Բաց տվյալների մշակման հետ կապված խնդիրները Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Բաց տվյալների (Open Data) առկա շտեմարանները Հայաստանում մի կողմից բավական շատ տեղեկատվություն են տրամադրում, մյուս կողմից` տեղեկատվությունը տրամադրվում է առանց կոնկրետ ֆորմատի, հստակ ձեւի։ Կայքից կայք փոխվում է տրամադրման ձեւը։ Մի տեղում պարզապես html տարբերակ է, մեկ այլ տեղում՝ pdf, doc, xls։

Կան նաև շտեմարաններ, որոնք տվյալները տրամադրում են միայն փնտրելու միջոցով։ Չկա ընդհանուր մոտեցում, թե ինչպես, ինչ ֆորմատով կարելի է հրապարակել տեղեկությունը։ Օրենսդրության պահանջը, փաստորեն, կատարվում է, հրապարակումը իրականացվում է, սակայն տվյալների հետ աշխատանքը բարդանում է։

Հանդիպում են տվյալներ, որոնք արդեն հնացել են կամ սխալ են կամ կայքում տեխնիկապես հասանելի չեն։

Բարդանում է աշխատանքը ոչ միայն կոնկրետ ուսումնասիրության համար։ Շատ դեպքերում գրեթե անհնար է դառնում տեղեկատվության հետ մեքենայացված աշխատանքը։

Պետական գերատեսչությունից տրամադրվող տեղեկատվությունը երրորդ կողմի վերամշակման դեպքում կարող է դառնալ հասարակական կյանքը բարելավող բազմաթիվ ծրագրերի հիմք. օրինակ, կրթական համակարգի, տրանսպորտի, բնապահպանության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների՝ համակարգված եւ ավտոմատացված կերպով մշակված տեղեկատվությունը։ Բայց նման լուծումներ ստանալու համար, տեղեկատվությունը պետք է․

  • միշտ լինի թարմ, վերանայված, ճշգրիտ,
  • լինի մեքենաների համար ընթերցվող ֆորմատով, օրինակ XML, CSV եւ այլն,
  • տրամադրվի մի քանի ֆորմատով:

Տեղեկատվության հետ աշխատելու համար այսօր կարևոր է դառնում հատուկ API-ն, ինչը այսօր Հայաստանում դեռ անտեսվում է։

Ներկայացվող տվյալների վերաբերյալ բազմաթիվ այլ հարցեր են առաջանում։ Օրինակ՝ բավական անհասկանալի է տվյալների տիրապետման մոտեցումը։ Բոլոր պետական կայքերում կարելի է գտնել copyright նշանը եւ համապատասխան գրառում՝ «©, Հեղինակային իրավունքները պաշտպանված են» (միայն նախագահի պաշտոնական կայքում լրացուցիչ տեղադրված է Creative Commons 3.0 լիցենզիան, որը ենթադրում է նյութերի ավելի ազատ օգտագործում։ Չնայած, տվյալ դեպքում էլ պարզ չէ, թե ինչու է ընտրվել հենց 3.0 տարբերակը):

Նման մոտեցումը նշանակում է տեղեկատվության մշակման եւ վերահրապարակման սահմանափակում։ Մյուս կողմից` պետական կայքերի վրա տեղադրված տեղեկատվության գերակշռող մասը՝ նորությունները, տվյալների շտեմարանները, փաստաթղթերը, ընդհանրապես հեղինակային իրավունքի առարկա չեն։ Իսկ փոքրաթիվ այն նյութերը, որոնք կարող են հեղինակային իրավունքի առարկա լինել, օրինակ՝ լուսանկարները և տեսանյութերը, ստեղծված են պետական բյուջեի գումարներով, եւ դրանց հանդեպ հեղինակային իրավունքի սահմանափակումները հակասում են հանրային շահին։

Հասկանալի է, որ հեղինակային իրավունքի նշումը ավտոմատ կերպով է տեղադրվում պետական կայքերի վրա՝ կրկնելով համացանցային ընդհանուր մոտեցումը։ Սակայն նման հարցերին չհամակարգված մոտեցումը անբարեխիղճ պաշտոնյաներին տեղեկատվության հետ աշխատանքում չարաշահումների հնարավորություն է տալիս։

Հ․Գ․ W3C կոնսորցիումն ունի նկարագրված առաջարկներ բաց տվյալների հրապարակման վերաբերյալ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *