Ո՞վ է մամուլում «կոմպետենտ» կարծիք հայտնում

Ո՞վ է մամուլում «կոմպետենտ» կարծիք հայտնում
Լուսանկարը powerpr.nl/ -ից
« Եկեք քննարկենք ու հասկանանք՝ ո՞վ է մեդիայում կոմպետենտ կարծիք հայտնողը կամ ո՞ւմ արտահայտած կարծիքը կարելի է լուրջ ընդունել: Լավ կլիներ մեկնաբանությունների բաժնում դուք էլ արտահայտվեիք »

Հայկական մեդիաները կպչուն խասիաթ ունեն` պահպանում են «լավագույն» ավանդույթները: Ու եթե որեւէ անհատ, անկախ իր ծագումնաբանությունից կամ մասնագիտական կոմպետենտությունից, հանկարծ հայտնվի մեդիաներից որեւէ մեկում, վերլուծի, կարծիք հայտնի ու մեկնաբանի… ուրեմն վերջ, քաշվեցինք, այս մարդուն զոռով բերում իր ոլորտի մասին մեկնաբանելու մենաշնորհային դիրք են հանձնում: Բնապահպանությա՞ն մասին է խոսքը` գիտենք ում հետ խոսել, հայ-ռուսական հարաբերությունների՞՝ պարզ է` ով է մեկնաբանելու, տնտեսակա՞ն թեմաներ են, ահա, գիտենք... Սեւանի՞ հարցն է, ըհը, պարզ է…

Այսինքն` ստացվում է, որ հայկական մեդիան` էքսպերտների ներգրավման հարցում նվազագույնը լճացած է: Եվ արդեն հոտում է..

Ու մինչ գրածս «հոտած» ածականի համար մի-մի հոտած ձու առած ինձ խմբագրության դիմաց հավաքվեք-սպասեք, թույլ տվեք պարզաբանեմ միտքս:

Մեդիան, որպես «հեղինակություների ինստիտուտի» հետ ամենից ինտիմ կապի մեջ գտնվող օղակ, չափազանց հզոր գործիք է, ինքներնդ էլ գիտեք: Այսօր մեդիան կարող է որպես կռճիկագիտության ականավոր տեսաբան Փայլակ Գազազյանից հարցազրույց վերցնել՝ դնելով մեր գլխին ու փաթաթելով մեր վզին, իսկ վաղը Գազազյանին կարող է անտեսության մատնել՝ գցելով ոտքերի տակ ու տրորելով: Պատահական մարդիկ մեդիայում չեն հայտնվում: Գոնե այն պարզ պատճառով, որ հեղինակություն լինելն ու հանրությանը կարեւոր կարծիքը հայտնելը չափազանց թանկ արժե, դասական մեդիա տեսության կանոններով, իհարկե:

Իմ տեսանկյունից՝ մեր մեդիայում մարդիկ «տեսաբան» են դառնում, որովհետեւ Հայաստանում լրագրողները ասուլիսներ գնալու աննկուն ու տենչալի ցանկություն ունեն։ Լրագրողներից շատերն անգամ «տեսաբանների» անուն-ազգանունը սովորում են հենց ասուլիսիների ժամանակ:

Բայց շարունակենք շղթան: Միայն Երեւանում 2 տասնյակից ավելի մամուլի ակումբներ կան, որոնք «աշխատացվում» են» «ում բջջայինի համարն ունենք, ինքն էլ մեր հյուրն է» սկզբունքով, իսկ ակումբները մեծ մասամբ «պարապ» տեսաբանների հեռախոսահամարներն ունեն։ Պարապ են, քանի որ զբաղված չեն նոր հետազոտություններ անելով ու թեժ գծի օպերատիվությամբ արձագանքում են ասուլիս տալու բոլոր կանչերին…

Այս անչափ զվարճալի սցենարն առավել մանրամասն նկարագրելու ցանկությունս զսպելով՝ միանգամից արդյունքից խոսեմ: Չէ՞ որ ես հոգում եմ ձեր նյարդերի մասին: Արդյունքում ստացվում է, որ մեդիա դաշտում շրջանառության մեջ 3 քաղաքագետ, 2 սոցիոլոգ, 1 կռճիկագետ (ասել ասող) կան, որոնք բազմիցս սպառած իրենց տեսությունները կրկնում են շաբաթը երկու անգամ, ռեժիմով: Դա էլ քիչ է, ոմանք հատուկ մենաշնորհային դիրք ունեն այս կամ այն թեման մեկնաբանելու հարցում:

Ընկեր լրագրողներս հաճախ կատակում են` անգիր գիտենք՝ ով ինչ է ասելու։ «Գրազ կգամ, կարող եմ աչքերս փակ, առանց ասուլիսին ներկա լինելու էլ մեկից մեկ գրել նյութը»,- ասում է նրանցից մեկը։  Մտածում եմ` է՜, եթե գիտես՝ ինչ է ասելու, էլ ինչո՞ւ ես գնում նույն մարդուն «լուսաբանելու», ինչո՞ւ ես զանգահարում նույն մարդուն` արագ կարծիք «թխելու»: Բա քո մեդիայի թանկ տարածքը, քո ժամանակը, էլ ուրիշ տեսաբան չկա՞ այս երկրում, թե՞ փնտրելու հավես չկա: Ի վերջո, կրկնվող քաղաքագետները փոքր երկրի փոքր քաղաքական դաշտում ասոցիացվում են այս կամ այն ուժի կամ «նախապատմության» հետ, հետեւաբար՝ բոլորովին անաչառ նպատակներով գրված լրագրողական նյութը կարող է ընկալվել նվազագույնը որպես այս կամ այն քաղաքական ուժի կամ տեսակետի գովազդ:

Եկեք քննարկենք ու հասկանանք՝ ո՞վ է մեդիայում կոմպետենտ կարծիք հայտնողը կամ ո՞ւմ արտահայտած կարծիքը կարելի է լուրջ ընդունել: Լավ կլիներ մեկնաբանությունների բաժնում դուք էլ արտահայտվեիք: Այնուամենայնիվ, «դասականներից» ինքս մեջբերեմ հիմա:

Որպես կարծիք հայտնող ու վերլուծող էքսպերտ կարող է լինել, ասենք, գրքի կամ հետազոտության հեղինակը։ Ընդ որում՝  ամեն նոր դեպքի համար համապատասխան հետազոտության հեղինակը, այլ ոչ թե մի հետազոտության հեղինակ բոլոր հնարավոր ու նմանատիպ դեպքերի համար: Որպես կարծիք հայտնող ու վերլուծող էքսպերտ չի կարող հանդես գալ որեւէ պատահական մարդ, ասենք՝ բլոգերը։ Առավելեւս, երբ բլոգերը մամուլում կարծիք է հայտնում, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Հեռու չգնամ, անձամբ ինձ հետ նման դեպք եղել է. իմ կարծիքը հարցրել են: Ու բացատրությունս, որ այդ թեմայով առավելագույնը որպես քաղաքացի կարող եմ խոսել, քանի որ տեսաբան չեմ, ընդունվել է որպես «չուզողություն»: Իրականում, շատ եմ ուզում, որ հայկական մեդիա դաշտը պրոֆեսիոնալ լինի ու գործ ունենա պրոֆեսիոնալների հետ։ Եվ հատկապես՝ տարբերակի, թե ում է տրամադրում իր այդքան կարեւոր ու արժեքավոր խոսքի ամբիոնը: Թե չէ իմ պես «բառադի» մարդիկ ինչքան ասես կան։

Շուշան Հարությունյան

Հեղինակի մասին

Մասնագիտությամբ`լրագրող, համոզմունքներով` սոցիալական մեդիայի էնտուզիաստ, հոբբիով` բլոգեր, իրականում` մասնագիտացած երազող

Comments

Հրգելի Շուշան, այստեղ խնդիրը

Հրգելի Շուշան, այստեղ խնդիրը ասուլիսներում իրենք իրենց համար մասնագիտական բացահայտումներ անող <մասնագետները> չեն, այլ դրանց համար ժամանակ ու ռեսուրս տրամադրող խմբագիրներն ու լրատվամիջոցները: Անձամբ ես(երբ զբաղվում էի լրագրությամբ) ներկա եղել եմ այնպիսի ասուլիսների, որոնց կարող էի ներկա չլինել և անսխալ գրել, թե ով ինչ ասաց ու մի բան էլ` ով չհամաձայնեց մյուսի հետ: Բայց երբ աշխատավարձդ 130 հազար դրամ է ու ամսական պլանդ 50-ից 60 նյութ(TV-ի համար դա բավական շատ է) դու էլ չես մտածում էդ տեսակ<մանր-մունր> բաների մասին: Մեդիադաշտի ու փորձագետի որակների նման թիթիզությունների մասին մտածելու ոչ հավես է մնում, ոչ էլ ներվեր: Էս ինչ որ ասում էս դա սկսվեց 2000-ականներից ու դեռ խորանում է ու խորանում: Բայց լրագրողներին պետք չէ մեղադրել` սա ավելի շատ իրենց ԲՈՍՍ-երի խնդիրն է:

Հարգելի Արայիկ,

Հարգելի Արայիկ, շնորհակալություն մեկնաբանության համար: Լիովին համաձայն եմ, նման խնդիր իրոք որ գոյություն ունի: Դժվար է անկասկած ամսական "քանակական" պլանների պարագայում, այն էլ չնչին աշխատավարձով, որակ ապահովել: Դժվար է, այո, բայց ոչ անհնարին: Խնդիրը երկկողմանի է: Շատ հաճախ նույն խմբագիրներն էլ արագության "պլանն են կատարում", "ում մեդիան ավելի շուտ կհաղորդի" մոտիվներով, և այլն, և այլն...

Այնուամենայնիվ, թույլ տվեք մի պատմություն պատմել, լավ? Ես ավելի կողմ եմ պրակտիկ լուծումներին, քան վերամբարձ սիրուն բառերին, որ հաճախ ասվում են: Մի խոսքով, կարճ կապեմ :) Իմ առաջին աշխատանքային պայմանագիրը 7 տարի առաջ մի մեդիայի հետ էր, որտեղ նյութերը չափվում էին ամսվա ընթացքում ապահովված քանակով և յուրաքանչյուրը գնահատվում էր 200-ից 500 դրամ: Հա, իհարկե, հիմա գուցե ծիծաղելի գումար թվա: Ինչ որ է: Ու ես որոշեցի, որ եթե ամսվա ընթացքում 20 լավ նյութ տամ, գնահատման սանդղակի ամենաբարձր չափանիշով գնահատելի, սա տրամաբանորեն ավելի բարձր հոնորար կապահովվի քան, օրինակ, 40 միջին վիճակագրական, "պլյուսի" համար գրված նյութը: Ու այդպես էլ արեցի... Ճիշտ է, առաջին ամսում բոլոր 20-ն էլ ամենաբարձը չգնահատվեցին, բայց առաջին իսկ ամսում սովորեցին խմբագրությունում, որ Շուշանը հետևողական նյութեր է գրում ու սկսեցին կարևոր նյութեր վստահել: Հետո իհարկե այլ լրատվամիջոցից այլ ֆինանսական "փաթեթով" առաջարկեցին գրել իմ "հետևողական" նյութերը:

Գիտեք, կարծում եմ չպետք է մոռանալ, որ լրագրությունում մենք երկար ժամանակ աշխատում ենք մեր "իմիջի" համար: Հետո մեր "իմիջն" է աշխատում մեզ համար: Որովհետև մեր անուն-ազգանունը ամեն նյութի ներքևում գրված անչափ կարևոր է, ամենակարևորը: Դա ֆինանսական տեսանկյունից նման է մի պրոցեսի, երբ դու x քանակությամբ գումար ես աշխատում և միշտ որոշակի տոկոսը ներդրում ես անում, ասենք բանկում ավանդի տեսքով: Սկզբից դժվար է: Բայց հետո գալիս է մի օր, երբ քո թանկ "իմիջը", քո հետևողական նյութեր գրելու ձեռագիրը, անչափ կարևոր քո անուն-ազգանունը արժենում է չափազանց մեծ գումար: Որովհետև դու թույլ չես տվել "խուրդել" քո անուն-ազգանունը ամեն "բարադի" թեմայի լուսաբանման համար: Որովհետև դու հարգում ես քո լրագրողական գրիչը և ստիպում բոլորին հարգել այն:

Գրված ամեն ինչի հետ համամիտ

Գրված ամեն ինչի հետ համամիտ եմ: Էդ ամեն ինչի համար շատ ժամանակ ա պետք, բայց արդեն պետք ա գործի անցնել: Մի շարք հարցեր են ծագում՝ ինչքանո՞վ մարդիկ կհվստահեն «նորաթուխ» էքսպերտներին, ինչքանո՞վ կկարողանան նրանք աշխատել մեդիաների հետ, «ոչ պարապ» տեսաբանները ժամանակ կգտնե՞ն ամեն անգամ մեկնաբանություն տալու և այլն: Բայց ամեն դեպքում, սրանք լուծելի հարցեր են:

Ի դեպ, ևս մի «լավագույն ավանդույթ» էլ իմ կողմից :Ճ Ինչի մասին էլ լինի նյութը, գրեթե միշտ հոգեբանի կարծիք ներկայացնել: Ոնց որ լրագրության չգրված օրենք լինի՝ հատկապես ուսանող լրագրողների, որոնք էդ «ավանդույթը» հետագայում տանում են այն լրատվամիջոց, որտեղ սկսում են աշխատել: Էս դեպքում դեմքերը շատ են, բայց ինքս հաճախ չեմ վստահում այդ նույն հոգեբաններին, քանի որ ինքս լինելով ոլորտում՝ գիտեմ, որ լրագրողները հաճախ հոգեբանություն սովորող իրենց ծանոթ ընկեր-ընկերուհիներին են դիմում, և քանի որ ինքս մասնագետ չեմ, լիովին չեմ կարողանում վստահել այդ հոգենաններին: Խոսքս «ասուլիսային դասականների» մասին չէ՝ Էլդա Գրին, Մարիամ Մեհրաբյան, Սամվել Խուդոյանը, Կարինե Նալչաջյան և այլն:

"Հոգեբանի" մասը, ինչ խոսք,

"Հոգեբանի" մասը, ինչ խոսք, շատ, շաաաաատ դիպուկ էր ասված!!! Շնորհակալ եմ :)

Նորաթուխ էքսպերտներին վստահելու մասին մի բան ասեմ, լա՞վ: Մենք հաճույքով կարդում ու մեջբերում ենք ասենք, Կոլումբիայի համալսարանի գիտնականանների հետազոտություններից: Կա չէ՞ նման բան :) Իսկ նկատե՞լ եք, խոսքը օրինակ Կոլումբիայի համալսարանում PhD անողի թեզի հիման վրա արված պնդումների մասին է լինում:

Ինձ համար լրագրության "պապա-մամա" համարվող NPR-ն ոը PBS-ը (Ամերիկայի հանրային ռադիոն ու հեռուստաընկերությունը, որոնք, աշխարհն էլ շուռ գա, Twitter-ն ու Facebook-ն էլ հազար անգամ պայթեն ցնցող լուրերից, իրենք մեկ է դասական լրագրության` ինֆորմացիայի ճշտման, բազմակողմանիության ու էթիկայի դիրքերից են խոսում) ամեն նոր օր ամբիոն են տրամադրում երիտասարդ հետազոտողներին ու չեն զլանում իրենց հարցնել ու մեջբերելու: Ինչո՞ւ: Որովհետև օրինակ կենսաֆիզիկայի ոլորտում PhD-ը անողը նվազագույնը կարդացել է իր թեզի մասնավոր թեմային առնչվող բոլոր նախորդների գրածները այդ մասին, գոնե թեզի մեջ մեջբերումներ անելու, հաստատելու, հերքելու կամ նոր տարբերակ առաջ քաշելու համար: Ուրեմն նա ավելի քան կոմպետենտ է գուցե խոսելու, ու ավելի քան ինֆորմացված, շրջահայաց ու հետաքրքիր մամուլի համար:

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License