ սերը դեպի սեփական մասնագիտությու՞նդ, թե՞ պրոֆեսիոնալիզմը: Համենայնդեպս, հեռուստատեսության ոլորտում պրոֆեսիոնալ լինելը նշանակում է, թիմային աշխատանքի մի փոքր «մեխ» կազմելով, վստահ լինել, որ հենց այդ փոքր մեխի պատրաստման մեջ դու չեմպիոն ես, այլ ոչ թե, ասենք, մեխերի գործարանի ապագա սեփականատեր:

Մանկական «Եվրատեսիլի» եվրոպական աշխատակազմի առանցքային դեմք էր շվեդ դերասան-երգիչը, ով, այդպես էլ չհայտնվելով կադրում, ապահովում էր դահլիճի «ջերմությունը»: Ելույթների արանքում նա երգում էր, կատակում, պատանի երգիչների զգեստները ուղղում, մի քանի քաղցր խոսք ասում ու հուշումներով ուղղորդում հանդիսատեսի էմոցիաները: Կարծես հատուկ ընտրված «ոգևորիչ» լիներ: Հիմա պատկերացրեք, որ նման գործ է անում հայկական երգիչ-դերասաններից մեկը, այն էլ ոչ իր անվանական շոուի ընթացքում: Դա հնարավոր բան չէ, քանի որ հավակնություններն ու սեփական անձի գերագնահատումը թույլ չէին տա մեր «աստղերին» իջնել իրենց պատվանդանից եւ անտեսանելի գործ անել:

Գերագնահատումն ընդհանրապես շատ զավեշտալի բան է: Հատկապես շոու-բիզնեսյան հարթակներում:

Իհարկե, մանկական «Եվրատեսիլի» վարող Ավետ Բարսեղյանը մեղավոր չէ, որ անգլերեն լեզվին չի տիրապետում ու ստիպված է բազմաթիվ սխալներով կարդալ թղթի վրա գրված տեքստը: Ի տարբերություն մյուս վարող Գոհար Գասպարյանի (ով շատ օրգանական ու վարպետորեն էր մեկնաբանում բեմական անցուցադարձը)՝ Ավետ Բարսեղյանը տարակուսանք էր առաջացնում: Շատերը հարցնում էին՝ իսկ ի՞նչ լեզվով է խոսում այդ տղան:[[wysiwyg_imageupload:136:]]

Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է «Հ1»-ը (որպես մրցույթի կազմակերպիչ) որոշել ի ցույց դնել անգլերեն լեզվի չիմացությունը և դրանով իսկ վարկաբեկել այդ մրցույթը, ինքն իրեն ու նաեւ մեզ բոլորիս:

Եթե Հայաստան ենք բերել լավ որակի մարդկանց ու տեխնիկա, ապա ինչո՞ւ չէինք կարող համապատասխան որակի սեփական ներկայություն ապահովել: Մենք կարողացանք ընդամենը հերթական ռադիոկայանի մրցանակաբաշխության պես մի բան մոգոնել, մինչդեռ բավական էր վարող դարձնել մի գեղեցիկ ու անգլախոս երեխայի՝ ապացուցելու համար, որ ներուժ ունենք:

Փառք Աստծո, մեր հարստությունը երեխաներ են, որոնք անկաշկանդ են ոչ թե ցուցադրաբար, այլ ըստ էության:

Մի դիտարկում եւս. նկատելի էի, որ հեռարձակվող պատկերը բավական լղոզված ու մշուշոտ էր, մինչդեռ դահլիճում հավաքագրված լուսային սարքավորումները, իրոք, բացառիկ էին Հայաստանի համար («բացառիկ» բառն այստեղ տեղին է, քանի որ ներկրված տեխնիկայի նման զինանոց մենք պարզապես չունենք): Իսկ խամրած պատկերի պատճառը «Հ1»-ի արբանյակային հեռարձակման անորակությունն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *