Ինչ պետք է իմանալ Հայաստանում թվային հեռարձակման մասին

04.12.2014, Նյուսրում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը Հայաստանում մտնում է ավարտական փուլ: Թվային հեռարձակման ազդանշան ընդունող հեռուստացույց ունեցող երեւանցիները կարող են փորձարկել թվային եթերը:

Երեւանում թվային հեռարձակման ազդանշանն առայժմ փորձնական է: Դրա առկայությունը կարելի է ստուգել, եթե ունեք DVB-T2 ձեւաչափի ազդանշան ընդունող հեռուստացույց: Հենց DVB-T2-ն է (Digital Video Broadcasting – Second Generation Terrestrial) այն ձեւաչափը, որն ընդունվել է Հայաստանում թվային հեռարձակման համար: 

Նոր սերնդի հեռուստացույցները սովորաբար ունեն DVB-T2 ձեւաչափի հեռարձակման ընդունիչ: Եթե հեռուստացույցը չունի նման ընդունիչ, ապա հարկ կլինի կա՛մ փոխել այն, կա՛մ էլ գնել DVB-T2 կցուրդ: Այս հարցում կողմնորոշվելու համար Հայաստանի բնակչությունն ունի մոտ 7 ամիս ժամանակ. թվային հեռարձակման անցնելու վերջնաժամկետը 2015 թվականի հուլիսի 1-ն է:

Ինչպե՞ս ստուգել թվային հեռարձակման ազդանշանը

Եթե ձեր հեռուստացույցն ունի DVB-T2 ձեւաչափի ընդունիչ, ապա պարզապես ալիքները պետք է կարգավորել թվային ազդանշանին համապատասխան:

Այս պահին Երեւանում եթերը փորձնական է, եւ հեռուսատեսային ալիքներն առայժմ տեխնիկական խոտան ունեն՝ կապված ձայնի տատանումների եւ որակի հետ: Եթե մեկ ամսվա ընթացքում տեխնիկական թերությունները չվերացվեն, Հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցը կդիմի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: 

Տեսանյութում Երեւանում թվային փորձնական հեռարձակման պատկերն է:

Լեզվական խնդիրներ

Թվային հեռարձակման դեպքում հասանելի է նաեւ հեռուստաընկերությունների ծրագիրը: Հեռուստատացույցները չունեն հայերեն տառատեսակներ:

Այս խնդիրը լուծելու համար հեռուստացույցների ներկրմամբ զբաղվող ընկերությունները կա՛մ պետք է հատուկ ծրագրային ապահովմամբ լրացնեն իրենց արտադրանքը, կա՛մ էլ ներկրեն այնպիսի հեռուստացույցներ, որոնք առանց խնդիրների կվերարտադրեն հայերեն տառատեսակները:

Մինչ այդ հեռուստաընկերությունները պետք է իրենց հեռուստածրագիրը լատինատառ ուղարկեն Հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանց:

Ֆինանսական հարցեր

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման աշխատանքներն իրականացնում է Տրանսպորտի եւ կապի նախարարության Հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցը՝ շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ: Ծրագրի ամբողջական արժեքը 6 միլարդ 922 միլիոն դրամ է:

DVB-T2 կցուրդների արժեքը տատանվում է 25-80 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում: Գնային տարբերությունը կապված է կցուրդի հնարավորություններից՝ պարզ կցուրդն ուղղակի որպես ազդանշան ընդունող է, ավելի բարդ տարբերակները, օրինակ, ունեն Անդրոիդ օպերացիոն համակարգ եւ կարող են սովորական հեռուստացույցը սմարթ դարձնել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները թվային հեռարձակմանը միանալու համար անհրաժեշտ կցուրդները կստանան անվճար: Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Հայաստանում այդպիսի աջակցություն կստանա 130 հազար ընտանիք:

Թվային հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ցանկը

Հայաստանում թվային հեռարձակման լիցենզիա ունի 27 հեռուստաընկերություն: Դրանցից 8-ն ունեն Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակման լիցենզիա, 10-ը՝ Երեւանի տարածքում, 9-ը՝ մարզերում: Ահա լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ցանկը:

Հանրապետական սփռում. «Առաջին ալիք», «Շողակաթ», «Կենտրոն», «հ2», «Շանթ», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «РТР-Планета»

Երեւան. «ՄԻՌ», «ԱՐ», «Արմնյուզ», «Երեւան», «Լայմ», «Դար 21», «CNN», «Ա TV», «Первый Канал», «Культура»

Արագածոտնի մարզ՝ «Երեւան Մեդիա», Արարատի մարզ՝ «Արարատ», Արմավիրի մարզ՝ «Այբ», Գեղարքունիքի մարզ՝ «Գեղամա», Լոռու մարզ՝ «Ֆորտունա», Կոտայքի մարզ՝ «Աբովյան», Շիրակի մարզ՝ «Ցայգ», Սյունիքի մարզ «Սոսի», Տավուշի մարզ՝ «Քամուտ»: Վայոց Ձորում թվային հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություն չկա:

Հայաստանում հեռուստատեսությունների մասին տեղեկատվությունը հասանելի է նաեւ մեր քարտեզի վրա (ոչ բոլոր հեռուստաընկերությունների ճիշտ հասցեներն են հասանելի, այդ պատճառով որոշ դեպքերում քարտեզի վրա նշված է միայն քաղաքը): Քարտեզում մանուշակագույն ալեհավաքի պատկերով նշված են թվային հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները, իսկ վարդագույն կայծակի պատկերով՝ անալոգային հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունները:



Մարզային 14 հեռուստաընկերություն 2015թվականի հուլիսի 1-ից դադարեցնելու է հեռարձակումը, քանի որ նրանց անալոգային հեռարձակման լիցենզիաների ժամկետն ավարտվում է: Այս կայանների խնդիրը լուծելու համար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ Ազգային ժողով է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?