2016.04.01,

Նյուսրում

Բոլոր ժամանակների 8 լավագույն ապրիլմեկյան կատակները մեդիայում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Լրագրողները միշտ սիրել են ապրիլի 1-ին կատակել իրենց լսարանի հետ: Համաշխարհային մեդիայի պատմությունը հարյուրավոր դեպքեր է գրանցել, երբ մարդիկ լուրջ են ընդունել լրատվամիջոցների ապրիլիմեկյան կատակ-լուրերը:

Ներկայացնում ենք կատակի օրվա առիթով ստեղծված լավագույն 8 պատմությունները:

Թեթչերի և Գորբաչովի սիրավեպը

Ապրիլի 1, 1987: The Daily Mirror-ը հրապարակել էր լուր Միացյալ թագավորության վարչապետ Մարգարեթ Թեթչերի և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի սիրավեպի մասին: Թերթը գրել էր, թե երկրների ղեկավարների միջև սիրավեպը բռնկվել էր Թեթչերի՝ Խորրդային միություն այցի ընթացքում: Նյութն ուղեկցվում էր լուսանկարներով, որոնք արվել էին Մոսկվայի Գորկիի այգում:

Նրանցից մեկում Թեթչերը շոյում էր Գորբաչովի դեմքը: Մեկ այլ լուսանկարում՝ նրանք գրկախառնված զբոսնում էին: Լուսանկարներում իրականում նրանց նմանակներն էին, որոնք կարողացան շփոթեցնել հազարավոր մարդկանց: Շատերը ցնցված էին, որ ամուսնացած Թեթչերը կարող էր նման վարք դրսևորել հրապարակայնորեն:

Իրականում Թեթչերը Մոսկվայից մեկնել էր 1987 թվականի ապրիլի 2-ին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, թե ինքն ու Գորբաչովը «լավ էլ լեզու են գտել՝ չնայած, որ շատ տարբեր են»:

Ճարպ հեռացնող գուլպաներ

Ապրիլի 1, 2000: The Daily Mail-ը գրել էր, թե «Esporta Health Clubs»-ը նոր գուլպաներ է արտադրել, որոնք կօգնեն մարդկանց նիհարել: Այս հեղափոխական գուլպաները ներծծելու են մարմնի ճարպերը, երբ մարդու ոտքերը քրտնեն: Գուլպաները հայտնագործող պրոֆեսորը հայտարարել էր, թե մարդու մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նա սկսելու էր քրտնել, իսկ քրտինքի միջոցով մարմնից հեռանալու էին նաև նրա ճարպերը: Քրտնելուց հետո գուլպաները հնարավոր էր լվանալ՝ լվանալով նաև անցանկալի ճարպը:

Վայրկենապես գունավոր հեռուստացույց

Ապրիլ 1, 1962: Շվեդական SVT (Sveriges Television) հեռուստաընկերությունը իր տեխնիկական փորձագետին հրավիրել էր լրատվական հաղորդմանը, որպեսզի նա տեղեկացնի նոր տեխնոլոգիայի մասին, որի շնորհիվ հեռուստադիտողները կարող են իրենց տան սև ու սպիտակ հեռուստացույցները դարձնել գունավոր:

Փորձագետը բացատրել էր, որ հեռուստացույցը գունավոր դարձնելու համար ընդամենը պետք է նեյլոնե գուլպաներ փռել դրանց վրա: Նա ասել էր, որ գուլպաների ցանցի վրա լույսն այնպես է ընկնում, որ ստացվող պատկերը դառնում է գունավոր:

Հազարավոր մարդիկ հավատացել էին: Շատ շվեդներ այսօր էլ հիշում են, թե ինչպես էին իրենց ծնողները տնով մեկ վազում՝ նեյլոնե գուլպա փնտրելով՝ հեռուստացույցի վրա փռելու համար:

 

Լիխտենշտեյնի հարսները

Ապրիլ 1, 1928: Berliner Illustrite Zeitung-ը հոդված էր հրապարալել հարսների ներկրման ընկերության մասին, որը ստեղծվել էր Լիխտենշտեյնի տղամարդկանց կին մատակարարելու նպատակով: Ամսագրում գրված էր, որ Լիխտենշտեյնը կորցնում է կանանց, քանի որ նրանք աշխատանք փնտրելու համար մեկնում են հարևան Շվեյցարիա և Ավստրիա: Խնդիրը լուծելու համար կառավարությունը որոշել է կանայք ներկրել՝ կանխելու բնակչության թվի նվազեցումը:

Ամսագիրը գրել էր, թե Եվրոպայով մեկ գտնում էին համապատասխան կանայք և բեռնափոխադրող մեքենաներով հասցնում Լիխտենշտեյն, որտեղ նրանք վաճառվում էին ամուսնական շուկաներում: Լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել Լիխտենշտեյնում, քանի որ տղամարդիկ հաստկապես վիրավորվել էին, որ լուսանկարում պատկերված հարսները (բոլորն էլ թմբլիկ) դուրս են գալիս բեռնափոխադրող մեքենաների թափքից:

Նրանց կարծիքով՝ դա նսեմացնում էր Լիխտենշտեյնի կանանց գեղեցկությունը: Կառավարության որոշ պաշտոնյաներ այս հոդվածն ու լուսանկարը համարել էին գերմանական անճաշակ հումորի նմուշ: Հոդվածը վերահրապարակվել էր աշխարհով մեկ, ինչի հետևանքով վիրավորական լուսանկարն ավելի մեծ տարածում էր ունեցել, քան նախատեսված էր:

 

Հոլանդական թեղու հիվանդությունը ախտահարում է կարմրահերներին

Ապրիլ 1, 1973: BBC-ն հեռարձակել էր հարցազրույց ակադեմիկոս Քլոթիերի հետ, որը խոսում էր կառավարության ջանքերի մասին՝ կանխելու Հոլանդական թեղու հիվանդության տարածումը: Պրոֆեսոր Քլոթիերը հայտարարել էր, որ հիվանդության հետ կապված որոշ հայտնագործություններ են եղել. օրինակ՝ Ախտաբանության և շրջակա միջավայրի բժշկման լոնդոնյան դպրոցը հայտնագործել էր, որ Հոլանդական թեղու հիվանդությունը իմունիտետ է ձևավորում սովորական մրսածության դեմ: Սակայն այն ունի նաև հակացուցում:

Ծառի հիվանդության հետևանքով կարմիր մազերը դառնում են դեղին և արդյունքում սկսում են թափվել: Քլոթիերը զգուշացնում էր կարմրահերներին մոտակա ժամանակներում հեռու մնալ անտառներից: Իրականում Քլոթիերը երգիծաբան Սփայք Միլիգանն էր:

 

Բրիտանական եղանակի մեքենան

Ապրիլ 1, 1981 The Guardian-ում քննարկում էր սկսվել հետաքրքիր գիտական հայտնագործության վերաբերյալ: Բրիտանացի գիտնականները Փերշորում մշակել էին մի մեքենա, որն իբրև կարող էր 5000 կիլոմետր տրամագծով վերահսկել եղանակը:

Բրիտանացիների համար սա լավ լուր էր, քանի որ երաշխավորում էր երկարատև ամառներ՝ միայն երեկոյան ժամերին անձրևներով, բայց տխուր լուր էր Եվրոպայի մյուս երկրների համար, քանի որ Եվրոպան ստանալու էր այն եղանակը «որը Փերշորը կորոշեր ուղարկել այնտեղ»:

Ձիապոչային լույսեր

Ապրիլ 1, 1961: Քանի որ Միլանի ծայրամասերի բնակիչները 1961 թվականին դեռ ձի էին վարում քաղաքում, La Notte թերթը որոշեց կատակ անել նրանց հետ: Թերթը հայտարարեց, թե քաղաքային իշխանությունները նոր օրենք են ընդունել, որպեսզի ձիերը կարողանան գոյակցել ավտոմեքենաների միջավայրում:

Նոր օրենքի համաձայն՝ քաղաքում երթևեկող ձիերի պոչին պետք է ամրացվեին ազդանշանային ու արգելակման լույսեր: Այս լուրից հետո շատ մարդիկ իրենց ձիերին տարել էին ավտոմեխանիկների մոտ՝ անհրաժեշտ լույսերով զինելու:

Հեռարձակում խափանող կրծկալ

Ապրիլ 1, 1982: The Daily Mail-ի հրապարակած նյութը տեղեկացնում էր, որ տեղացի արտադրողներից մեկը 10,000 «խարդախ կրծկալ» է արտադրել, որը եզակի և աննախադեպ խնդիրների պատճառ է դառնում ոչ թե կրողների, այլ հանրության համար: Կրծկալի մետաղալարը պղնձից է, որն ի սկզբանե նախատեսված է եղել հրդեհի ազդանշանային համակարգում օգտագործման համար:

Երբ այդ պղինձը շփման մեջ է հայտնվում նեյլոնի և մարմնի ջերմության հետ, այն արտադրում է ստատիկ էլեկտրականությունը, որն, իր հերթին, խափանում է լոկալ հեռուստա և ռադիոհեռարձակումները:

Նյութը կարդալուց հետո British Telecom-ի գլխավոր ինժեները պահանջել է, որպեսզի իր լաբարատորիայի բոլոր կին աշխատակիցները հայտնեն, թե ինչ տիպի կրծկալ են հագնում:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *