2011.12.02,

Տեսակետ

«Եթե մեր տեսածն ու լսածը տափակ ու անհետաքրքիր է, ուրեմն «սուտ է»»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Ճարտարապետ, փիլիսոփայության գիտակ ու պատմվածքների հեղինակ Միսակ Խոստիկյանը սովորաբար շատ զգույշ է իր դիտարկումների մեջ՝ գերադասելով կոնկրետ զրույց վարել: Սակայն այս հարցազրույցում նա ստիպված եղավ լարախաղացի նման մանևրել փիլիսոփայության ու մեդիա անալիզի միջև:

Մեդիան մի տիրույթ է, որտեղ տարբեր ոլորտներ են խաչվում ու միահյուսվում: Այս դաշտում երբեմն շատ յուրատեսակ կոմպոզիցիաներ են ի հայտ գալիս, որտեղ իրական ցավը, հումորն ու խոսքի հետ վարվելու պատասխանատվությունը իրար չեն հակասում: Ավելի շուտ՝ լրացնում են:

 

Որպես մեդիա սպառող, ինչպիսի՞ խնդիրներ եք նկատում ինֆորմացիայի մատուցման ու ներկայացման մեջ:

Կարող եմ անդրադառնալ ինֆորմացիոն ոլորտում (այն ինչը կարդում, լսում կամ տեսնում ենք) անալիտիկ խոսքի պակասին: Այն եղած հղանցքները (կոնցեպտները, տերմինները, ապարատը, գործիքները. ինչպես ուզում եք, անվանեք) ու մշակվող խնդիրները հաճախ իրար չեն համապատասխանում:

Ինֆորմացիոն դաշտում աշխատող մարդիկ սովորաբար վերցնում են մի կոնտեքստում գիտականորեն մշակված որևէ «գործիք» ու կիրառում են այն իրենց «տեղայնքը» մշակելու համար: Եվ այդ կերպ քննարկվող եզակի իրադարձությունը դառնում է ընդհանուր սկզբունքի ինչ-որ մասնավոր դեպք:

Եթե աշխարհում ինչ-որ բան են հետազոտում, ապա այստեղ էլ սկսում են նույնը անել: Եթե աշխարհը զբաղված է, օրինակ, կանաչ սպանախի երաժշտության ուսումնասիրմամբ, ապա այդ երաժշտության փնտրտուքը մենք կատարում ենք նաև Հայկական բարձրավանդակում (որն, ի դեպ, երբեք իր ճիշտ անվանումով չի կոչվում, այլ նշվում է որպես Հարավային Կովկաս): 

Այսինքն՝ եզակին մասնավորեցվում է և դրանով իսկ սպանվում: Մինչդեռ հետաքրքիրը հենց եզակին է, որն համընդհանուր է հենց իր եզակիությամբ: 

Գերադասելի կլիներ, որ անալիտիկ ու քննադատական «գործիքներ» կոչվածները ոչ թե ներկրվեին ու փոխառնվեին, այլ տեղում արտադրվեին: Այդ դեպքում նրանք կբխեին տեղի (բնակլիմայական) պայմաններից:

Եվրոպական մշակույթում կոնցեպտները լուրջ մշակված են, և դրանք չի կարելի շրջանցել կամ անտեսել: Իսկ երբ այդ կոնցեպտներով են պատրաստվում Հայաստանի մասին կամ Հայաստանին վերաբերող նյութերը, հետազոտության կամ անալիզի մեջ պատեհապաշտ «կիչ» է առաջանում (ով ինչպես ուզում, այնպես էլ օգտագործում է թեորիան):

Ճիշտ հասկացեք՝ եզակի մտքեր հայտնելու խնդիր չունեմ (բոլորն էլ հայտնի ցիցատներ են): Հարցնում եք, ես էլ պատասխանում եմ:

Ստացվում է, որ, ներկրված հումանիտար կամ մեդիա կոնցեպտներով մշակելով մեր ինֆորմացիոն դաշտը, մենք բերք չե՞նք ստանում:

Մեր ինֆորմացիոն հոսքերը հիմնականում տեսություն կիրառող են և դրանում է նրանց թուլությունը: Այս կամ այն ցիտատը բերվում է որպես արդարացում (արդեն կարելի է):

Ցիտատը լեգիտիմացնում է, բայց չի դառնում թիրախ կամ զուգահեռ:

Դրանից, թերևս, կարելի է ազատվել, եթե, հեղինակություններին կամ անշրջանցելի գաղափարներին անդրադառնալով, շեշտը դնենք հենց գաղափարների, այլ ոչ թե դրանց կիրառման վրա:

Երբ քո դիալոգը վարում ես տեսության հետ, ստիպված ես լինում մուտք գործել համաշխարհային մշակույթ ու համաշխարհային բանավեճ: Ինֆորմացիան պետք է քննարկվի, բայց ոչ ready made թեորիայով կամ դրա ազդեցության տակ:

Ասենք, փնտրեինք ոչ թե Հայաստանում եղած ֆեմինիստական (կամ այլ ձևաչափերի մեջ տեղավորվող) հետքերը, այլ քննարկեինք հենց ֆեմինիզմի միտքը՞:

Երբ թեորիան ես քննարկում կամ կոնցեպտն ես հարցի տակ դնում, միանգամից հայտնվում ես այն տիրույթում, որտեղ կոնցեպտները խմորվում, բլթբլթում ու եփվում են:

Ես շատ ուրախ կլինեի, եթե տեղում արտադրված կոնցեպտներով քննարկվեր աշխարհը, այլ ոչ թե աշխարհի ստեղծած կոնցեպտներով՝ Հայաստանը:

Այսինքն՝ տեղի լարումներից, օրինակներից կառուցեինք թեոարիան: 

Սեփական կոնցեպտների ստեղծման հաջող օրինակներ ունե՞նք:

Գրականության մեջ կան գործեր, որոնք նման չեն ուրիշի արտադրածին: Իսկ ճարտարապետության մեջ թամանյանական լեզու ունեինք (դա դպրոց չի, այլ հենց ճարտարապետական լեզու), որը սկիզբ է առել սեփական ազգային արտադրանքը ստեղծելու խնդրից: 

Ընդունված է համարել, որ հասարակությունն ուզում է սկանդալային ինֆորմացիա ստանալ: Այդպես ավելի արագ ես ներգրավվում իրադարձության մեջ և արագ ես այն «մարսում»:

Կարծում եմ, էպատաժային գրավչությունից բացի կարևոր է  նաև ինֆորմացիայի տափակության հարցը:

Եթե ինֆորմացիան կամ, եթե կուզեք, խոսակցությունը բավականին տափակ է (նույնիսկ երբ տրիվիալ ճշմարտություններ ասելու վրա է հիմնված), նշանակում է, որ այդ խոսակցությունը ծառայում է կոնկրետ նպատակի: Եվ ոչ լավ նպատակի: 

Տափակությունը չափանիշ է, որը շատ մեծ տեղ ունի իշխանական հարցերում: Կասկածում եմ, որ որևէ տիպի իշխանություն կարող է առանց տափակության գոյատևել: Տափակությունն այն հիմնական չափանիշն է, որով կարելի է ցանկացած ինֆորմացիա գնահատել: 

Իսկ ինչպե՞ս կարելի է ձևակերպել ինֆորմացիայի հավաստի լինելու պահանջը:

Մի շատ պարզ մեթոդ կա՝ եթե չգիտես, թե ինչն է հավաստի, ապա պետք է գոնե կարողանաս նույնացնել տեսածն ու լսածը (ռեպրեզենտացիան) իրականության (աշխարհի բանի) հետ: Սակայն այդ մոտեցումը ոչ միշտ է գործում, քանի որ նախ ստուգել հնարավոր չէ, և հետո էլ՝ հարց է ծագում՝ ինչի՞ ն է ծառայում այդ ինֆորմացիան:

Կարող ենք հիշել միջնադարյան դատերը, որտեղ ճշմարտությունը որոշվում էր ֆիզկական ու մտավոր փորձություններով: Օրինակ՝ այն փաստով, թե մեղադրյալներից ո՞ր մեկը կարող է անսխալ ասել որևէ շուտասելուկ: Համարվում էր, որ եթե մարդը կարողանում է ճիշտ արտաբերել շարադան, ուրեմն նրա ներքին ապարատը (սերվերը) ավելի լավն է, և ուրեմն է հենց նա է ճիշտը:

Վերջիվերջո, բնության մեջ էլ է նույն օրենքը գործում: Երբ ջայլամների ընտանիքները պետք է որոշեն, թե ով է ճիշտը, նրանք նայում են, թե արու ջայլամներն ինչպես են իրար հետ մրցում: Ճիշտ է համարվում ուժեղը, իսկ թույլը ճշմարտության դաշտից դուրս է մնում: Ասածս այն է, որ ճշմարտությունը ռեպրեզենտացիա չէ և իրականությանը համապատասխանելու կարիք չունի:

Ճշմարտությունը մի բեռ է, որն ի հայտ է գալիս դրա կրողի շնորհիվ:

Ամերիկայում, օիրինակ, դատական պրոցեսների մեծ մասն ընդհանրապես դատարան չի մտնում: Իրավաբանները պայմանավորվում են իրար հետ ու որոշում երկու կողմերի ճշմարտացի լինելու չափաբաժինը:

Սա նոր տիպի ճշմարտություն է, որը հարցականի տակ դրեց ճշմարտությունից իրականությանը համապատասխանելու պահանջը: Համապատասխանության ճշմարտությունը հիմնականում ի հայտ է գալիս կենտրոնական իշխանություն ձևավորելու ժամանակ:

Ընդհանրապես ճշմարտությունը բազմաթիվ ձևեր ունի: Այն կարող է, օրինակ, ի հայտ գալ հայտնության տեսքով կամ էլ զուգահեռ բացահայտման (երբ վերաստեղծման իրավիճակում բացահայտվում է մի բան, որն ավելի ուժեղ է, քան այդ խնդիրը, որի մասին ի սկզբանե ուզում էիր խոսել):

Բայց մի բանը գոնե պիտի լինի ճիշտ, չէ՞: Հատկապես մեդիայի դաշտում, որտեղ շատացել են ոչ հավաստի տեղեկություն տարածելու մեղադրանքները:

Ինձ թվում է՝ հիմա ավելի մեծ թափ է հավաքում «Ո՞վ կարող է ավելի լավ ապահովել ճշմարտությունը» հարցը, որը հայտնվում է մեդիա կոնկուրենցիայի մեջ:

Եթե մեդիա կազմակերպությունը իրադարձություն չի հնարում, իրական կյանքում պրովոկացիա ու ինտերվենցիա չի անում ու զոռով էպատաժային նյութեր չի սարքում, նրան մնում է նյութերը հետաքրքիր սարքելու նոր ձևեր գտնել:

Շատ պատմական հերոսների մենք ճանաչել ենք ոչ թե պատմական աղբյուրեներից, այլ, օրինակ, վեպերից, ֆիլմերից: Ասեմ, որ դա պակաս ճշմարտություն չէ: Կարծում եմ՝ համապատասխանության ճշմարտություն փնտրելուց բացի ավելի լավ մեթոդ կա:

Եթե ինֆորմացիան ինքնին հետաքրքիր է (անկախ նրանից կապ ունի իրականության հետ, թե ոչ), այն անպայման գործուն էներգիա է ունենում: Եվ մենք դա պիտի ընդունենք որպես իրականություն:

Հետաքրքիր ասելով՝ ես նկատի չունեմ սկանդալայինն ու էպատաժայինը (ինֆորմացիան կարող է լինել էպատաժային, բայց ոչ հետաքրքիր):

Օրինակ ինձ (որպես ինֆորմացիայի ընկալողի) համար կարևոր է ինֆորմացիայի գեղարվեստական որակը: Դա չի նշանակում, որ ինֆորմացիան սիրուն ու դեկորացված պիտի լինի, դա նշանակում է՝ ինքնին հետաքրքիր: Եվ եթե համոզում կա, որ կյանքից ավելի հետաքրքիր բան հնարելը դժվար է, հենց կյանքն ես ուզում տեսնել մեդիայի աշխատանքի մեջ:

Պարզ ասեմ՝ եթե մեր տեսածն ու լսածը տափակ ու անհետաքրքիր է, ուրեմն սուտ է: Կյանքը երբեք տափակ ու անհետաքրքիր չի լինում, նույնիսկ երբ առանձնապես ոչինչ չի կատարվում: 

Կարելի՞ է ասել, որ մեր լրատվամիջոցները (հատկապես հեռուստատեսությունը) հետաքրքիր չեն այն պատճառով, որ սուտ են:

Ոչ, ավելի շուտ սուտ են, որովհետև անհետաքրքիր են:

Կյանքի մուտք գործելը հեռուստաէկրան իրականում վախեցնո՞ղ է:

Իհարկե: Կան հոգեբանական մեխանիզմներ, որոնք շատ արագ ամեն ինչ իրենց «տեղն» են գցում ու ազատում սպառնացող բոլոր անակնկալներից (նշնակություն չունի դրանք բարեբեր են, թե վտանգավոր):

Այն, ինչը տարօրինակ է, միանգամից դուրս է մղվում:

Դա բնազդ է, որը բոլորս ունենք, առավելևս՝ «պատասխանատու» որոշումներ ընդունողները: Եթե չգիտես, թե իրադարձության ետևում ինչ է թաքնված, աշխատում ես դրանից պաշտպանվել ու պատնեշվել:

Իրադարձությունից խուսափելը նաև ճաշակի հարց է: Գոյություն ունի «ճաշակ առ իրադարձություն» հասկացությունը: Շատ կարևոր է, թե որքանով ենք մենք ձգտում, որ իրադարձություն տեղի ունենա, այսինքն՝ ինչ-որ բանի սկիզբ դառնա, ինչ-որ բան բացվի:

Գրեթե ամեն օր նոր լրատվական հասցեներ են ստեղծվում, շատերը գրում ու «խոսում» են ինտերնետում: Ինչ-որ դռներ բացվո՞ւմ են:

Սովորաբար խոսակցության ընթացքին հետևելիս կարելի է նկատել, որ «խոսողներից» շատերը ոչ թե ձգտում են խոսակցության մեջ ներդրում կատարել, այլ խոսակցության մեջ տեղավորվել (ձայնը գերադասելի է խոսքից): Եվ դրանից խոսքն «ընկնում» է:

Ճիշտ հասկացեք՝ խոսքը գցելը չի նշանակում սլենգով կամ փողոցային ժարգոնով խոսել: Խոսքը գցելը հենց խոսքը (ոչ թե լեզուն) վարկաբեկելն է: Դա տեղի է ունենում հաճախ այն պատճառով, որ տեղն ու այդ տեղում ընդունված խաղի կանոնները հստակ չեն:

Մի ընդհանուր ֆրոնտ է ստեղծվել, և խոսքը, որը չի հասկանում, թե որ դաշտում է խաղում, միանգամից ընկնում է, իջեցվում, ստորացվում:

Մի բան է, երբ հատուկ ես որևէ տերմին մի դաշտից մյուսը տեղափոխում (գործ անելու համար), և բոլորովին այլ բան, երբ այդ սահում-անցումները զուտ փնթիության հետևանքով են տեղի ունենում (միգուցե շատերն ինձ էլ այդ փնթիության մեջ կշտամբեն, քանի որ ոչ մեդիա փորձագետ, ոչ էլ փիլիսոփա եմ, այլ դրանց արանքներում):

Անորոշության որոշակի չափաբաժինը թույլատրելի չէ՞:

Խաղի դաշտը անորոշ թողնելը վտանգավոր:

Իրադարձությունն ու դրա ռեպրեզենտացիոն ռեժիմը (երբ մի բանը պատկերվում կամ պատմվում է) կարող են իրար սկզբունքորեն հակասել:

Ասածի բովանդակությունն ու «ասածդ ինչ կցուցանե»-ն երբեմն կարող են լրիվ տարբեր նշանակություն ունենալ: Պարզ օրինակ բերեմ. սիրո բացատրությունը շատ հազվադեպ է սիրո ակտ լինում: Բացատրությունը սովորաբար փոխարինում կամ հետաձգում է պահանջվող սիրո վերաբերմունքը:

«Ես քեզ սիրում եմ» խոսքերը երբեմն նշանակում են ճիշտ հակառակը: Միայն բացառիկ դեպքերում է սիրո բացատրությունը սիրո արտահայտում լինում: Նույնն էլ կարելի է ասել «ազատության» բառի մասին, որը, ակտիվորեն ռեպրեզենտացիա լինելով, դատարկվում է:

Սիրային խոսքերը ինֆորմացիա՞ են:

Ես հենց ինֆորմացիայի մասին եմ խոսում: Կան բաներ, որոնք հնարավոր չէ պատմել: Պատմելու ու հասարակական բեմ մուտք գործելու պարագայում դրանք մեռնում են:

Իսկ ի՞նչ է պետք անել, որ ինֆորմացիան չմեռնի:

Եթե լրագրողը արհամարհում է բառը, պատկերը, խոսելու կուլտուրան, նրա հաղորդած ինֆորմացիան չի կարող ձեռք բերել այն բովանդակությունը, որը լրագրողը ենթադրում էր ստանալ: Մարդն ընդհանրապես շատ խելացի ու խորամանկ արարած է և շատ լավ տեսնում է, որ իրեն բոլորովին ուրիշ բան են ասում, թեև միևնույն ժամանակ ինֆորմացիա են տալիս:

Հաճախ որևէ հեռուսատառեպորտաժ կամ հոդված տեսնելիս հասկանում ես՝ անտեսանելի նշանների միջոցով քեզ ուզում են ասել, որ դա նայել, լսել կամ կարդալ հարկավոր չէ, որ դա հերթական ծուխն է: Եվ քանի որ այդ նշանները բավական թափանցիկ են, մարդիկ արագ վերծանում են դրանք ու չեն նայում, չեն լսում ու չեն կարդում:

Իսկ մեդիա դաշտն էլ բողոքում է ու փորձում է դրա պատճառները գտնել: Իսկ պատճառը մեկն է. մարդիկ հասկանում են՝ ինչ ես ուզում ասել, նկատում են խոսքի ժուժկալությունն ու չեն նայում: Եվ լավ է, որ այդպես է:

Նկատելով մատուցման ձևը՝ այլևս չե՞նք վստահում բովանդակությանը:

Նայում ես ու մտածում՝ ես ձեր ասածի հետ համաձայն են, որովհետև դրանով զբաղվելու ժամանակ հիմա չունեմ: Այսինքն՝ չեմ ուզում պարզել ճիշտ եք ասում, թե ոչ: Ոչ էլ ուզում եմ ձեր շեշտադրումները հասկանալ: Ուզո՞ւմ եք գնամ աջ, կգնամ, բայց դա չի նշանակում, որ ձեզ հետ համաձայն եմ: 

Իսկ իրապես համաձայն լինելը բարձրացնո՞ւմ է ինֆորմացիայի արժեքը:

Ես կարող եմ կրկին ցիտատով պատասպանել (հատուկ չնշելով՝ ով է ասել, որ պատասխանատվությունն ինձ վրա ընկնի): Բոլոր իդեոլոգիաները գործում են այնքան ժամանակ, որքան մարդիկ այդքան էլ լուրջ չեն ընդունում դրանք: Հեղափոխություն անելու ձևերից մեկն էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելն է:

Եթե գլխավոր կաթոլիկից ավելի կաթոլիկ ես, ողջ կաթոլիզմն է սկսում իրեն վատ զգալ, նյարդայնանալ ու չդիմանալ:

Ամեն ինչ պայմանավորված է չափաբաժնով: Եվ եթե առկա է քմծիծաղի ու ցինիզմի որոշակի դոզան, իդեոլոգիաները պահպանում են իրենց ուժը: Իդեոլոգիան ինքնին ենթադրում է այդ դիստանցիան ու ցինիզմը:

Կարելի՞ է ասել, որ ինֆորմացիայից հարկավոր չէ անմիջական արձագանք սպասել՝ ինֆորմացիան, կուտակվելով, անպայման իր կգտի իր հասցեատիրոջը:

Իհարկե այդպես է: Մանավանդ, որ բացարձակապես անտեղյակ, անիրազեկ մարդիկ շատ քիչ են: Բոլորս էլ հստակ գիտենք, որ կշարունակենք ապրել միջին տափակության զոնայում: Այդ իմաստով՝ տափակությունը փրկում է:

Բայց մի շատ կարևոր կետ կա. ինֆորմացիոն հոսքերն ընդհանրապես շատ տարօրինակ ձևերով են իրար «կպչում» ու հարաբերվում: Դրանք տեղավորվելու, հարմարեցնելու հարց է առաջ գալիս:

Կարծում եմ՝ ինֆորմացիայի կոմպոզիցիան նույնքան կարևոր է, որքան բուն բովանդակությունը: Հենց կոմպոզիցիաների շնորհիվ են ի հայտ գալիս մակերսներն ու գագաթները: 

Նորից կշեշտեմ խոսքը չգցելու ցանկությունը: Խոսքի իրավունքը ցավինն է, եթե այդքան էլ չես ցավում իրավիճակի համար, գերադասիր չխոսել: Ցավը մի եզր է, որը մոտ է իրականությանը: Խոսելը, ինֆորմացիա որոնելն ու հաղորդելը պետք է կենսական անհրաժեշտություն լինի: Հասկանում եմ, որ լրագրողներն օրական արտադրության խնդիր ունեն:

Բայց երբ ընթացքն ու մարդու հնարավորությունները սկսում են իրար հակասել, կարևորվում է դադարի, լռության պահը: Եթե բան չունես ասելու, կարող ես և չասել: 

Գիտեմ՝ բարդ է: Բայց եթե ստիպված ես ինչ-որ բան ասել կենցաղային հարցից ելնելով, արդեն ոչ թե ինֆորմացիա, այլ ծուխ ես արտադրում, ինչը հանգեցնում է ինֆորմացիայի չարորակ մետաստազների արտադրությանը, որոնք սկսում են ցնցել օդը:

Դադարի, լռության պահը բավական թանկ է և՛ խոսողի, և՛ ընկալողի համար: Կոմունիկացիոն դաշտից պարբերաբար դուրս գալով՝ պաուզա ես վերցնում, մի հատ շունչ ես քաշում, տեղավորում ես ինֆորմացիոն հոսքերն ու նոր կոնֆիգուրացիաներ ես ստեղծում:

Ինֆորմացիան (լավագույն դեպքում) կարող է արվեստի գործ դառնալ ու ուղենիշ համարվել:

Ի դեպ, հենց նոր ստեղծվող ուղենիշերն են պահում մեր հին (ազգային) օրիենտիրները, որոնք աշխատում են միայն նոր ուղենիշների ծնվելու շոնորհիվ: Եթե նոր կոնֆիգուրացիաներ չեն ստեղծվում, ազգային սիմվոլներն իներտ նշաններ են դառնում:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *