2011.11.24,

Քննադատ

Գրելու փոխարեն «թխում» են

Հայաստանի տեղեկատվական դաշտում իսկական հեղափողություն է: Նախկինում հզոր լրատվական գործակալությունները հեշտորեն զիջում են իրենց, կարծես թե անսասան դիրքերը նորելուկ տեղեկատվական կայքերին։ Գործակալություններն արդեն չեն գերիշխում լրատվական ոլորտում, գնալով քիչ են լսվում նրանց ժամանակին հնչեղ անվանումները, իսկ թերթերը նախընտրում են հղում անել նորաստեղծ կայքերին։

Իսկ թե որն է հաջողության գրավականը, հայտնի է բոլորին՝ հավաստի տեղեկատվության օպերատիվ տարածումը։ Կարծես թե գործակալությունների մոտ բացակայում է օպերատիվությունը։ Իսկ ի՞նչն է նրանց խանգարում այդ պայմանը կատարել պատշաճ ձեւով։

Տպավորությունն այնպիսին է, որ ներկայումս գործակալությունների միջեւ գրեթե բացակայում է մրցակցությունը, նկատվում է էքսկլյուզիվ նյութերի դեֆիցիտ, մեկը մյուսից copy է անում նորությունները՝ զլանալով անգամ  հղում անել սկզբնաղբյուրին: Լուրերը «թխվում» են որեւէ թերթից, ուղղակի թարգմանվում եւ տեղադրվում  կայքում՝ հաշվի չառնելով թիրախային լսարանը։

Մի կարեւոր հանգամանք եւս.  գործակալության համար շատ վտանգովոր է, երբ նա սերտաճում կամ ջերմ համագործակցում է իշխանության հետ։ Այդպիսի լրատվամիջոցը, իրեն հայտնի դարձած լուրը իշխանության հորդորով կամ խորհրդով չի թողարկում՝ սպասելով վերեւների «դաբրոյին»։ Այն դեպքում, երբ այդպիսի պայմանավորվածությամբ չկաշկանդված այլընտրանքային կայքերը առանց հապաղելու տարածում են լուրը՝ առաջ ընկնելով բոլորից։ Ճիշտ է, իշխանության հետ համագործակցող գործակալությունը կարող է առաջինը տալ պաշտոնական տեղեկատվությունը, բայց ընդդիմության վերաբերվող ինֆորմացիան շատ ժամանակ անտեսում է կամ էլ չի հաճախում նրանց միջոցառումների՝ փորձելով հաճոյանալ իշխանությանը։ Իսկ դա կարող է լուրջ հարված հասցնել լրատվամիջոցի վարկանիշին՝ որպես բազմակողմանի տեղեկատվության տարածման աղբյուր, ինչն էլ իր հերթին բերում է գործակալության բաժանորդների քանակի նվազմանը։

Թեպետ օպերատիվությամբ եւ նյութերի բազմազանությամբ նորաստեղծ կայքերը գերազանցում են հայտնի գործակալություններին, սակայն շատ ժամանակ զիջում են որակյալ նյութ գրելու առումով։ Կան կայքեր, որոնք հրապարակում են լուրեր, որոնց կարդալիս կարող ես ոչինչ էլ չհասկանալ, քանի որ այնտեղ բացակայում է նորություն կազմելու դասական կառուցվածքը. որը կոչվում է շուռ տված բուրգ։ Բուրգի վերեւում լինում է նորության ամենակարեւոր փաստը, ինֆորմացիոն  բուն շարժառիթը, այնուհետեւ կարեւոր ինֆորմացիայի շարունակությունը, այսպես ասած՝ փակագծերի բացումը, իսկ ներքեւում՝  background-ը՝ նորության նախապատմությունը, պարզաբանումը։ Մեր նորաթուխ լրագրողները ամեն ինչ հակառակն են անում։ Չգիտես ինչու՝ սկզբից գրում են նախապատմությունը, հետո բուն ինֆորմացիոն շարժառիթը։

Հնարավոր չէ չնկատել նաեւ այն անհեռանկար կադրային քաղաքականությունը, որը վարում են  լրատվական գործակալությունները՝ նախընտրելով վերցնել աշխատանքի անփորձ լրագրողին, որը միանգամից չի կարող տարբերել «թացը չորից»  եւ կողմնորոշվել, թե որն է իրականում  կարեւոր լուրը։ Պարզ է, որ լրատվամիջոցները առաջնորդվում են կարճաժամկետ  ծրագրով՝ օգտագործելով էժան աշխատուժ եւ չգիտակցելով, որ այդպիսի ռազմավարությունը կարող է բերել բաժանորդների կորստի։ Ոչ միշտ է գումարներ տնտեսելու ձգտումն արդարացնում լրատվական գործակալությունների, եւ ընդհանրապես՝ այլ ԶԼՄ-ների սեփականատերերի կողմից։       

Ի դեպ, պետք է նշել, որ մեծ դեր է խաղում նաեւ պատրաստած նորության վերնագրի ընտրությունը։ Լավ վերնագիրը միանգամից գրավում է ընթերցողի ուշադրությունը՝ ստիպելով նրան կարդալ այն։ Որոշ մոսկովյան լրատվամիջոցներ այդ նպատակով իրենց խմբագրություններում նույնիսկ առանձին աշխատողներ են պահոււմ։  

Ակնհայտ է, որ այդ դաշտում կա կադրային սով՝ ցածր աշխատավարձը չի գրավում բանիմաց փորձված կադրերին, իսկ ամեն աշխատանքին պատրաստ բուհերի շրջանավարտների հոծ բանակը լրացնում է այդ բացը։

Խնդիրները շատ են եւ բազմազան։  Մեզ մնում է միայն հուսալ, որ նորություններ որսացողի մասնագիտությունը կրկին կդառնա պատվավոր եւ պահանջված։

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *