2019.05.13,

Քննադատ

Ամենամեծ մեդիա կապիտալը լսարանի արձագանքն է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Ամեն դռնից, լուսամուտից ու ճեղքից մեզ վրա են թափվում լրատվական կաթիլներ, շիթեր, հեղեղներ: Անընդհատ սպառում ենք մի նոր լուր, հետո ավելի նոր ու թարմ, ավելի հուզական ու հրատապ, հետո կարդում ու լսում դրան հակառակվող, հերքող ու սուտ որակվող մի նոր մեկնաբանություն:

Անվերջ մի շրջապտույտ է, որտեղ ապրելով, իրական կախվածություն ենք ձեռք բերում թարմ լրահոսից (նեղսրտում ենք, եթե չենք տեսնում, թե ինչ է կատարվում հենց հիմա):

Այս իրավիճակից ամեն մարդ փորձում է ինքնուրույն դուրս գալ՝ չկրելով լուրջ վնասներ ու խուսափելով լրատվական թակարդներից: Իսկ դրանք ամենուրեք են, քանի որ քաղաքական շահերին գումարվում է նաև առևտրային շահը: Քեզ վաճառում են լուրը, իսկ գինը քո արձագանքն է:

Եվ նշանակություն չունի, թե դա ինչպիսի արձագանք է՝ հավանություն, վստահություն, կասկած, թե զզվանք: Արձագանքի կուտակման համար են գրում ու նկարահանում բոլոր լրատվականները:

Երբ Հայաստանում արդիական դարձավ ֆեյք լուրերին ու մեդիա մանիպուլյացիաներին դիմադրելու հարցը, ու այդ մասին հայտարարեց ամենաբարձր պաշտոնյան, առավել կարևոր դարձան ոչ թե պատժիչ գործողությունները (ԱԱԾ-ի ներգրավմամբ), այլ լսարանի դերը:

Հայաստանում ֆեյք լուրերի ու մանիպուլյացիաների մասին խոսելիս ցանկալի է հիշել, որ ոչ մի հաստատություն, մարմին, անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյա ու փիլիսոփա չի կարող պնդել, որ ասում է մաքուր ճշմարտություն ու նպատակ չունի համոզել լսարանին:

Նորությունները գրվում են, լրատվական առիթները ստեղծվում են արդեն իսկ հաշվի առնելով, թե ինչ մարդիկ և ինչ լրատվամիջոցներ են դրանք տարածելու, հավանելու ու օգտագործելու, իսկ որոնք՝ քննադատելու, քարկոծելու, հայհոյելու:

Հիմա Հայաստանի լրատվաստեղծ դաշտում կա մի քանի կարևոր կետ, որոնք արժե հաշվի առնել:

Նույն նպատակներ և տերեր (մեծ հաշվով) ունեցող լրատվամիջոցները ու հանրային կարծիք ստեղծողները աշխատում են տանդեմներով:

Մի լրատվամիջոց հղում է անում մյուսին, իսկ մյուսը հղում է անում իրեն (ես՝ քեզ, դու՝ ինձ): Հետո երկուսը միասին հղում են անում օրինակ, սոցցանցային մի ակտիվ օգտատիրոջ, որը այդ մի քանի լրատվամիջոցի համար դառնում է հիմք:

Թեև, իհարկե, այդ պրակտիկան եղել է միշտ, սակայն հիմա իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Մեկ տանդեմով աշխատող լրատվամիջոցները հիմնականում չեն տարածում այլ լրատվամիջոցների նյութերը, անգամ եթե դրանք պայթուցիկ ու կարևոր են: Փոխադարձ հղումները հիմա ոչ թե երբեմն, այլ միշտ են: Անգամ տպավորություն է, որ դա պարտադրված է, որ ամեն մեկի լրահոսում անպայման պետք է մյուսի նյութերը լինեն:

Այդպիսով նրանք ընդգծում են յուրայինների նեղ շրջանակ: Ու հաճախ լսարանին հարկավոր է լինում իմանալ, թե որ լրատվամիջոցներն են մտնում այդ շրջանակի մեջ, որպեսզի հասկանալի լինի, թե ովքեր են մեզ լուր մատակարարում ու ինչ են մեզանից սպասում:

Հիմնականում սպասում են, որ մենք մեզ կպահենք այնպես, ինչպես իրենք կանխատեսում էին: Կռահելի կերպով կվախենանք ու կռահելի կերպով կուրախանանք՝ լսելով այս կամ այն լուրը:

Ամենապահանջված ապրանքը լրատվական դաշտում, վախն է:

Վախն ու տագնապը լրահոսում հիմնականում խտացվում են, երբ պետք է լինում լսարանի մոտ արթնացնել արագ արձագանքելու բնազդը: Կարդացի՞ք, անցեք գործի. մոտավորապես այդպես է կառուցվում նման հարթակների լրահոսը:

Արժե հիշել, որ այն լրատվամիջոցը, որը անհապաղ գործողության է մղում իր լսարանին, մեղմ ասած, չի հարգում իր ընթերցողին, փոխարենը հաջողությամբ մոնետիզացնում է մեր տագնապով լի հոգեվիճակը: Սկզբից առաջացնում է այդ հոգեվիճակը, հետո դրանով գումար աշխատում:

Ի վերջո, վախից դրդված երբեք չենք կարող ճիշտ որոշումներ ընդունել, մեզ պետք է սառը, ռացիոնալ գործող գլուխ:

Հայաստանում լսարանի վախերը արթնացնող մի քանի հույժ խոցելի ու նուրբ թեմաներ կան, որոնք պարբերաբար սկսում են շրջանառվել ու դրդում դիմել որոշակի իռացիոնալ գործողությունների:

Այդ վախերից են՝ եկեղեցու պաշտամունքի մեղմացումը, նույնասեռականների գրոհը կամ դրսի ուժերի դավադրությունները:

Օրինակ, մեդիա հարթակը կամ մեդիա անձը կարող են անընդհատ դիմել լսարանին՝ ասելով, որ քանի դեռ ուշ չի պետք է գործել, այլապես «թշնամիները» (նույնասեռականները, այլ դավանք ունեցողները գրանտակերները, պետական պաշտոնյաները, կարմիր մաշկի գույն ունեցողները) կգան ու կվտանգեն հայկական ինքնությունը:

Այդ թեմաներին վերջերս ավելացավ պատվաստումների վախը, որը կարծես դարձավ միացնողը բոլոր վախերի (դրսի ուժեր, քրիստոնեությունը կորցնելու վտանգ, դավադրություններ):

Բոլոր ժամանակներում մեդիա շուկայում տագնապող լսարանն ավելի թանկ արժեք ունի, քան հավասարակշռվածը, քանի որ տագնապներն ու տագնապողներին կարելի է ուղղորդել:

Տագնապից է ծնվում մեկ այլ մանիպուլյատիվ հնարք՝ հայտարարվում է ոչ թե տեղի ունեցածի, այլ սպասվելիքի մասին:

Օրինակ, ասվում է, թե որոշվել է աշխատանքից ազատել բոլոր դպրոցների տնօրեններին, կամ պայմանավորվածություն կա, որ իշխանությունները որևէ մեկից ուզում են բիզնեսը խլել ու տալ իրենց յուրայիններին:

Կամ ասվում է, որ երգիչը կարող է հաղթել մրցույթում:

Հնարավորի մասին  խոսելը որպես փաստի կամ առնվազն՝ լրատվական առիթի, ոչ միայն ավելացնում է այսպես կոչված «մեր աղբյուրների», «հավաստի, բայց անանուն աղբյուրների» ձևաչափով գրված լուրերը, այլև մարդկանց գիտակցության մեջ խզում է առաջացնում:

Մարդը սովոր չէ կարդալ մի բան, որը ապառնի ժամանակով է: Անգամ գեղարվեստական գրականության մեջ դա ընդունված չէ: Օրինակ, հերոսը ոչ թե գնալու է, քննարկելու է, որոշելու ու քայլ է անելու, այլ՝ գնաց, քննարկեց, որոշեց:

Լրատվամիջոցները օգտագործում են ապառնի ժամանակը՝ ցույց տալու համար, որ տիրապետում են դեռ գաղտնի ինֆորմացիայի, ու ավելի զգոն են, քան իր ընթերցողները:

Երբեմն դա պարզապես մրցակցային քայլ է, սակայն ավելի հաճախ՝ մտածված կառուցվածք:

Ապագային հղում անելն այն դեպքերում, երբ խոսքը ներկայի մասին է, զրկում է տեղեկությունը պատմողականությունից: Ինչպե՞ս պատմես այն, ինչը դեռ չկա:

Ցանկացած տեղեկություն նաև նախադասություն է

Լրահոս կարդացողները առողջապես ճիշտ քայլ կանեն, եթե լուրը դիտարկեն նաև քերականության տեսանկյունից: Այսինքն, որոշեն բայի ժամանակը, նախադասության ենթական ու ստորոգյալը: Դա կօգնի նաև տարանջատել գլխավորն ու երկրորդականը:

Օրինակ, եթե լրատվամիջոցը ուզում է թաքցնել մի բան, որը արդեն թաքցնել չի ստացվի, կփորձի լղոզել լուրը՝ առաջնայինը մղելով երկրորդ պլան, իսկ երկրորդականը դարձնել լուրի հիմք:

Զգայուն թեմաների դեպքում՝ լուրի հիմք կդարձնի ավելի մեծ, հեղհեղուկ ու ոչ ստուգելի հասկացությունները (ազգը, քրիստոնյա ազգը, պայքարող ազգը) ու դրան կհարմարեցնի առիթը (պատվաստումը, տրանսգենդերի ելույթը ԱԺ-ում կամ հիվանդ երեխային):

Երբեմն օգուտ է կազմաքանդել լուրը ու տեսնել, թե ինչը ինչի հետ է նույնացվում և ինչպես է կառուցվում պատճառահետևանքային շղթան: Եթե հոդվածի կամ ռեպորտաժի հեղինակը հայտնում է կամ մեջբերում է ուրիշի հայտնածը այն մասին, որ պատվաստումով կամ որևէ գրքով նպատակ կա ոչնչացնել հայ ազգը ու նետել նրան դժոխք, ուրեմն ամենայն հավանականությամբ, նա ուզում է, որ մենք վախենանք ու տարածենք այդ վախը:

Լրահոս կարդալը ավելի բարդ գործ է, քան երբևէ, քանի որ լրատվական օրակարգ ստեղծելու մենաշնորհ ու պատասխանատվություն չկա, և օրակարգը ստեղծվում է լսարանի հաշվին:

Ինչպես վամպիրներն են սնվում արյամբ, այնպես էլ քաղաքական շահ ունեցող լրատվամիջոցներն են սնվում էմոցիաներով: Եվ վախը դրանցից «ամենաարժեքավորն» է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *