2016.07.25,

Նյուսրում

Ես եմ մեդիան. ուսանողները՝ մեդիայի դերի մասին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

«Ես եմ մեդիան, որովհետև բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ կոտրել կարծրատիպերը ու լինել այնպիսին, ինչպիսին կուզեի լինեին բոլորը՝ շնորհիվ մեդիայի: Կուզեի մեր մեդիան տեսնել ազատ, անկախ, բոլոր տեսակի կաղապարներից դուրս ու ճշմարիտ»,- ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող Հայկուհի Գրիգորյանը՝ «Ես եմ մեդիան» մրցույթի այս տարվա հաղթողը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ անգամ է անցկացնում «Ես եմ մեդիան մրցույթը»՝ այս անգամ մասնակիցներին առաջարկելով աշխատանքներ ուղարկել 5 թեմաներով՝

  • Ես վստահում եմ /չեմ վստահում լրատվամիջոցներին
  • Ես նայում եմ աշխարհին մեդիայի միջոցով
  • Ես հաղորդում եմ պատրաստում  
  • Ես՝ պատերազմական լրատվության ու քարոզչության խաչմերուկում
  • Ես եմ մեդիան

Մրցույթին ներկայացված 18 հայտերից մրցանակների են արժանացել լավագույն 4 աշխատանքների հեղինակները:

Հայկուհի Գրիգորյանը՝ մրցույթի ժյուրիի անդամ Լիլիթ Գալստյանի հետԱպրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իր լրագրողական փորձի և անձնական ապրումների մասին էր գրել 2-րդ մրցանակին արժանացած Մարիամ Մկրտչյանը:

«Հասարակության յուրաքանչյուր անդամ մեդիայի կրողն է, մեդիան փոխանցողը: Կարծում եմ՝ մեդիան հասարակության միավորման հիմնական միջոցն է»,- ասում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Մարիամ Մկրտչյանը: 

Մյուս մրցանակակիրներն ընտրել էին «Ես եմ մեդիան» խորագիրը՝ յուրաքանչյուրն իր ձևով ընկալելով ու ներկայացնելով մեդիայի «կերպարը», դերն ու անելիքը ժամանակակից հասարակությունում:

3-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Քրիստինե Սոլոյանը:

«Չենք կարող խուսափել մեդիա լինելուց, քանի որ անընդհատ շփվում ենք մարդկանց հետ, տեղեկատվություն ենք ստանում ու տեղեկատվություն ենք փոխանցում ցանկացած պահի: Մենք ծնվում ենք մեդիա: Իսկ հիմա նաև ժամանակն է պարտավորեցնում լավ մեդիա լինել, քանի որ այսօր մարդիկ ավելի շատ են շփվում տեղեկատվության հետ»,- ասում է Քրիստինեն:

Քրիստինե Սոլոյանը և մրցույթի ժյուրիի անդամ Լիլիկ Ստեփանյանը«Ես եմ մեդիան» մրցույթի խրախուսական մրցանակը բաժին ընկավ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սուրեն Ստեփանյանին, որի կարծիքով՝ լրագրողները պետք է ավելի բարեխիղճ ու ինքնակրթվող լինեն, քանի որ նրանց կրթության թերի ու ոչ լիարժեք լինելը կարող է վնասել մարդկանց:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ) ակտիվորեն զբաղվում է Հայաստանում մեդիագրագիտության տարածմամբ՝ համագործակցելով դպրոցների, բուհերի, պետական ու հասարակական կազմակերպությունների հետ: «Ես եմ մեդիան» մրցույթը հնարավորություն է ուսանողների համար՝ խորհելու և պատմելու իրենց կյանքում մեդիայի դերի, լրագրողների ու լրատվամիջոցների աշխատանքի մասին:

Սուրեն Ստեփանյանը և մրցույթի ժյուրիի անդամ Գեղամ ՎարդանյանըՄՆԿ-ի մեդիագրագիտության նախագծերը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մաս են, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Այս տարի հաղթողների մրցանակների համար աջակցություն են ցուցաբերել նաև «Յուքոմ» ընկերությունը, «Բարքեմփ Երևան» նախաձեռնությունը, «Զանգակ» հրատարակչությունը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն։  

«Ես եմ մեդիան» մրցույթի հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am-ի Vox Populi բաժնում:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *