April 5, 2017,

Դեպքի Վայրում

Դեպքի վայրում. Անահիտ Հայրապետյան

Սոնա Քոչարյան

Լրագրող

Լուսանկարում եմ, որովհետև ուրիշ բան ավելի լավ ինձ մոտ չի ստացվում:

«Ինքս իմ մասին պատմելիս ասում եմ, որ լուսանկարիչ եմ, մինչև լուսանկարելն ասում էի, որ բանաստեղծ եմ, դրանից առաջ, որ ուսանող եմ…»:

Պոլիտեխնիկական ինստիտուտում Անահիտը սկսեց լուսանկարել ինստիտուտի պաշտոնաթերթի համար, դրան զուգահեռ՝ ընդունվեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ՝ ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի կուրս:

«Երբ սովորում էի ասպիրանտուրայում, լսարանից դուրս գալու համար ասպերանտը պետք է ձեռք բարձրացներ, հարցներ՝ կարելի՞ է, արդյոք, դուրս գալ, իսկ պատասխանը հաճախ լինում էր՝ ոչ: Կովկասյան ինստիտուտում դասի ժամին մեկը կարող էր հաց ուտել, մյուսը՝ սեղանին նստել, պարբերաբար դասախոսներ էինք ունենում արտասահմանից… Ու ես հասկացա, որ ինձ էստեղ ավելի հետաքրքիր է, ուզում եմ էս մարդկանց կողքին լինել»:

Ընտրելով լուսանկարչությունը որպես մասնագիտություն՝ Անահիտը թողեց ուսումը ու դրա համար երբեք չզղջաց: Միայն երբեմն երազներում «աստիճաններով վերև-ներքև է անում, լսարանը փնտրում»:

«(Մանգասարյան) Ռուբենն ինձ «պապայություն ա արել», շատ բան եմ իրենից վերցրել:  Ինքը հեշտ չէր տալիս: Էնպես չէր, որ գնայիր, ասեիր` Ռուբեն, էս ինչը ո՞նց անեմ, ինքն էլ պատասխաներ: Ասում էր՝ իսկ դու՞ ինչ ես կարծում, ու վերջ: Գնում էիր ու սկսում «կարծել», հերթով բոլոր «կարծումները» քո մեջ քննարկում էիր: Իրենից սովորել եմ մտածել, իրերին տարբեր կողմերից նայել»:

Ավելի երիտասարդ տարիքում ստացած դասերը՝ լուսանկարչի մասնագիտական ու մարդկային արժեքների մասին, փորձի հետ ավելի տեսանելի ու հասկանալի են դառնում:

«Մի անգամ Դանիայի ուսուցիչներիցս մեկն ասաց, որ ֆոտոլրագրողների աշխատանքի ընդունելիս փորձում են հասկանալ՝ որքան սրտացավ մարդ է: Ես դա շատ ավելի ուշ հասկացա: Հաճախ է պատահում, որ մի բան լուսանկարում են ու բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնում: Ստացվում է, ձեռք են բերում մարդու վստահությունը, հետո խաբում ու վնասում նրան»:

Անահիտ Հայրապետյանն այսօր «4+» վավերագրող լուսանկարիչների կենտրոնի անդամներից է: Երեք երեխա ունի: Ապրում է Գերմանիայում, ժամանակ առ ժամանակ գալիս Հայաստան:

«Տարբեր զուգահեռներ են, որ երևի երբեք չեն հատվի: Գերմանիայում եմ ապրում, բայց էնտեղից ինչ անում եմ, Հայաստանի հետ է կապված»:

Ֆոտոլրագրությամբ գումար վաստակելու մեծ հույսեր չունի: Հաճախ անում է նախագծեր՝ իմանալով հանդերձ, որ դրանք գոնե այսօր շատ քիչ հավանականություն ունեն տպագրվելու միջազգային մամուլում: Բայց վստահ է, որ այն ինչ լուսանկարում է, հենց այսօր է պետք վավերագրել:

«Երևի բախտս բերել է, քանի որ ամուսինս աշխատանք ունի, և ես կարող եմ ինձ դա թույլ տալ»:

Իմ լուսանկարներն իմ հարստությունն են: Ամուսնուս միշտ կատակով ասում եմ՝ ես էրեխեքին թողնելու բան ունեմ, կտակով նախագծերս պիտի բաժանեմ, դու՞ ինչ ես թողնելու:

Անահիտը բանաստեղծությունների երեք ժողովածու ունի, բանաստեղծությունների շարք՝ նաև Ղարաբաղի բարբառով:

«Գրքերը չեն վաճառվում, դրանով գումար չես աշխատի, բայց կա էներգիայի մի տեսակ, որն արտահայտելու համար գործիքները չեն հերիքում: Էդ ժամանակ դիմում ես բառերի օգնությանը, ու գրվում են բանաստեղծությունները»:

Եթե լուսանկարչության մեջ փորձում եմ օբյեկտիվ լինել, չարտահայտել իմ քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը, գրելիս արդեն ազատ եմ. գրում եմ՝ ինչպես ուզում եմ, ինչի մասին ուզում եմ:

Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

1
0
0
0
0
0
0

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *