Հեռուստացույց հաճախ չեմ նայում։ Սակայն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ուշադրությունս գրավեց մի կարճ ռեպորտաժ, որը պատմում էր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2007-2017 թվականներին։
Միանգամից ասեմ, որ բավականին գրագետ կազմված գծապատկերներ և տեքստեր էին։ Սակայն գծապատկերները արտացոլում էին միայն դրական զարգացումները։ Օրինակ, իմ տեսած ռեպորտաժում ներկայացված էր, թե 2007-2017 ժամանակահատվածում քանի անգամ են աճել վարկերն ու ավանդները, ինչպես է աճել վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչպես են նվազել վարկերի տոկոսադրույքները և այլն։
Հետո իմացա, որ սա նման միակ հոլովակը չէ։ Այս «ակցիայի» շրջանակներում ներկայացվել են մի քանի տարբեր կարճ ռեպորտաժներ, որոնցից մեկը պատմում է ջրային մատակարարման ոլորտի զարգացումների մասին, մյուսը՝ արտաքին առևտրի տպավորիչ ցուցանիշների, երրորդը՝ էներգետիկ համակարգի մասին և այլն։
Կարճ ասած, մեզ ուզում են ցույց տալ, որ 2007-2017-ը միայն ձեռքբերումների տարիներ են եղել (վատ ցուցանիշների մասին չի խոսվում)։ Ընդ որում, պարզ չէ, թե ո՞վ է ցանկանում մեզ այդպես ներկայացնել ամեն ինչ՝ հեռուստաընկերությո՞ւնը, թե՞ տնտեսական բլոկի պատասխանատուները։ Ռեպորտաժում որևէ նշում չկա այն մասին, թե ով է պատվիրատուն կամ ում աջակցությամբ են այս գծապատկերները կազմվել։ Սակայն ակնհայտ է, որ այս քարոզարշավը ամենևին պատահական չէ քաղաքական փոփոխությունների՝ վարչապետի նշանակումից օրեր առաջ։
Իսկ համոզի՞չ են արդյոք այդ թվերն ու գծապատկերները։ Ինչպես նշեցի, դրանք բավականին գրագետ են, ինչից կարելի է ենթադրել, որ այս գործին մասնակցել են մասնագետներ տնտեսական բլոկի պետական կառույցներից։ Սակայն գրագետ լինելը դեռ չի նշանակում համոզիչ կամ անկեղծ։
Ինչի՞ մասին են այս գծապատկերները
Ընդհանրապես, մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասն այնպիսին է, որ դրանք կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է։ Օրինակ, շինարարության ոլորտի կտրուկ անկումը մեկնաբանվում էր որպես տնտեսության կառուցվածքի առողջացում (շինարարությունից կախվածության թուլացում)։ Կամ, երբ ներմուծումը խայտառակ արագ տեմպով աճում էր, ասում էին՝ դա խոսում է բնակչության գնողունակության աճի մասին։
Կամ՝ կարելի է ցուցանիշի մասին «կիսատ» խոսել` առանց ներկայացնելու դրա մյուս կողմը։ Կամ էլ՝ կարելի է պարզապես լռել ցուցանիշի բարելավման պատճառների մասին։
Եվ վերջապես, կարելի է ընդհանրապես «մոռանալ» գծապատկերներ կազմել ամենաառանցքային ցուցանիշների մասին, եթե ցուցանիշները լավը չեն։
2007-2017թթ. սոցիալ-տնտեսական վիճակը՝ հակառակ կողմից
Մենք մի կողմից կփորձենք ներկայացնել կոնկրետ ռեպորտաժների իրական «անկեղծությունը», մյուս կողմից՝ կհիշեցնենք մոռացված ցուցանիշների մասին, կրկին գծապատկերների տեսքով։
Ցուցադրված ռեպորտաժներից մեկում ներկայացված է Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման դինամիկան՝ վերջին 10 տարիների համեմատականով։ Այդտեղից երևում է, որ արտահանման ծավալը կրկնապատկվել է։
Իսկ ինչպիսի՞ն կլիներ գծապատկերը, եթե ցանկություն լիներ ներկայացնել արտաքին առևտրի ամբողջական պատկերը։ Ճիշտ է, արտահանումից բացի պետք է ներկայացնել նաև ներմուծումն ու արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Այդ դեպքում կերևա, որ ներմուծումը նույնպես զգալիորեն աճել է, այսինքն՝ Հայաստանից միշտ ավելի շատ փող է դուրս հոսել, քան մտել։
Նաև կերևա, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը (ճեղքը) գնալով մեծացել է։ Այդ ճեղքը զգալիորեն փոքրացել է միայն 2015-ից, այն էլ՝ ոչ թե արտահանման աճի, այլ ներմուծման կտրուկ անկման արդյունքում։
Ավելի անկեղծ լինելու դեպքում, պետք է նաև նշել, որ օրինակ՝ 2017 թվականին արտահանման և ներմուծման ծավալների կտրուկ աճը մի զգալի մասով պայմանավորված է վերաարտահանմամբ։ Այսինքն, ապրանքները երրորդ երկրներից մտնում են Հայաստան, մաքսազերծվում, հետո արդեն որպես հայկական արտահանում՝ գնում եվրասիական շուկա։ Ցուցանիշները բարելավվում են, սակայն դա որևէ կապ չունի մեր տնտեսության և բնակչության բարեկեցության հետ։ Այսինքն, սրանով անհնար է համոզել բնակչությանը, որ ամեն ինչ լավ է ։
Հնարավոր է՝ սխալվում եմ, սակայն խիստ կասկածում եմ, որ շինարարության մասին առանձին ռեպորտաժ լինի կամ շինարարության ցուցանիշները հիշատակվեն այլ մակրոտնտեսական ցուցանիշների համատեքստում։ Շինարարությունը «մոռացվածների» շարքում է։
Ինչո՞ւ։ Որովհետև ցուցանիշները շատ տխուր են։ 2007-2017 թվականներին՝ 11 տարիներից միայն չորսի դեպքում անկում չի գրանցվել (այդ չորսից էլ 2014 թվականին աճը գրեթե զրոյական էր՝ 0.2%)։ 2017 թվականին իրականացված շինարարության ծավալը ընթացիկ գներով ավելի քան երկու անգամ պակաս է նախաճգնաժամային 2008 թվականի ծավալից։
Կամ, ասենք, խիստ կասկածում եմ, որ այս «ակցիայի» շրջանակներում անդրադարձ կատարված լինի ամենակարևոր տնտեսական ցուցանիշներից մեկին՝ արտաքին պետական պարտքին։ Դե իհարկե, ո՞ւմ է պետք հիշել, որ 2007-2017թթ. ընկած ժամանակահատվածում միայն արտաքին պետական պարտքն աճել է մոտ 4 անգամ՝ 1.45 մլրդ դոլարից հասնելով մոտ 5.5 մլրդ դոլարի։ Սրան էլ եթե գումարենք ներքին պետական պարտքը, ընդհանուր պետական պարտքի գծով՝ տարեցտարի աճող տոկոսավճարները և մի քանի միլիարդանոց պարտքի օգտագործման «արդյունավետությունը», պատկերն ավելի ամբողջական կդառնա և, բնականաբար, ավելի հեշտ մոռացվող։
Սակայն սրանք դեռ ամենատխուր ցուցանիշները չեն։ Հեռուստաեթերով մեզ «մոռացել» են մատուցել, օրինակ, աղքատության և գործազրկության մակարդակների մասին տվյալները։
Որովհետև դժվար է բացատրել` ինչպե՞ս է ստացվում, որ եթերից մեզ ուրախացնող գծապատկերների համաձայն, տնտեսությունը վերականգնվել է, վարկավորումն աճել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է, բյուջեի եկամուտներն ու ծախսերը աճել են, սակայն աղքատության մակարդակը 2016 թվականին ավելի բարձր է եղել (29.4%), քան 2007 թվականին (26.4%):
Նույնը գործազրկության դեպքում է։ 2017 թվականին գործազրկության մակարդակը եղել է 17.8%, ավելի բարձր, քան 2008 թվականին (16.4%)։ Հանուն արդարության նշենք, որ 2007 թվականին գործազրկության մակարդակն ավելի բարձր է եղել՝ 28.7%։ Սակայն 2008 թվականից սկսած՝ գործազրկության ցուցանիշը համադրելի չէ նախորդ տարիների ցուցանիշների հետ (մեթոդաբանության հետ կապված պատճառներով):
Կարող ենք շարունակել «մոռացված» ցուցանիշների ցանկը՝ գծապատկերներ կազմելով եկամուտների անհավասարության, դպրոց հաճախող երեխաների թվաքանակի, հանցագործությունների քանակի և այլն առումներով։ Սակայն, կարծում ենք, այսքանն էլ բավական է՝ պատկերացնելու համար 2007-2017թթ. սոցիալ-տնտեսական վիճակի մասին պատմող այս ռեպորտաժների միակողմանիությունը։
Ու՞մ համար են գծապատկերները
Բայց շատ ավելի հետաքրքիր է հետևյալ հարցը՝ ո՞ր լսարանի համար են այս ինֆոգրաֆիկաները։ Օրինակ, ի՞նչ իմաստ ունի հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել վարկեր/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան, եթե բնակչության մի ստվար հատված չգիտի՝ ի՞նչ է ՀՆԱ-ն և առավել ևս՝ վարկեր ՀՆԱ հարաբերակցությունը։ Կամ՝ ի՞նչ իմաստ ունի խոսել ապրանքների և ծառայությունների արտահանման մասին, եթե քչերը գիտեն՝ ի՞նչ է նշանակում «ծառայությունների արտահանում»։
Նման ռեպորտաժները կարող են «աշխատել» այն երկրներում, որտեղ հասարակությունը բավարար ֆինանսական ու տնտեսագիտական գրագիտություն ունի։ Իսկ ֆինանսական գրագիտություն ունեցող մարդկանց նման «ֆիլտրած» գծապատկերներով անհնար է խաբել։ Այնպես որ, այս ռեպորտաժների շարքի իմաստը ոչ մի դեպքում հնարավոր չէ հասկանալ։
Փոխարենը, շատ ավելի ճիշտ, հասկանալի և ողջունելի կլիներ, եթե համապետական սփռման ալիքներով ուսուցողական հաղորդումներ նախապատրաստվեին, որոնք մատչելի լեզվով մարդկանց կբացատրեին՝ ինչ է ՀՆԱ-ն, ինչ է պետական պարտքը, ինչ է բյուջեն, ինչպես է այն գոյանում, ինչ է փաստացի տոկոսադրույքը և այլն։ Սակայն մասնավոր ալիքները նման բան չեն անում, որովհետև կարծում են՝ լսարանը փոքր կլինի, ըստ այդմ՝ հովանավորներից ու գովազդից եկած փողն էլ՝ քիչ։ Ավելի ձեռնտու է սերիալներ նկարահանել և ցուցադրել, ինչը և արվում է։
Բաբկեն Թունյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: