2014.03.11,

Քննադատ

Ալկոհոլի չափաբաժինը հեռուստատեսային գովազդի շուկայում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ժամը 22:00-ից առավոտվա 6-ը ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրելու մասին խորհրդարանական քննարկումները բուռն էին: «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը ԱԺ պատգամավորներին առիթ տվեցին խոսել, օրինակ, հեռուստատեսությունների սեփականատերերի կամ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին: 

Այն, որ հեռուստատեսային գովազդային դաշտի կանոնները փոփոխվելու են, պարզ էր դեռ 2013թ.-ի դեկտեմբերից, երբ կառավարությունը խորհրդարան ներկայացրեց Հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդն արգելելու մասին օրինագծերի փաթեթը: Ընդ որում՝ այս փոփոխությունը դե ֆակտո արդեն գործում է: Ով Առաջին ալիք է դիտում, նկատած կլինի, որ գործնականում այնտեղ գովազդ չի հեռարձակվում: Հանրայինում ընդունել են խաղի կանոնները եւ, մինչեւ նախագծի օրենք դառնալն էլ, ապրում են նոր կանոններով:

Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ օրվա մեջ 8 ժամով թունդ ալկոհոլային խմիչքների թույլատրումը դեպի հեռուստատեսությունների բյուջեն տարեկան մոտ 1 միլիարդ դրամ կուղղի (մոտ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար): 

Հիմա Հայաստանի հեռուստատեսային գովազդի շուկան փորձագիտական գնահատականներով՝ տարեկան մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում: Հեռուստագովազդի վաճառքով զբաղվող Media international service հայ-ուկրաինական համատեղ սեյլս հաուսի տնօրեն Տիգրան Սաֆարյանը գնահատականներով՝ մեր հեռուստաշուկան փոքր է եւ, մինչեւ անցյալ տարի, այդ փոքր շուկայի թվերը ուռճացված էին ներկայցվել: 

Լրացուցիչ 2.5 միլիոնը մոտ 10%-ով կմեծացնի շուկան, սակայն, միեւնույն է, այն դեռ բավարար չի լինի միայն Երեւանում 14 հեռուստատեսային ալիքի լիարժեք ֆինանսավորման համար: Պարզ է, որ այդ գումարը հավասարաչափ չի բաշխվի: Մեծ հեռուստաընկերությունները կստանան այդ գումարի մեծ բաժինը, փոքրերը՝ փոքր:  

Օրինագծերը փաստ են արձանագրում՝ Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկան փոքր է, Հայաստանում հեռուստաընկերությունները տնտեսապես վատ վիճակում են: Ու այս տեսակետից  հեռուստատեսությունների մենեջերները, որոնց հետ զրուցել եմ, միանշանակ գոհ են խաղի կանոնների այս փոփոխություններից: 

Իհարկե, հեռուստատեսային դաշտում էլ մեծ փոփոխություններ չեն լինի: Քաղաքական, օլիգարխիկ կամ կուսակցական կապերը, որոնք կային, կպահպանվեն: Այլ կերպ ասած՝ «ալկոհոլը մեր եթերում» օրինագծերը հասարակության համար աշխատող հեռուստատեսության ստեղծմանը այնքան էլ չեն օգնի: 

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *