2012.11.08,

Քննադատ

Անաչառ, թափանցիկ, եթերային ոստիկանություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Ոստիկանության ու հեռուստատեսության համագործակցությունն ավելի խորն ու բազմաբնույթ է դառնում։ Հիմնվելով փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա՝ այն իր դրսեւորումն է ստանում տարբեր ժանրային հաղորդումներում, հատուկ ռեպորտաժներում ու ծավալուն հարցազրույցներում։

Մենք արդեն ընտելացել էինք, որ լրատվական դաշտում ոստիկանության աշխատանքը պարզաբանող ու ցուցադրող պապարացցի-լրագրող ունենք (ի դեմս Գագիկ Շամշյանի), ում կերպարն արդեն նույնացել է ոստիկանության ուշադրությանը արժանացած մեծ ու փոքր պատահարների ցուցադրման ու այդ պատահարները լուսաբանող յուրօրինակ լեքսիկոնի հետ։

Սակայն վերջին օրերի ընթացքում իսկական հեռուստաաստղ դարձավ արդեն ոչ թե լրագրողը, եւ ոչ էլ շարքային ոստիկանը, այլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով տարբեր ալիքներով հակիրճ կամ ընդարձակ, բայց միշտ շատ դիպուկ բաներ է ասում։ Նոյեմբերի 3-ին ասում է բանիմաց ու ազնիվ ոստիկանի կերպար ստեղծելու պահանջի մասին, ցանկություն է հայտնում, որ այսուհետ «տգետ ոստիկանը կամ քննիչը տեղափոխվեն այլ աշխատանքի»:

Նաեւ հիշեցնում է, որ լրագրողների ու ոստիկանների մասնագիտությունները նման են, քանի որ պայքարում են արդարության հաստաման համար։ Հոկտեմբերի 20-ին  առաջարկում է. «Եթե տեսնեք, որ մեր պարագայում անազնվություն կա, առաջին քարը նետեք իմ ուղղությամբ»։

Նոյեմբերի 4-ին «Սուր անկյուն» հողորդման ընթացքում ոստիկանապետը եկեղեցու ֆոնին քայլելով՝ խոստանում է (ինչպես անում են մարտաֆիլմերի անոնս-թրեյլերներում). «Շուտով դուք կլսեք լայնամասշտաբ ձերբակալությունների մասին»։ Եվ հետո վստահեցնում է, որ երկար սպասել չի տա։ Մի խոսքով՝ սպասեք շարունակությանը…

Որպես շարքային հեռուստադիտող, իհարկե, կարելի է զարմանալ թե ինչու է Ոստիկանապետի ներկայությունը էկրանին այդքան լայնամասշտաբ դարձել, սակայն որպես կոփված շարքային հեռուստադիտող կարելի է նաեւ ենթադրել, որ այդ ամենը իզուր չէ։ Եվ առանց կրակ ծուխ չի լինում։

Միակ բանը, որը բարդ է հասկանալ, լրագրողների դերակատարությունն է։ Նոյեմբերի 2-ին էլ Հայաստանի ուժային կառույցների առանցքային դեմքերից մեկը լրագրողներին Նոր կտակարան է նվիրում, ասում է քար նետելու, տգետներին այլ աշխատանքի տեղավորելու, «սրբվելու» կարիքի մասին, իսկ լրագրողների մոտ ցանկություն չի առաջանում մեկնաբանել կամ գոնե ավելի կոնկրետացնել այդ ծայրաստիճան ուշագրավ հայտարարությունները։

Լրագրողները մեջբերում են խոսքն ու գեղեցիկ մատուցում այն։ «Սուր անկյան» վարողն օրինակ, կրկնում է Ոստիկանապետի այն միտքը, որ ոստիկանությունից «մանիկյուռի հոտ չպիտի գա» (տես 22.55-59 րոպեն): Ափսոս, որ այդ միտքը մինչեւ վերջ չբացատրվեց:


«Ես հանրապետության նախագահի խոսքերը բառացիորեն եւ ուղղակի եմ ընդունում, առանց ենթատեքստերի եւ առանց իմ երեւակայությունների»,- ասում է ոստիկանապետը։ Եվ նույնն էլ անում են լրագրողները՝ շատ դեպքերում ոստիկանապետի ասածն են ընդունում բառացիորեն։

Ի դեպ, «Արմքոմեդին» լրագրողների հետ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո կատակեց՝ մերկ ոստիկանի պատկերը երեւակայելով։


Կարծես ընտելանում ենք, որ լայն սփռում ունեցող մեդիան ու պետական ուժային կառույցները կշեռքի նույն նժարի վրա են կանգնել, ու կշեռքի հավասարակշռությունն արդեն կայուն չէ։

Ոստիկաններն ու լրագրողները տարբեր հաստ ու բարակ թելերով մի տեսակ իրար են միահյուսվել։ Նույնիսկ այնքան ամուր են միահյուսվել, որ լսարանի կարիքն էլ արդեն չի զգացվում։ Տպավորություն է, որ Ոստիկանություն ու մեդիան (հատկապես վերջին շաբաթվա ընթացքում) իրար համար են աշխատում։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *