Հայաստանի մեդիայի խնդիրները ըստ տարբեր միջազգային կառույցների գնահատականների

03.05.2012, Նյուսրում

Լրագրող

Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է: Այն հռչակել է Միացյալ ազգերի կազմակերպությունը 1993 թվականին՝ մամուլի ազատության կարեւորության մասին իրազեկությունը բարձրացնելու եւ կառավարություններին հիշեցնելու արտահայտվելու ազատությունը հարգելու եւ աջակցելու իրենց պարտականության մասին, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով:

Տարբեր միջազգային կազմակերպություններ ներկայացրել են Հայաստանում մամուլի ազատության իրենց գնահատականները:

Միջազգային լրատվամիջոցների աջակցության կենտրոնը հրապարակել է «Մամուլի ազատության մակարդակը Հայաստանում 2001-2011 թվականների ընթացքում» զեկույցը: Այն հիմնված է տարբեր կազմակերպությունների մեդիա մոնիթորինգի եւ գնահատականների վրա, որոնք կատարվել են աշխարհի տարբեր երկրներում: Երեք հիմնական գնահատողներն են Freedom House-ը (Մամուլի ազատություն), IREX –ը (Մեդիա կայունության ինդեքսը) եւ «Լրագրողներ առանց սահմանների» (Մամուլի ազատության ինդեքս) կազմակերպությունները:

Freedom House-ի գնահատականն է 65  հնարավոր 100-ից (Ոչ ազատ)
(անցյալ տարի ցուցանիշը կազմում էր 66 միավոր)

 Freedom House-ի գնահատականի դեպքում թիվը որքան մոտ է 0-ին, այնքան վիճակն ավելի բարենպաստ է:

Չնայած սահմանադրական եւ իրավական պաշտպանությանը, մամուլի ազատությունը սահմանափակված է, եւ մեդիա միջավայրը Հայաստանում շարունակում է մնալ ճնշող: Թեեւ Հայաստանը 2003 թվականին ընդունել է տեղեկատվության ազատության օրենքը, կառավարությունը հետագայում չընդունեց մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք անհրաժեշտ են օրենքը կատարելու համար:

Միջազգային եւ տեղական մեդիա կազմակերպություններ ողջունեցին 2010 թվականի մայիսին վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը: Այժմ առավելագույն պատիժը դրամական տույժերն են:

Հունիսին, չնայած միջազգային քննադատությանը, կառավարությունը ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, որը հետագայում ամրապնդում էր կառավարության վերահսկողությունը հեռարձակող մեդիայի նկատմամբ: Օրենքը, որն ընդունվել է թվայնացման գործընթացի շրջանակներում, այժմ թույլ է տալիս առանց հիմնավորման զրկել հեռարձակման արտոնագրից եւ հեռարձակման սահմանափակումներ է մտցնում, ինչպես նաեւ սահմանում է, որ միայն մեկ թվային հեռուստատեսության արտոնագիր կտրվի մայրաքաղաքից դուրս ամեն մարզի համար:

Միեւնույն ժամանակ Ա1+ հեռուստաընկերության արտոնագիրը դադարեցված է՝ չնայած 2008 թվականի ՄԻԵԴ որոշմանը, թե կառավարությունը սխալ է 2002 թվականին հեռուստաընկերությանը զրկել արտոնագրից:

Հեռուստատեսությունը երկրի գերիշխող լրատվամիջոցն է, եւ Կառավարությունը վերահասկում է հեռարձակվող260 լրատվամիջոցների գերակշռող մասը: Պետական Հանրային հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն համապետական սփռման միակ կայաններն են: Շատ մասնավոր հեռուստաընկերություններ պատկանում են Կառավարությանը մոտ կանգնած բիզնես էլիտայի ներկայացուցիչներին, եւ հեռարձակողների շրջանում բարձր աստիճանի ինքնագրաքննություն է, քանի որ վախենում են կորցնել հեռարձակման արտոնագիրը:

Պետական եւ հանրային մեդիաները արտոնություն են ստանում. նրանք  առաջինն են ստանում պաշտոնական տեղեկատվությունը եւ կառավարության գովազդի առյուծի բաժինը: Տպագիր մամուլը մեծ մասամբ հասանելի է Երեւանում եւ մեծ քաղաքներում: Մեդիաների մեծ մասը կախված է նեղ գովազդային ռեսուրսներից եւ ազատության քիչ երաշխիքներ ունի: Ազատորեն հասանելի են ինտերնետն ու արբանյակային հեռուստատեսությունը:

IREX –ի գնահատականն է 2.01 հնարավոր 4 միավորից 
(նախորդ տարի այն 2.09 էր) 

IREX-ի Մեդիա կայունության ինդեքսի իդեալական գնահատականը 4-ն է: Որքան թիվը փոքր է, այնքան երկիրը ոչ բարենպաստ վիճակում է: Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

2010 թվականին զրպարտության ապաքրեականացումը ողջունվեց մեդիաների եւ միջազգային հանրության կողմից: Այնուամենայնիվ, 2011-ը բերեց իրական մտահոգության նոր օրենքի կատարման կապակցությամբ, քանի որ մեդիաների դեմ քաղաքացիական դատական հայցերի թիվը մեծացել էր:

Մեդիա կայունության ինդեքսի փորձագետները համամիտ են, որ օրենքը իրենից կարեւոր առաջին քայլ է ներկայացնում: Այնուամենայնիվ, հաջորդ քայլը պետք է լինի դատավորներին ուսուցանելը ավելի լավ գանահատել իրական վնասը, ինչպես նաեւ մեղքը որոշել օրենքի ոգուն եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Ժամանակի ընթացքում, եթե նախաձռնությունը հաջողվի, դատարանները կարող են ավելի լավ բալանսավորել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պաշտպանությունը հարձակումներից՝ միեւնույն ժամանակ չխոչընդոտելով ազատ եւ լուսաբանման արժանի ինֆորմացիայի հոսքը:

Փորձագետները նշում են անընդհատ աճող օնլայն մեդիաների թիվը որպես շատ դրական զարգացում, որը խթանում է բազմակարծությունը եւ նորությունների աղբյուրների բազմազանությանը: Օնլայն մեդիան նաեւ միտում ունի լուսաբանելու ավելի կարեւոր իրադարձություններ, քան ավանդական մեդիան: Սակայն այն նաեւ առաջ է բերում մի քանի էթիկական մտահոգություններ՝ կապված ծաղկող գրագողության հետ: Մշտապես զարգացող քաղաքացիական լրագրությունը, սոցիալական ցանցերը եւ բլոգները ավելի են ընդլայնում տեսակետների բազմակարծությունը Հայաստանում:

Լրագրողներն առանց սահմանների գնահատականն է 101 հնարավոր 179

Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

261Կազմակերպությունը զեկույցի համաձայն՝ հայաստանյան մեդիայի վիճակը որոշակիորեն կայունացել ու բարելավվել է: 2011-ին մամուլի ազատության ինդեքսը բարձրացել է 27 հորիզոնականով՝ հասնելով 77-րդի՝  հայտնվելով այն տեղում, որտեղ 2008 թվականից առաջ էր:

Չնայած մամուլի ազատության ինդեքսի բարձրացմանը՝ կազմակերպությունն արձանագրում է նաեւ դատական հայցերի միջոցով թերթերի վրա ճնշումների վտանգը: Ըստ կազմակերպության՝ կամայական հայցերն ու դատավարական հետապնդումները շարունակում են մնալ անկախ թերթերին վախեցնելու գլխավոր գործոնը:

«Թեեւ լրագրողների վրա ֆիզիկական հարձակումներն ավելի հազվադեպ են, սակայն անկախ եւ ընդդիմադիր թերթերը գրաքննելու փորձերը շարունակվում են ավելի քաղաքակիրթ ձեւով՝ նախեւառաջ դատական հետապնդումների միջոցով»,- նշված է զեկույցում:

Լրագրողների պաշտպանության կոմիտե

Գլխավոր զարգացումները

  • Նոր հեռարձակման օրենքը կարգավորողներին լայն հանարավորություն է տալիս զրկել հեռարձակման արտոնագրերից
  • Գալա հեռուստաընկերությունը ենթարկվում է կառավարության ճնշումներին

Հիմնական վիճակագրությունը

Կառավարությունը յուրաքանչյուր մարզին կտրամադրի թվային հեռարձակման մեկ արտոնագիր: Սա կխոչընդոտի բազմազանությանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված գրառումներին կարելի է հետեւել Twitter-ում #WPFD հեշթեգով: Նրանք, ովքեր  Twitter-ում Մայիսի 3-ի թեմայով գրառումներ են կատարելու, խնդրում ենք օգտագործել #WPFD հեշթեգը:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?