World Press Photo-2017. Հաղթողներ եւ միտումներ

13.02.2017, Նյուսրում

Լրագրող

Ամստերդամում ամփոփվել են World Press Photo մրցույթի արդյունքները: Գլխավոր մրցանակը շնորհվել է Associated Press-ի լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին:

Թուրք լուսանկարիչը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը պատկերող հայտնի ֆոտոշարքի հեղինակն է: Մրցանակի է արժանացել ֆոտոշարքից մեկ լուսանկար, որտեղ թուրք մարդասպանը՝ կանգնած սպանված դեսպանի մարմնի մոտ, ատրճանակը բռնած ձեռքը վեր է բարձրացրել:

«Գլխավոր նորություններ» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել ֆրանսիացի Լորան Վան դեր Շտոկը (Getty Reportage for Le Monde): Լուսանկարը կոչվում է «Գրոհ Մոսուլի ուղղությամբ»: Իրաքցի զինվորականները ԻՊ գրոհայիններ են փնտրում Մոսուլի տներում:

«Նախագծեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուս Վալերի Մելնիկովի «Ուկրաինայի սեւ օրերը» լուսանկարը, որտեղ պատկերված է, թե ինչպես են Լուգանսկի բնակիչները փախչում ռմբակոծությունից հրդեհված տնից:
«Բնություն» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է հարավաֆրիկացի Բրենթ Սթիրթընի (Getty Images) «Ռնգեղջյուրների պատերազմները» լուսանկարը: «Պահպանենք վայրի Աֆրիկան» կազմակերպության կամավորը գրկել է ռնգեղջյուրին, որի մորը սպանել են որսագողերը:

World Press Photo-ն ֆոտոլրագրողների անկախ, ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որի կենտրոնակայանն Ամստերդամում է:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1955 թվականին եւ զբաղվում է ֆոտոլրագրության ամենահեղինակավոր մրցույթի կազմակերպմամբ:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է Ամստերդամում: Մրցույթից հետո  կազմակերպվում են հաղթող աշխատանքների ցուցահանդեսներ 40 երկրներում, որոնց ամեն տարի այցելում է ավելի քան 1 միլիոն մարդ:

Բացի «Տարվա լուսանկար» անվանակարգից, մրցույթն անցկացվում է նաեւ հետեւյալ անվանակարգերում՝ թեժ նորություններ, իրադարձություններ, սպորտ, դիմանկարներ, արվեստ եւ զվարճանք եւ այլն:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?