2017.03.28,

Տեսակետ

«Գրագետ ու ազատ մարդիկ պետք է հոսեն ու ներխուժեն կյանք»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ուսուցման պրոցեսում վաղուց ու հաջողությամբ օգտագործում է նոր մեդիայի գործիքները: Առանց բացառության բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն ունեն իրենց բլոգային տարածքները, որտեղ գրանցում են առաջադրանքները, ստեղծագործում են ու շփվում միմյանց հետ:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը սիրում է կրկնել, որ կրթության կենտրոնում մարդն է: «Մարդը, որը մեդիա գրագետ է ու կարողանում է կողմորոշվել տեղեկատվական հոսքերի մեջ»,- ասում է նա:

Կրթահամալիրի բոլոր օղակները (պարտեզը, նախակրթարանը, միջին դպրոցը, ավագ դպրոցը, ուսումնարանները) աշխատում են ցանցային սկզբունքով՝ կապվելով իրար, ճյուղավորվելով ու սերտաճելով:

«Մենք վաղուց ոչ մեկին ոչինչ չենք խնդրում: Ունենք մեր բլոգները, կայքերն ու այլ մեդիա գործիքները, որոնք մեր սեփականն են (նաև ի տարբերություն հեռուստատեսության՝ էժան են), դրանցով էլ աշխատում ենք»,- ասում է Աշոտ Բլեյանը:

Նա կրթության հիմնասյունը համարում է ուսուցիչների կերպարները, ինչպես նաև այն մարդկանց, որոնք հայտնվում են երեխաների կողքին ու իրենց օրինակով, խոսելաոճով ու կեցվածքով ծառայում որպես կերպարային մոդել:

Ընդհանրապես, մեզ մոտ դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչներն ու տնօրենները հաճախ չեն էլ գիտակցում, որ վտանգում ու խեղաթյուրում են երեխաների ինքնագնահատականը, երբ իրենց պարտքն են համարում կաղապարել երեխաներին այնպես, ինչպես իրենց էին կաղապարում աշակերտ ժամանակ: Դա նմանվում է փակ ու արատավոր շղթայի, որը գալիս-ձգվում է այն ժամանակներից, երբ դպրոցները համարվում էին գաղափարական կառույցներ, իսկ հիմա՝ իշխող կուսակցության հենարաններ:

Աշոտ Բլեյանը կրթական մոդելի փոփոխությունը կապում է անկախ Հայաստանի երրորդ սերնդի ուսուցիչների հայտնության հետ: Բաց աշխարհում կկայանան նրանք, ովքեր ներքուստ ազատ են, և իրենք են ընտրում ինչը դիտել, ինչը՝ ոչ, որ հարթակին ու մարդուն վստահել և որոնց անտեսել:

Ժամանակը շատ թանկ կատեգորիա է, և ձևական կրթության համար այն վատնելը մեծ շռայլություն է: Նաև՝ անմտություն:

Ձեր հիմնած կրթահամալիրն ունի իր սեփական դեմքը, մանավանդ, երբ համեմատում ես մյուս պետական և միանման կրթական կառուցվածք ունեցող դպրոցների հետ: Դեմք ունենալը բա՞րդ է:

Ինքս որոշ ժամանակ թերագնահատում էի մեր ունեցած ձեռքբերումները, բայց հիմա՝ տեսնելով արդյունքները, հպարտանում եմ:

Դպրոցը միայն երեխաները չեն, նաև ուսուցչները, որոնք դժվարություններով, սկզբում դիմադրելով, կռվելով, կարողացան որոշակի ճանապարհ անցնել ու հիմա արդեն իրենք են թելադրում կրթական ճանապարհը: Երիտասարդ, ոգևորված մարդիկ են մեր դպրոցում, որոնք իրենց բլոգներում աշխատանքային կազմակերպման այնպիսի լուծումներ են առաջարկում, որ մտածում եմ՝ ինչ լավ է, որ ես ակտիվ չեմ միջամտել նրանց գործին, այլ թողել եմ, որ իրենք որոշեն ուղղությունը:

Մեր ուսուցիչներն արդեն վաղուց արդիական հոսքերի մեջ են, ինչը շատ կարևոր է: Անկախության երկրորդ սերունդն է ծնվել, իսկ դա արդեն վկայում է սերնդափոխության մասին:

Նրանց համար մեդիան ինքնորոշման ու տարածման գործիք է, և ես կարծում եմ, որ այդ գործիքի կիրառումը ուսուցման ոլորտում պիտի համատարած լինի: Այդ գործիքը պայմանականորեն անվանում եմ «բլոգային ուսուցում», բայց այն կարելի է այլ կերպ էլ կոչել: Իրականում, հենց մեդիայից է սկսվում ինքնադրսևորվելու ազատությունը ու քննադատական մտածողությունը:

Մեր աշակերտներից շատերն իրենց ինտերնետային հարթակներ են բացում, հրավիրում քննարկումների, կարծիքներ են փոխանակում: Եվ դա շատ ավելի գրավիչ է, քան այն, ինչ անում են մեծ մեդիա կազմակերպությունները, քանի որ փոքր նախաձեռնությունների հետևում երևում ու գնահատվում է մարդը, անհատը, հեղինակը:

Դպրոցը կաղապարված ու կաղապարող կառույց է, որտեղ ոչ միշտ է խրախուսվում (կամ էլ նույնիսկ արգելքի տակ է դրվում) սեփական մտքերը արտահայտելու պրակտիկան:

Թող չթվա, որ աշխարհում իրավիճակն այլ է: Իրականում, դպրոցը ստեղծված է  երեխային փաթեթավորելու նպատակով: Մեծ հաշվով՝ Հայաստանի իրականությունն էլ չի փոխվում հենց այն պատճառով, որ մարդը, ընտանիքը, իշխանությունները, նաև մյուս օղակները՝ թաղապետներն ու տնօրենները, չեն փոխվում: Դպրոցը ինչպե՞ս փոխվի:

Կարծու՞մ եք, որ դպրոցի ճակատագիրը որոշվում է դպրոցում: Ոչ, բոլորովին այլ մակարդակում:

Հասարակական ողջ հարաբերությունները պետք է ենթարկվեն փոփոխության: Ընդ որում՝ բոլորը միաժամանակ: Այնպես, ինչպես գալիս է գարունն ու տաքացնում հողը:

Հիմա մեր կյանքում շատ լավ բաներ են տեղի ունենում: 5 տարի առաջ այս խոսակցությունն էլ անհնարին կլիներ: Գաղափարները պետք է հասունանան, ինչպես բերքը, որպեսզի մենք էլ փոխվենք:

Իմ փորձից գիտեմ, որ գալիս է մի պահ, երբ երեխաները ներքուստ ընդունում են, որ ավելի լավ է լռել դասերի ժամանակ ու ավելորդ ուշադրություն չգրավել: Արդյունքում շատ երեխաներ ունակ չեն շարադրելու իրենց մտքերը:

Կներեք, իհարկե, իսկ ուսուցիչը միտք արտահայտու՞մ է: Սովորաբար, ինչպես դասագրքում գրված է, այդպես էլ պատրաստի ձևակերպումներով, առանց ավելորդ աշխատանք անելու դաս է պատմում: Եվ նշանակություն չունի, թե ինչ առարկա է դասավանդում՝ գրականություն, պատմություն, թե բնագիտություն: Կան ձևակերպումներ, և ինքը դրանք վերարտադրում է: Կարծես ձայնագրություն է, որն անընդհատ պտտվում է:

Ընտանիքով, հասարակությամբ, իշխանությամբ պայմանավորվել են, որ կրթությունը դա է: Բայց այդ մասին ես շատ եմ խոսել, հիմա չէի ցանկանա կրկնվել: Ինձ ավելի հետաքրքիր է այն շարժը, որը կատարվում է մեր կրթահամալիրում: Մեր հեղինակային կրթական ծրագիրը երեք կարևոր կետ ունի՝ մեդիա կրթություն, օրացույց ու նախագծային ուսուցում:

Հիմա մենք միջնաժամկետ ծախսային ծրագրով կառավարությանը ներկայացրել ենք հայտ՝ մեր հեղինակային կրթական ծրագրի վերաբերյալ: Որպես ներդրում, որպես այլընտրանքային կրթական ծրագիր առաջարկում ենք մեդիա կրթությունը:

Ի վերջո, կրթության կազմակերպիչը օրացույցն է, այսինքն, հանրային կյանքը: Կյանքն է դարձել կրթության պատվիրատուն:

Կրթահամալիրի ծրագիրը շարունակու՞մ է համարվել այլընտրանքային:

Այո, որովհետև պետությունը հավասար պայմաններ չի դրել բոլորի առջև: Կա պետական ծրագիր (պատվիրատուն ԿԳ նախարարությունն է, մշակողը՝ Կրթության ազգային ինստիտուտը), որին ենթարկվում են 1400 դպրոցներ: Կան դասագրքեր գրելու, ուսուցիչներ վերապատրաստելու գործընթացներ, որոնցից շատերը դժգոհ են, բայց միևնույն է շարունակում են դրանցով աշխատել:

Ամենավատը այդ «միևնույն է» հավելումն է:

Եվ սրա կողքին կա (հարցը այն չէ, որ իմ ջանքերով) երկրորդ կրթական ծրագիրը: Ոմանք կոչում են դա այլընտրանքային, իսկ ես՝ արդիական, քանի որ իրականում հիմնական ծրագիրը ժամանակավրեպ է, իսկ մեր կրթության կազմակերպիչներն այսօրվա հասարակության ծնունդ են: Այսինքն, մեր կրթահամալիրում աշխատում են ազատության, ինքնուրույնության, ինքնիշխանության 25-27 տարիների ընթացքում կայացած մարդիկ:

Մեր ծրագիրը տեքստ է՝ ուղղված ծնողին, հասարակությանը, այն մարդուն, որը տեսնում է դրա ապագան: Եվ շատ լավ նշան է, որ մեր կրթահամալիրի աշակերտների թիվն ավելանում է: Հայաստանում արտագաղթ է, իսկ մեր պատվիրատուն, որը միջին հայաստանցին է, ընտրում է մեզ, թեև Երևանի կենտրոնից հեռու ենք գտնվում: Հիմա մեր աշակերտների ընդամենը 20 %-ն է Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, իսկ 80 %-ի համար դա ոչ թե այլընտրանք է, այլ իրական ընտրություն:

Դուք նաև հետևում եք, որ աշակերտները լսեն ու շփվեն ոչ միայն ուսուցիչների, այլև բազմազան հյուրերի հետ, որոնք թարմ հոսանք են բերում դասասենյակներ: Դա սկզբունքայի՞ն որոշում է:

Իհարկե: Ոչ թե մունդիրով, այլ գործով հայտնի մարդիկ գալիս են մեր դպրոց ու պարապմունքներ (կլոր սեղաններ, դասեր, հանդիպումներ և այլն) անցկացնում երեխաների հետ:

Նրանք բոլորն էլ բերում են նոր խոսք, ասելիք, միտք, քննարկման մշակույթ: Այս տարվա սկզբից հարյուրից ավելի նոր մարդ է եկել դպրոց՝ իրենց հետ բերելով նոր մոտեցումներ, տարբեր կրթական ծրագրեր:

Մյուս դպրոցներում նման բան չեք տեսնի: Եվ միայն այդ փաստը հերիք է համոզվելու համար, որ դպրոցը Հայաստանում փակ և անմիտ համակարգ է: Եվ անմտությունը ոչ միայն հաստատվել է, այլ հսկվում ու պաշտպանվում է, որպեսզի միտքը հանկարծ որևէ ձևով ներս չթափանցի:

Բայց այդ համակարգն, ի վերջո, պիտի փոխվի, քանի որ հեռանկար ու զարգանալու տեղ չունի: Ու՞ր ենք գնալու… Չենք գնալու, արդեն հասել ենք…

Իսկ ինչու՞ շատ դպրոցներում սովորելը չի ընկալվում որպես հաճույք:

Ես դրա մասին չեմ ուզում խոսել, քանի որ գործ չունեմ «հարևան պետության» հետ: Խոսելու փուլն արդեն անցել եմ: Ինձ հետաքրքիր է մեր ծրագրի տարածումը:

Եվ քանի որ ապրում ենք բաց համակարգում՝ ով ուզում է, կարող է վերցնել մեր հեղինակային կրթական ծրագիրն ու օգտագործել: Մենք կղզի չենք, չորս սահմանային գյուղերում՝ Երասխավանում, Բագարանում, Երվանդաշատում և Մարգարայում, արդեն կիրառվում է մեր ծրագիրը:

Կարևոր է շիտակ գնահատել իրավիճակը: Եթե կա ճանապարհ, ինչու՞ չընտրել այն: Ի՞նչն է խանգարում, որ մեր նախակրթարանը, մեր դպրոց-պարտեզները գյուղերում ու տարբեր քաղաքներում հայտնվեն հավասարար պայմաններում պետականորեն հաստատված կրթական հաստատությունների հետ:

Թող չասեն, որ մենք այլընտրանք ենք կամ ընդդիմություն:

Այո, ես միշտ բթությանը ընդդիմանում եմ: Ինչպե՞ս կարող եմ հետադիմության հետ հաշտ լինել: Ես իշխանություն չեմ, օլիգարխ չեմ, որտեղ ուզում եմ, հեծանիվով գնում եմ, չեմ փոխել նաև իմ քաղաքական հայացքները:

Եվ ուզում եմ, որ հասարակությունը և հատկապես՝ ծնողը տեսնի, որ մենք հանրային կրթահամալիր ենք: Այսինքն, մանկավարժության տեսակետից մեր դպրոցը բաց հասարակության պատվեր է:

Կան սեփական ծրագիրն ունեցող այլ դպրոցներ, որոնք ընտրողների և արտահանողների նման հավաքում են լավ բերքը, բայց չեն աճեցնում այն: Իսկ մեր դպրոցում ոչ ոք նախապես չի ընտրում, գալիս են սովորական երեխաներ, ու մենք բոլորին ժպիտով ասում ենք՝ բարո՛վ եք եկել: Խոսքը ամբողջական ներառական կրթության մասին է, որն էլ հենց հանրակրթությունն է:

Կղզում, այլընտրանքային իրավիճակում ապրելը վտանգավո՞ր չէ:

Ոչ ոք չի ուզում կղզում ապրել, թեև մեզ հենց դրան են մղում: Ժամանակ կա, երբ իրոք պետք է կղզիանալ, փակվել, որպեսզի պահպանես քեզ ու քո գաղափարները: Բայց , իհարկե, այնպես չփակվել, ինչպես Մխիթարյան միաբանությունը, որը փակվեց և այլևս չբացվեց: Այդ վտանգը միշտ կա. միաբան լինելով՝ չկտրվել կյանքից:

Անցյալ տարի մենք վճռականորեն ազատվեցինք դպրոցը շրջապատող ցանկապատերից, և ես դա համարեցի քաղաքական ակցիա: Միանգամից մեկ հարվածով վերացրեցինք մեր կրթահամալիրի բոլոր յոթ շենքերի մի քանի կիլոմետր ձգվող ցանկապատերը, պատնեշներն ու պարիսպները: Բացեցինք լանջերը, անցումները, ազատ տարածքները:

Այսինքն, ջնջեցինք ոչ միայն ներսի և դրսի սահմանները, այլև մեր և թաղի տարբերությունները:

Այդ քայլը շատ արդյունավետ էր, քանի որ բացառում էր կղզի լինելու գաղափարը: Թեև ցանկապատ կոտրելը ֆիզիկական գործողություն էր, բայց նաև մեդիա քայլ: Չկան սահմաններ, ջնջե՛ք սահմանները ձեր մտքերից:

Ի վերջո, պետք է իջնել քաղաք ու քանդել բոլոր ցանկապատերը: Գրագետ, ազատ մարդիկ պետք է հոսեն, դուրս գան, խառնվեն հասարակության հետ ու ասեն՝ հերիք է բամբասել, փնթփնթալ, բողոքել…

Մտեք կյանք ձեր ամենաընդունակ հատվածով ու նախաձեռնություններով: Ներխուժեք կյանք, որ այն փոխվի:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *