2011.06.01,

Քննադատ

Արտահայտվելու նոր ձեւ. Curation կամ Համակարգում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Գուտենբերգի գյուտը բացեց հրատարակչության դռները, բայց թերթ տպելու համար անհրաժեշտ եւ բավարար պայմանները չվերացան: Միեւնույն է՝ ասելիք ունենալու համար պետք է վազվզել, տեղեկատվություն հավաքել, գրագետ եւ հետաքրքիր շարադրել միտքը: Նկարների մասին էլ չեմ խոսում:

Նույն ձեւով էլ ինտերնետային տեխնոլոգիաները բացեցին ինտերնետում արտահայտվելու սահմանները, բայց «ազատ հրատարակիչները» ազատված չեն հետաքրքիր բովանդակություն ստեղծելու պարտականությունից: Պետք է.
ա. Ասելիք ունենալ,
բ. Կարողանալ ասելիքը գրագետ ձեւակերպել,
գ. Կարողանալ ասելիքը ճաշակով փաթեթավորել եւ մատուցել,
դ. Ունենալ սեփական ոճ:

Բլոգ ունենալը մոդայիկ է դարձել, կամ ինչպես ասում են արդիական: Բայց բացված բլոգների թվին զուգահեռ աճում է լքված բլոգների թիվը: Տեխնիկապես հեշտ է ընտրել հարմար բլոգ պլատֆորմ եւ բլոգ գրանցել: Ավելի բարդ է այդ բլոգը կենդանի պահելը: Բլոգ վարելը բլոգավարի կողմից ամենօրյա աշխատանք է պահանջում. ձեւավորել բլոգը, թեմաներ գտնել, գրել, կապ պահպանել ընթերցողի հետ: Նաեւ սա է պատճառը, որ շատերը բլոգ պլատֆորմներից անցնում են սոցիալական ցանցեր: Հատկապես Facebook:

Ինտերնյուսում սոցիալական մեդիա դասընթացների ընթացքում նկատել եմ. բլոգ բացել ցանկացողների համար ամենադժվարը հետաքրքիր, գրագետ տեքստ գրելն է: Մարդկանց դուր է գալիս լուսանկարներ անել, նույնիսկ տեսանյութ նկարահանել եւ մոնտաժել: Շատերի մոտ նկարահանումը հեշտությամբ է ստացվում: Բայց գրելու հմտությունը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել (դեռ չեմ խոսում դպրոցական տարիներից մնացած ուղղագրական ու շարահուսական սխալների մասին):

Ինտերնետային տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում լուծում են նաեւ գրելու հմտություններից զուրկ մարդկանց արտահայտվելու խնդիրը: Ենթադրենք մեկը շատ լավ տեղյակ է գորգագործությունից եւ ցանկանում է կիսվել իր գիտելիքներով, բայց սեփական լուսանկարների եւ տեսանյութեր չունի եւ մտքերը չի կարողանում գրավոր ձեւակերպել: Նրան օգնության են գալիս նոր սերնդի պլատֆորմները, որոնք անգլերեն ստացել են curation ձեւակերպումը: Այդ տերմինը թարգմանենք «համակարգում» բառով: Համակարգում առաջարկող ամենահայտնի կայքերն են Storify.com-ը, Scoop.itStoryful.com-ը:

Ի՞նչ կարելի է անել ինտերնետային բովանդակության համակարգում առաջարկող կայքում: Այստեղ գրանցվողը կարող է ստեղծել պատմություն՝ օգտվելով ինտերնետի անսահմանափակ ռեսուրսներից:

Հոդվածը կառուցվում է ձեր ընտրած թեմայով այլ հոդվածների, լուսանկարների, տեսանյութերի, թվիթների օգնությամբ: Ասենք, գորգագործության մասին գրել ցանկացողը կարող է հավաքել ինտերնետից իր ընթերցողին հետաքրքրող բովանդակությունը եւ այն տեղավորել իր հոդվածում: Ինտերնետային բովանդակության համակարգմամբ զբաղվող    օգտագտերը հնարավորություն ունի նաեւ վերնագրել իր հոդվածը, տեքստ գրել, ինչպես նաեւ տեքստ ավելացնել՝ իր ընտրած լուսանկարները, տեսանյութերը մեկնաբանելու համար:

Պատրաստ հոդվածը կարելի է տարածել սոցիալական ցանցերով:

Storify-ից օգտվելու դեպքում՝ հոդվածը նաեւ սեփական կայք կամ բլոգ տեղափոխելու հնարավորություն կա: Իսկ Scoop.it-ը միշտ առաջարկում է նոր պատմություններ ավելացնել ձեր ընտրված թեմայի, ասենք՝ գորգագործության մասին գրառումներին, հարստացնել եղած նյութը:

Համակարգման սկզբունքով աշխատող կայքերը լուծում են տեքստ գրելու, պատմություն կառուցելու լրագրողական հմտություն չունեցողների խնդիրները: Դրանք հնարավորություն են տալիս տարբեր աղբյուրները մեկ տեղում հավաքելով մուլտիմեդիա պատմություն ստեղծել, հրապարակել այն եւ տարածել:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *