Երևանի քաղաքապետարանում երևի 1984 թվականն է

05.03.2018, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Գևորգյանը նամակ է հղել «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարությանը: Անդրադառնալով փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին և հղում կատարելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից ընտրողաբար մեջբերված մի հատվածի («Արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ...»)` խնդրում է, ոչ ավելի ոչ պակաս, իրեն «տեղեկացնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել լրագրող Սուսաննա Պողոսյանի և օպերատոր Բագրատ Սարոյանի նկատմամբ վերը նշված օրենքի պահանջը խախտելու համար» (նամակի պատճենը՝ ստորև): Նմանատիպ գրություն ստացել է նաև «Ազատություն» ռադիոկայանը:

Անկեղծ ասեմ, երբ սովետական ոճի նավթալինահոտ այդ գրությունը կարդացի, սկսեցի կսմթել ինքս ինձ՝ հասկանալու համար հո երազում չե՞մ....

Չէ, իսկապես, կա նման գրություն, և հիմա էլ, ըստ օրացույցի, 2018 թվականն է: Բայց ինձ թվում է, դա բոլորիս համար, միայն թե՝ ոչ Երևանի քաղաքապետարանի դույն վարչության պետի:

Ընդհանրապես, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Երևանի քաղաքապետարանում ժամանակը կանգ է առել. այստեղ սովետական լավագույն չինովնիկական ավանդույթներն են շարունակվում: Դե, իսկ այդ վարչության պետի օրացույցին 2018-ի փոխարեն երևի 1984 թվականն է, իրեն էլ թվում է՝ ինքը ոչ թե քաղաքապետարանի աշխատակից է, այլ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Երևանի քաղկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի մամուլի սեկտորի վարիչ, իսկ «Ա1+»-ն ու «Ազատությունն» էլ ՀԿԿ Երևանի քաղկոմի օրգան են, և ինքը կարող է նրանց դիմել, որ տեղեկացնեն «ձեռնարկված միջոցների» մասին:

Այսպիսի անհեթեթ անաքրոնիզմ վաղուց չէի տեսել ու այսպես քահ-քահ վաղուց չէի ծիծաղել: Շնորհակալություն պարոնին՝ դրա համար:

Իհարկե, այդ նամակը ծաղրից ու դրա վրա մի կուշտ ծիծաղելուց բացի այլ արձագանքի արժանի չէ: Բայց քանի որ դույն պարոնի պահվածքը, մեղմ ասած, առողջ տրամաբանության շրջանակներից դուրս է, ստիպված եմ մի երկու լուրջ բան ասել:

Առաջին. պարո՛ն, հիշե՛ք (կամ նայեք օրացույցին և, թեպետ դժվար կլինի, բայց ջանքեր գործադրեք հիշելու)՝ հիմա 2018 թվականն է, լրատվամիջոցները վաղուց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից անկախ են և դրանց կամ որևէ կուսակցության օրգան չեն:

Ու քաղաքապետարանի չինովնիկը  իրավունք չունի նրանցից «ձեռնակված միջոցների մասին» տեղեկություն պահանջել, անգամ՝ խնդրել:

Երկրորդ. պարո՛ն, դուք իրավունք ունեք ընդամենը կասկածել, ենթադրել, առավելագույնը՝ կարծել, որ լրագրողների գործողություններում  կարող է օրենքի խախտում լինել: Սակայն իրավունք չունեք իմպերատիվ պնդելու, որ խախտում կա: Օրենքի խախտում լինել-չլինելը կարող է որոշել միայն դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

Բայց դե, քանի որ պարոնի համար հիմա դեռ 1984 թվականն է, ինչպես տեսանք, ինքն իրեն իրավունք է վերապահում միանձնյա  որոշելու, որ խախտում կա և լրատվամիջոցը պիտի իրեն տեղեկացնի խախտում թույլ տված անձանց նկատմամբ «ձեռնարկված միջոցների մասին»: Լավ պրծանք՝ չի գրել «զեկուցել...»:

Երրորդ. եթե անգամ դատարանը վճռի, որ օրենքի խախտում կա (համոզված եմ՝ նման անհեթեթ վճիռ նույնիսկ Հայաստանի  կիսաանկախ դատարանը չի կայացնի), ապա խախտումը վերացնելուն ուղղված գործողությունների կատարման հսկողությունն այլ մարմիններ են իրականացնում, և բնավ քաղաքապետարանի չինովնիկի գործառույթներից չէ՝ պահանջել տեղեկացնել «ձեռնարկված միջոցների» մասին:

Մի քիչ էլ լրջացնեմ, հետո կշարունակենք միասին ծիծաղել սույն անաքրոնիզմի վրա:

Իմ կարծիքով, լրագրողների գործողություններում չկա նման խախտում (կրկնեմ, վերջնական որոշումն ամեն դեպքում դատարանինն է, եթե բանը հասնի «դիվանբաշուն»), որովհետև պարոնի մեջբերած՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի շարունակությունն ասում է. «...բացառությամբ, երբ տեսաձայնագրումը կատարած անձի տեսադաշտից դուրս լինելու կամ նրա համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել», իսկ հոդվածի 3-րդ մասում էլ գրված է, որ նման տեղեկության տարածումը «թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»:

Ինչպես տեսնում եք, քաղաքապետարանի չինովնիկը միտումնավոր կիսատ է մեջբերել հոդվածը. երևի մարդկանց իր արշինով է չափում և կարծում է, թե մենք կարդալ չգիտենք...

Ավարտեմ խորհրդով.

«Ա1+»-ին և «Ազատությանը» խորհուրդ կտամ չպատասխանել այդ նամակին, որովհետև նախ՝ որևէ գրված և անգամ չգրված օրենքով իրենք պարտավոր չեն պատասխանել տեղական ինքնակառավարման մարմնի սովորական մի չինովնիկի որևէ նման գրության:

Երկրորդ, այդ անաքրոնիզմը, կրկնեմ, ծիծաղից, ձեռ առնելուց և արհամարհանքից բացի այլ պատասխանի արժանի չէ:

Եվ, պատասխան չստանալով, դույն չինովնիկը գուցե կհասկանա (էս աշխարհում ամեն ինչ հնարավոր է) իր նամակի զրոյական արժեքը:

Միայն նամակի՞…

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?