2017.09.08,

vox populi

Արփինե Առաքելյան. «Մեդիան՝ փոփոխությունների գործիք»

Դպրոցն ավարտելուց հետո առաջին անգամ հանդիպեցի ընկերներիս: Ոչ ոք չէր փոխվել, դե գոնե արտաքինից: Հանդիպումը սպասված էր ու թվում էր, թե դպրոցական տարիների կատակներն ու զվարճալի պատմությունները պիտի նույնքան արդիական ու զավեշտալի լինեին, ինչքան մի քանի տարի առաջ էին: Բայց չէ..

Մենք ավելի շատ լուռ էինք, քան զրուցում էինք, անգամ մի պահ թվաց, թե մեր միջև անտեսանելի պատնեշներ են կանգնել, անդունդներ են գոյացել ու մենք միևնույն ծննդավայրից, դպրոցից ու ուսուցիչներից բացի արդեն շատ քիչ բան ունենք ընդհանուր: Տարիները փոխել էին մեր պատկերացումները, հայացքները, հետաքրքրությունները, նախասիրությունները, աշխարհայացքը ու մարդկանց և երևույթներն արժևորելու ու գնահատելու չափանիշները:

Սուրճ, թեյ, կակաո, երեք բաժին էլ լռություն ու հաշիվը… Դուրս ենք գալիս սրճարանից զբոսնելու: Հա, զբոսնելու, իսկ մի քանի տարի առաջ թափառում էինք զուտ անմիտ, աննպատակ: Մի քանի նկար ի հիշատակ այս անմոռանալի օրից ու վերջ:

Տուն գնալու ճանապարհին մտքերը հանգիստ չէին տալիս, ու ես փորձում էի գտնել հարցի պատասխանը. ի՞նչն է փոխում մարդկանց ու ի՞նչն է ամենից շատ կարևորվում մարդու ինքնակատարելագործման ճանապարհին: Պարզ է, հարցս ծնվել էր ընկերներիս հետ կիսաշփումից հետո ու հարցի պատասխանն էլ պիտի գտնեի նրանց օրինակներով:

Ի՞նչն է պատմում մարդու մասին ամեն ինչ: Իհարկե, սոցիալական ցանցերում ակտիվությունը, հրապարակումներն ու, չեք հավատա, բայց անգամ նախընտրելի երաժշտությունը: Մի քանի օր փորփրեցի ընկերներիս անձնական էջերն ու օրեր տևած փնտրտուքը տվեց ցանկալի արդյունքը: Ես հասկացա, թե ինչն է փոխում մարդուն, ինչն է ծնում մարդու մեջ սոցիալական էակին ու ինչն է ստիպում մարդուն դառնալ սոցիումի մասնիկ:

Ընկերներիցս մեկի անձնական էջն ամբողջությամբ ողողված էր երաժշտարվեստի ամենասիրուն ու ամենահարուստ դրսևորումներով, մշակութային տարբեր իրադարձությունների մեկնաբանություններով, ֆիլմերի նկարագրություններով, տեղ-տեղ մտքերի գրոհով ու ինքնատիպ քննադատություններով: Մյուսի մոտ իրավիճակը լրիվ այլ էր… չինաճապոնական մշակույթ, նի հաու դեմքեր, ու համարյա ամեն ինչ Չինաստանի հետ կապված:

Հաջորդ հանդիպմանը տեղեկատվական բազայով ավելի հարստացած էի ու ավելի պատրաստ հաղթահարել անտեսանելի պատնեշներն ու «ապօրինաբար» ներխուժել իրենց հետաքրքրությունների սահմաններից ներս: Ու ինչ պարզեցի ներխուժման հետևանքով. ամբողջ օրը մշակութային հաղորդումներ նայելն ու հոդվածներ կարդալը տնտեսագետ ընկերուհուս մոտ առաջացրել էին մշակութային հետաքրքրություններ, իսկ անգլերենի սիրահար լեզվաբանը չինաճապոնակորեկան ֆիլմերի ազդեցության տակ սկսել է հետաքրքրվել Չինաստանի պատմությամբ ու մշակույթով:

Փաստորեն ստացվում է, որ մարդը դառնում է իր ստացած ինֆորմացիայի դրսևորումն ու առարկայական արտահայտությունը: Ինչ ինֆորմացիայով սնում ես քեզ, դրա արտացոլումն էլ դառնում ես ինքդ:

Գլոբալիզացման ուղին բռնած քաղաքակիրթ աշխարհն այսօր չի կարող գոյատևել առանց մեդիայի, ու մերօրյա մեդիան է կերտելու մեր վաղվա օրը: Ինչ որակի ինֆորմացիա փոխանցես հասարակությանը, ինչ աստիճանի մշակվածություն ունենա հրապարակումդ կամ հոդվածդ, ինչքան հավաստի կլինեն խոսքերդ, ինչքան հետաքրքիր լինի նյութի մատուցման եղանակը, նույն աստիճանի հետաքրքրություն, որակ ու հավաստիություն էլ կունենան մարդկանց մտքերը, մոտիվացիայի աղբյուրները ու ոգեշնչումները:

Առհասարակ, ես հակված եմ այն մտքին, որ մարդուն միայն դպրոցում կամ համալսարանում չեն կրթում, մարդ կրթվում է կյանքում ամեն օր, ամեն պահի, յուրաքանչյուրի հետ զրուցելու ընթացքում, ամեն կարդացած գրքից հետո ավելի է թրծվում, ամեն տեղեկատվական նյութ ու հաղորդում դիտելուց հետո ավելի է իմաստնանում:

Մենք սովոր ենք այն իրողությանը, որ պետք է դեմքի խիստ արտահայտությամբ մեկը լինի, որ մեզ հրամայի կամ հարկադրի այսինչը կարդալ, այնինչը նայել, որ ինչ որ բան սովորենք, բայց մոռանում ենք, որ ինքնակատարելագործման ճանապարհին մենք մենակ ենք ու մենք ենք մեր մտքերը սնուցողը:

Սոցիալական ցանցերն այսօր հրաշալի հարթակ են ինքնաիրացվելու և ինքնադրսևորման համար, դու կիսում ես քո մտքերը, քո հույզերը, ոգեշնչում քո օրինակով մարդկանց ու դառնում մեծ հաղթանակների փոքր հովանավորը:

Մեդիան մեզ անհրաժեշտ ինֆորմացիայի օբյեկտիվ դրսևորումն ու այն արտահայտող եղելությունը չէ միայն, մեդիան ես եմ, դու ես, մենք բոլորս` որպես տեղեկատվության ինքուրույն կրողներ: Իսկ ո՞վ է ասել, թե մեդիայի դրսևորումները միայն, օրինակ, տպագիր հոդվածը կամ հեռուստատեսային հաղորդումներն են:

Մեդիան իմ ու քո զրույցն է, իմ ու քո հասարակ շփումը, որի ընթացքում ես քեզ վրա ազդում եմ ճիշտ այնքան, որքան թիթեռնիկի շարժումը երկրագնդի վրա, բայց ազդում է, չէ՞:

Մեդիան զվարճանք չէ, մեդիան աշխարհ է, որում ապրում ենք: Հետաքրքիր է, որ իմ արտասահմանցի ընկերներին ու ինձ բաժանում են տասնյակ աշխարհներ, բայց մենք միասին ապրում ենք այս ինքնատիպ աշխարհում ավելի մոտ ու ավելի ջերմ, քան հազարավորները մի տանիքի տակ:

Մեդիան փոխում է աշխարհը, վերացնում սահմաններ, դարձնում ամեն բան հասանելի ու կառավարելի: Մեդիայի շնորհիվ մենք օրեցօր բացահայտում ենք անբացահայտելին ու երբեմն տեսնում  անտեսանելին: Մեդիան և հատկապես սոցիալական ցանցերը զարգացնում ու խորացնում են միջմշակութային կապերը՝ երկիրը դարձնելով համաշխարհային ժառանգություն` զերծ սահմաններից ու զերծ սահմանապահներց:

Մի քանի ամիս առաջ սկսեցի կարդալ «Վենուս» նախագծի մասին: Իրոք զիլ է: Աշխարհի վերափոխման ծրագիրն է (լրիվ իրատեսական): Արժեքային համակարգս փոխվել է, աշխարհը վերաիմաստավորվել, ու ես պատրաստ եմ փոխել աշխարհը քո ու բոլոր վենուսականների հետ: Իսկ ինչպես կփոխեի աշխարհը առանց «Վենուսի» ու առանց էն տեղեկատվության, որ ինձ հասցրին համացանցը, առցանց հասանելի զեկույցներն ու տեսաձայնագրությունները: Դժվար է ասել…

Արփինե Առաքելյան
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող
Այս աշխատանքը արժանացել է 2017թ. «Ես եմ մեդիան» մրցույթի խրախուսական մրցանակի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *