«Ժամանակն է քաղաքը բեռնաթափել գովազդային աղբից»

12.03.2019, vox populi

Քաղաքը հենց այնպես չի գոյատևում, քաղաքային տարածության բոլոր տարրերը կրում են որոշակի իմաստ և կազմում բնակիչների կենսաշխարհի մասը:  

Տարիների ընթացքում քաղաքի դիմագիծը վաճառվել է: Իմաստի կորստի արդյունքում քաղաքային միջավայրի որոշ հատվածներ կարող են կորցնել արտահայտչականությունը կամ ընդհանրապես վերանալ որպես ընկալման պատկեր:

Տեսողական ընկալումը ենթադրում է շրջապատող միջավայրի նշանների ապակոդավորում և ունի համապարփակ բնույթ, այսինքն, ոչ մի տարր, օբյեկտ չի ընկալվում առանձին, մյուսներից կտրված: Համադրվում է մնացած տարրերի հետ չափերով, գույնով, արտահայտչականությամբ և այլ չափանիշներով: Այդ ամենի արդյունքում ծնվում են զգացողություններ այդ միջավայրի հանդեպ:

Այսօր Երևանը հազիվ է շնչում գովազդային պատկերների ծանրության տակ:

Բեռնաթափումը պետք է սկսել քաղաքի կենտրոնական փողոցներից և հանել ոչ միայն բուն գովազդային պաստառները, այլև մետաղյա գովազդակրերը: Քաղաքի որոշ հատվածներում մի քանի մետրը մեկ վահանակ է տեղադրված, ինչը վկայում է, որ ժամանակին տարբեր սխեմաներով այդ տարածքները «յուրացվել» են»:

Քաղաքի բազմաթիվ շենքերի համալիր լուծումները ծածկվել են կոմերցիոն պատկերներով, որոնք ժամանակի ընթացքում մեր աչքին միգուցե դարձել են սովորական, բայց ամենացավալին այն է, որ արդյունքում աղավաղվել է քաղաքի ճարտարապետական դիմագիծը:

Մենք և զբոսաշրջիկները տարբեր ենք ընկալում քաղաքը:

Բնակիչները գիտեն քաղաքը և տեղեկացված են նրա տարբեր հատվածների վերաբերյալ, բայց հաճախ տարված առօրյայով՝ գրեթե ուշադրություն չեն դարձնում քաղաքի գեղագիտական բաղադրիչին:

Քաղաքի բնակչի համար առավել կարևոր են քաղաքի ֆունկցիոնալ հնարավորությունները: Նրանք ակտիվանում են միայն փոփոխությունների ժամանակ:

Մինչև քաղաք այցելելը զբոսաշրջիկի մոտ լուսանկարների օգնությամբ ձևավորվում է քաղաքի մտային պատկերը: Հետագայում այդ կերպարը շարունակում է կառուցվել, լրացվել ակտիվ ընկալման արդյունքում ձևավորված տպավորություններով:

Նրանք մեծ հետաքրքրասիրությամբ են ուսումնասիրում քաղաքի ճարտարապետությունը, փորձում պատկերների և սիմվոլների ապակոդավորման միջոցով ստանալ քաղաքի սոցիալական նկարագիրը:

Օրինակ, զբոսաշրջիկը փողոցում տեսնում է անտուն մարդկանց, աղբակույտեր, հետո շքեղ ցուցափեղկեր, սկսում է ապակոդավորել վիզուալ պատկերները, գտնել սոցիալական մեկնաբանումներ: Հասկանում է, որ քաղաքի մատուցումը չի համապատասխանում քաղաքի և նրա բնակիչների իրական սոցիալ-տնտեսական կարգավիճակին:

Քաղաքի կենտրոնական փողոցների գովազդները սպառող հասարակության պիտակ են ձևավորում: Գովազդների մեծ մասը նպատակաուղղված է գրպանից փող հանելու` նրան մի տուր, ինձ տուր, իմ արտադրանքն ավելի որակյալ է: Պատմական, մշակութային, սոցիալական բովանդակությունը շատ քիչ տոկոս է կազմում: Քաղաքը շնչող համակարգ է, մարդը ձևավորում է քաղաքը, իսկ քաղաքն էլ իր հերթին ձևավորում է բնակչին:

Աշխարհի տարբեր քաղաքներում կիրառված կտրուկ որոշումների ընդունման մասին, ինչի արդյունքում քաղաքները փոխել են իրենց դիմագիծը և ոգին:

Այսպես, 1500-ից ավելի եվրոպական, ամերիկյան քաղաքներ օրենքներ են ընդունել հրաժարվել կամ քաղաքի որոշ գոտիներում կանոնակարգել գովազդները:

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում 2006-ին օրենք ընդունվեց մաքուր քաղաքի մասին, համաձայն որի՝ պետք է ապամոնտաժվեին գովազդային վահանակները, տրանսպորտային միջոցների և խանութների առջև տեղադրված ամբողջ արտաքին գովազդը:

Բիզնես շրջանակներում դժգոհություններ կային, որ 20 հազար մարդ գործազուրկ է մնալու, բյուջեն 18 մլն դոլար է կորցնելու, քաղաքը դառնալու է միատարր և անլույս:

Պնդում կար, որ գովազդը նաև արվեստի ձև է: Բայց չնայած ընդվզումներին, օրենքն ընդունվեց:

Մեկ տարվա ընթացքում ապամոնտաժվեց 15 հազար գովազդային վահանակ, փոքրացվեցին և ստանդարտացվեցին խանութների ցուցանակները, հանվեցին փողոցներում տեղադրված գովազդային էկրանները և արգելվեց գովազդային տպագրանյութերի տարածումը փողոցներում:

Առաջին ամիսներին թվում էր՝ քաղաքում հետպատերազմական վիճակ է, ամենուրեք մետաղակույտեր էին: Ժամանակի ընթացքում մարդկանց վերաբերմունքը փոխվեց: 2011թ-ին 11 մլն բնակչության շրջանում հարցում անցկացրին, 70 տոկոսը ողջունեց այդ քայլը:

Հիմա լավագույն ժամանակն է քաղաքը բեռնաթափելու գովազդային աղբից: Իհարկե ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, քանի որ քաղաքային բյուջեն դրանից ֆինանսապես տուժելու է, սակայն քաղաքի տեսքը, ճարտարապետական դիմագծի վերականգնումը, մարդկանց տրամադրությունները, զբոսաշրջիկների տպավորություններն անհամեմատ ավելի կարևոր են:

Կան քաղաքի պատկերային ուղերձներն ավելի հետաքրքիր և նորարար դարձնելու ձևաչափեր` լանդշաֆտային դիզայն, քաղաքային արձաններ և այլ արխիտեկտոնիկ էլեմենտներ:

Ի վերջո, քաղաքի կերպարը ձևավորվում է քաղաքի վիզուալ կերպարի տրանսֆորմացիայի ընթացքում:

Զինաիդա Թոքմաջյան
սոցիոլոգ, «7+1» CSDP սոցիալական
 զարգացման կենտրոն ՀԿ-ի հիմնադիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?