2012.11.28,

Տեսակետ

«Ապրում ենք «ֆասթ» լրագրությամբ շրջապատված»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Դերասան, երաժիշտ Նարեկ Դուրյանը հասցրել է ապրել տարբեր երկներում՝ ՍՍՀՄ-ում, բուրժուական Եվրոպայում, չճանաչված ազատ Արցախում ու անկախ Հայաստանում։ Եվ գրեթե ամեն անգամ իր կյանքը զրոյից սկսելով՝ հանգել է այն մտքին, որ ամենաարժեքավորը ամենօրյա ու չափազանց կոնկրետ աշխատանքն է։

Նա նշանակալի (և կարևորը՝ առանց պաթոսի) հեղաշրջում արեց հայաստանյան թատրոնում՝ ցույց տալով, որ թեթև, անտրեպրիզային կոմեդիաներ բեմադրելն ավելի շատ ճաշակ, գիտելիքներ ու դերասանական ճկունություն է պահանջում, քան դասական ողբերգություններն ադապտացնելու գործը։ Թեթևությունը բարդ ու թանկ հատկանիշ է թատրոնում։

Նարեկ Դուրյանը մինչև ուղնուծուծը դերասան է, լի է գաղափարներով ու բաց է մարդկային շփման առջև, արագ ոգևորվում ու նույնքան արագ էլ հիասթափվում է։ Հիմա նա փոքր-ինչ հիասթափված է։ Երևի ինչպես բոլորս… 

 

Համաձա՞յն եք, որ հանրային մասագիտություն ունեցող մարդու համար ճանաչելի լինելու լավագույն միջոցը լրագրողների ուշադրությունն է։

Բնավ այդ մտքի հետ համաձայն չեմ։ Ի վերջո, ես ճանաչելիություն եմ ձեռք բերել ոչ թե լրագրողների ու հեռուստաէկրանի, այլ թատրոնի շնորհիվ։

Լրագրողների ուշադրությունը ինձ ընդհանրապես պետք չէ։ Մանավանդ, որ մենք հիմա Հայաստանում ապրում ենք անպատասխանատու ժուռնալիստիկայով շրջապատված։

Տպավորություն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողները աշխատում են առանց որևէ ապացույց կամ հիմնավորում գտնելու ու վստահ են, որ իրենց մեղադրանք կամ պատիժ չի ներկայացվի։

Օրինակով խոսեմ։ Վերջերս հարցազրույց էի տվել թերթերից մեկին ու ասել, որ շատ ուրախ եմ Հայաստանում տեսնել այնպիսի թատրոնի հանդիսատես, որը թեև ունևոր չէ, բայց ներկայացումների տոմս է գնում, քանի որ ուզում է հարմարավետությամբ դիտել ներկայացումը՝ լավ տեղում նստած։

Իհարկե, մենք բոլորս էլ գիտենք, որ 4 հազար դրամ տոմսի համար վճարել ոչ բոլորն են կարող, բայց ես, իրոք, շատ ուրախ եմ, որ մարդը պատրաստ է այդ գումարը տալ թատրոն գալու համար։ Իմ այդ միտքը թերթն ամբողջովին աղավաղել էր՝ հանելով կոնտեքստից՝ գրել. «Նարեկ Դուրյանն ուրախ է, որ իր ներկայացման 4 հազարանոց տոմսերը ծախվում են»։ Ես նման բան չեմ ասել, և իմ ներկայացումների մասին ընդհանրապես խոսք չի եղել։ 

Այդ օրվանից ես որոշել եմ թերթերին հարզացրույցներ չտալ։

Խոսում եմ միայն այն լրագրողների հետ, ում կուրորեն վստահում են։

Բայց հեռուստատեսային հաղորդումներին մասնակցում եք…

Էկրանին շատ չեմ երևում. ո՛չ սեփական հաղորդում ունեմ, ո՛չ էլ սքեթչերի եմ մասնակցում։ Համ էլ, հեռուստատեսությամբ ես իմ ասածի տերն եմ։

Նույնիսկ եթե խոսքը մոնտաժվո՞ւմ է։

Նույնիսկ այդ դեպքում։ Իսկ թերթերն ու ինտերնետային կայքերը կարող են ցանկացած ամբախ-զամբախ բան գրել։ Ես շատ զգայուն մարդ եմ ու չեմ դիմանում լրագրողների հարձակումներին։ Մարդ կա հանգիստ, նույնիսկ հաճույքով է կարդում իր մասին գրած ցանկացած լուր (անգամ սուտ, քանի որ գիտե, որ պատասխանելու է այդ ստին), իսկ ես լարվածությունից գիշերները չեմ քնում։

Ընդհանրապես մեդիայից փախչում եմ, լրագրողները թող իմ մասին չխոսեն, ինձ դա պետք չի։ Լրագրողը գալիս է հանդիպման առանց պատրաստվելու, անգամ առանց ներկայացումները դիտելու։

Թատրոնների խնդիրների, ներկայացումները վերլուծող հոդվածների մեր մեդիայում չես հանդիպի։ Լավագույն դեպքում ներկայացման կամ ֆիլմի սյուժեն են պատմում ու ասում, թե ովքեր կային դահլիճում։

Դուք երկար տարիներ ապրել եք Փարիզում (հիմա էլ եք հաճախ լինում)։ Լրագրողների աշխատանքում տարբերություն նկատե՞լ եք։

Սփյուռքահայ թերթերի մասին չեմ ուզում խոսել, քանի որ դա համատարած դիլետանտիզմ է։ Իսկ ֆրանսիական մեդիան բոլորովին այլ կերպ է աշխատում, քան հայաստանյանը։ Նախ՝ ոչ թե մեդիան է ընկնում քո հետևից, այլ դու ես ամեն բան անում լրատվամիջոցի ուշադրությանը արժանանալու համար։

Լրագրողը շատ բարձր, որոշ դեպքերում էլ գրեթե անհաս մի բան է։

Ֆրանսիայում լրագրողների երկու տեսակ կա։ Մեկը գրում է փողով և դա չի թաքցնում (ժամանակին ուզում էի, որ իմ մասին գրեր «Ֆիգարոն» ու պարզեցի, որ այդ թերթր գովազդային մի տողն արժե 7 հազար ֆրանկ)։ Իսկ լրագրողի երկրորդ տեսակը գրում է այն, ինչ ինքն է ուզում։

Երկու տիպի լրագրողների հետևից էլ պիտի ընկնես, քանի որ նույնիսկ եթե «Նարեկը լավ տղամարդ է» նախադասության համար 7 հազար ֆրանկ ես վճարել, դա չի նշանակում, որ լրագրողը այդպես էլ կգրի, քանի որ նա դեռ մտածելու է՝ գրե՞լ, թե՞ չգրել։ 

Իսկ երբ լրագրողը համաձայնում է քեզ հետ հարցազրույց անել, դու նախևառաջ քո մասին պատմող մի ամբողջ գրադարան ինֆորմացիա ես ուղարկում նրան, որպեսզի նա քեզ հետ ծանոթանա։ Իսկ հետո նա սկսում է պրպտել ինտերնետային տարածքը՝ ինֆորմացիան ամբողջացնելու համար։

Լրագրողը գալիս է հարցազրույցի չոր, զուսպ ու սառը կեցվածքով։

Ի դեպ, ֆրանսիացի լրագրողը երբեք թույլ չի տա իր հետ պայմանավորված ժամանակից ավել խոսել (որ հանկարծ խելքը չուտես, համակրելի չդառնաս)։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հարցազրույցում սուբյեկտիվության նշույլ անգամ չհայտնվի։

Հանկարծ փորձիր լրագրողին ասել՝ ուզում եմ կարևոր ինֆորմացիա հայտնել, բայց խնդրում եմ, դրա մասին չգրեք։ Եթե ասացիր, վստահ եղիր՝ հենց այդպես էլ գրելու է։

Օրինակ՝ հայտնի ռուս լրագրող Ալեքսանդր Լյուբիմովը (ում հետ որպես թարգմանիչ տարիներ առաջ աշխատում էի Փարիզում) «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում լրագրողին ասել էր. «Ձեզ գաղտիքով ասեմ»։ ԵՎ հոդվածը հենց այդ՝ «Ձեզ գաղտիքով ասեմ» վերնագրով էլ տպագրվեց։

Այսինքն՝ «գաղտնիքը» ոչ միայն հրապարակվեց, այլև հոդվածի հիմքը դարձավ։

Ես դա նորմալ եմ համարում, քանի որ այդպիսին է լրագրողի մասնագիտությունը։ Լրագրողը հո սուտ բան չի՞ գրել։ Նա իր գրածի տերն է։

Նկատելի է, որ Հայաստանում մեդիա կազմակերպությունները շատացել են։ Լրագրողների աշխատանքն էլ մեծ պահանջարկ ունի։ Չե՞ք կարծում, որ դա փոքր-ինչ արժեզրկում է այդ մասնագիտությունը։

Այսպես ասեմ. քայլելով քաղաքով՝ պիտի պատրասատ լինես, որ ամեն քայլափոխի քեզ կարող է մոտենալ մի աղջիկ, միկրոֆոնը պարզել ու ասել. «Ես լրագրող եմ։ Ի՞նչ եք մտածում ծառուղու վեցերորդ ծառի յոթերորդ տերևի մասին»։

Պատկերացրեք, թե ես մոտենամ մարդկանց ու ասեմ՝ ես դերասան եմ։ Բա ինձ չե՞ն հարցնի՝ ի՞նչ դերասան ես, որտե՞ղ ես խաղում, ինչո՞ւ որոշեցիր մեզ մոտենալ։

Կարծում եմ՝ այսօր լրագրությունը դարձել է «Ֆասթ» (ինչպես «ֆասթ ֆուդը»), արագ գրվում, ծամվում ու առանց երկար-բարակ վերլուծության ենթարկվելու՝ տպագրվում։

Ընդհանրապես, ամեն ինչն է դարձել «ֆասթ», նաև թատրոնը, կառավարությունը, պատգամավորների հոսքերը։

Սերիալն ի՞նչ է։ Կինոյի նմանությամբ «ֆասթ» արտադրանք, որի տարբեր մասերը իրար հետևից հուպ տալով, ինչ-որ բան են373 ուզում թողարկել։ Նույնն էլ ֆասթ լրագրությունն է… Հուպ են տալիս ու արագ մի բան գրում։ Եվ հետն էլ փորձում են դատարկ տեղից մի սկանդալ պեղել։ Եվ շատ խղճուկ արդյունք է ստացվում, քանի որ գտած սկանդալը հեչ նման չէ սկանդալին, ավելի շուտ աղտոտություն է։ 

Իհարկե, Ֆրանսիայում հաճախ են տարբեր տեսակի սկանդալներ ծագում, մարդիկ դրանց մասին կարդում են, ասում «Օ, լա, լա» ու արագ մոռանում։ Իսկ Հայաստանում ամեն մի մանր դեպք վեց ամիս շարունակ ազգովի քննարկվում է։

Հայաստանում, թերևս, քիչ են այն հանրային անձինք, ում կարծիքը կարելի է լուրի ֆորմատով մատուցել։ Այդ պատճառով էլ լրագրողներին հետաքրքրում են արվեստի մարդիկ, քանի որ նրանք միշտ էլ մի ուշագրավ բան կասեն։

Լրագրողները (համենայնդեպս, նրանք, ում հետ շփվելու առիթ եմ ունեցել) չգիտեն՝ ինչի մասին են խոսելու ու ինչ են ի վերջո ուզում գրել։ Ասենք՝ զանգահարում են ու ասում՝ մոտենում են ընտրությունները, ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր կլինեն նախագահի թեկնածուները։ Եվ միանգամից զգում ես, որ այդ լրագրողը բանուգործ չունի։

Ասեմ, որ ընտրություններն ինձ բոլորովին չեն հետաքրքրում։ 30 տարի ապրել եմ Փարիզում ու երբեք չեմ գնացել ընտրությունների։ Երևանում էլ չեմ գնում։

Ինչո՞ւ։

Էությամբ ես ռոյալիստ եմ ու ուզում եմ թագավոր ունենալ։ Դա ասում եմ ամենայն լրջությամբ՝ համարելով, որ կան ժողովուրդներ, որոնք դեմոկրատիա չեն ընդունում։ Ռուսների համար, օրինակ, դեմոկրատիան անհասկանալի մի բան է, նրանց տեր՝ «ցար» կամ «խոզյաին» է հարկավոր։ Մեզ մոտ էլ է նույնը։

Համաձայնեք, որ մեզ համար էլ տեր (ում եղբայրները, հորեղբոր ու մորեղբոր տղերքը նույնպես փոքր տերերի պաշտոններում կդասավորվեն) ունենալն ավելի ընդունելի իրավիճակ կստեղծի։ Թատրոնի լեզվով ասեմ՝ մեր խաղացած կյանքի ժանրն ավելի հստակ կլինի։

Թե չէ ստացվում է, որ խաղում ենք դեմոկրատիա, բայց լրիվ այլ միջավայրում ենք ապրում։

Հիշենք, որ երբ Հայաստանում հեռուստատեսության հետ կապված հարցեր առաջացան, մարդիկ նամակ գրեցին նախագահին, այլ ոչ թե այլ իրավասու մարմնին, քանի որ երևի թե մտածում էին՝ բա ո՞ւմ գրենք։

Եվ թող ոչ մեկին չթվա, որ Ֆրանսիայում կա դեմոկրատիա։ Վերջերս, օրինակ, աջակողմյան կուսակցության մեջ մի մեծ սկանդալ եղավ. պարզվեց, որ կուսակցության առաջնորդի ընտրություններին ավելի շատ մարդ է քվեարկել, քան կուսակցական անդամներն են։ Եվ դա տեղի էր ունեցել մեկ կուսակցության մեջ, էլ չեմ խոսում նախագահական ընտրությունների մասին։

Այնպես որ, այդ առումով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ոչ մի տարբերություն չկա։

Միակ տարբերությունը էթիկետն է՝ այնտեղ փողկապով քաղաքական գործիչներն են իրար հայհոյում՝ «Օ, լա, լա» ասելով, իսկ այստեղ իրար ասում են՝ կտամ, կսպանեմ։ 

Իսկ ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում լավ սերիալներ ստեղծել։ Թվում է, որ գումար, դերասանական ներուժ ու գաղափարներ կան, բայց էկրանային նովելները միայն ցածր բնազդների վրա են կառուցվում։

Սերիալների միակ լավ կողմն այն է, որ դերասանները հնարավորություն ստացան իրենց սառնարանները լցնել։ և վերջ։ Չէ՞ որ երբ մայրը (այս դեպքում պետական թատրոնները) իր երեխային (դերասանին) անտեր է թողնում, երեխան ընկնում է փողոց (այս պարագայում՝ սերիալ)։

Հայկական սերիալներն, իրոք, ահավոր են՝ լեզվի, ճաշակի, կերպարների առումով։ Անկեղծ ասեմ՝ չեմ կարող դրանք դիտել, փորձում եմ հասկանալ, բայց չի ստացվում։ 5 րոպե դիտելուց հետո սկսում եմ ինձ վատ զգալ, ինչպես ասում են սփյուռքահայերը՝ նեղություն կուգա վրաս։

Կարող եմ սերիալներից մեկում հնչած դիալոգից մեջբերում անել (եթե ինքս լսած չլինեի, չէի հավատա, որ նման բան կարող է լինել)։ Մի տղամարդ մյուսին հարցնում է. «Ապե, յարիդ հետ ո՞նց ես»։ Պատասխան. «Ապե, շատ լավ»։ «Ինչքա՞ն լավ»։ «Էնքան լավ, որ մոտը տռում, ֆսում եմ, ապե»։ «Հա, հա, հա»։

Լսեցի ու բերանս բաց մնաց։ Դժվար է, չէ՞, հավատալ, որ նման խայտառակ տեքստով է սիրո աստիճանը որոշվում, բայց երդվում եմ, որ հենց բառացի եմ մեջբերել։

Ֆրանսիայում, օրինակ, Սարկոզին Օլանդի հետ հեռուստատեսությամբ բանավիճելիս բերանից թռցրեց «putain» բառը, Օլանդն էլ շատ բնական ձևով հակադարձեց՝ հասկացանք «putain, putain»… Ասեցին ու սահուն անցան առաջ։ 

Ֆրանսերենում հայհոյանքը լեզվի բնական մաս է դարձել, իսկ հայերենում շատ գռեհիկ ու սարսափելի անբնական է հնչում՝ վանելով լսարանը։

Ախր, ինչպե՞ս կարելի է «տռել, ֆսել» ասել ու հետո դրա վրա հռհռալ։

Իսկ եթե հնարավորություն ունենայիք ազդել հեռուստատեսային ծրագրերի վրա, ի՞նչ հաղորդում կուզենայիք տեսել եթերում։

Կուզեի տեսնել այնպիսի հաղորդում, որը հավասարապես հետաքրքիր կլինի և՛ հայաստանցիներին, և՛ սփյուռքահայերին։ Մտահոգիչ, կարևոր թեմաները շատ են ու կարելի է, իրոք, որակյալ ու հետաքրքիր հաղորդաշար անել մեր կյանքի մասին։ Չէ՞ որ մենք հա՛մ այս, հա՛մ էլ այն կողմում ենք։

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *