Կայքերում գովազդն ավելացել է, գներն անփոփոխ են

26.09.2018, Նյուսրում

Լրագրող

Հայկական օնլայն լրատվական կայքերում վերջին շրջանում նոր գովազդային ֆորմատներ են կիրառվում: Չնայած ամռան ամիսների գովազդի շուկայի ընդհանուր պասիվությանը, ինտերնետում դաշտն աշխույժ էր:

Այստեղ դեր խաղաց նաև այն, որ ամռան ամիսներին գովազդային շուկան ակտիվացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի` բուքմեյքերական ընկերությունների գովազդների շնորհիվ:

Գովազդային հոսքերի, ֆորմատների ու գնային փոփոխությունների մասին խոսել ենք մի քանի խմբագրությունների հետ:

1in.am-ի  մարքեթինգի բաժնի պատասխանատու Հասմիկ Մարտիրոսյան

Գովազդային շուկան, որպես կանոն, ամռան ամիսներին (հունիս-օգոստոս), պասիվանում է, կրկնակի նվազում, սակայն 1in.am-ում անցած ամառը հագեցած է եղել գովազդներով և PR արշավներով: Նման ակտիվությունը հավանաբար պայմանավորված էր քաղաքական դաշտի զարգացումներով ու սպասվող ընտրություններով: Գնային փոփոխություններ չեն եղել:

Կայքում նոր գովազդատուներ քիչ ունենք, հիմնականում աշխատում ենք նախկին գործընկերների հետ: Նոր հաճախորդների հետ հիմնականում աշխատում ենք կարճաժամկետ՝ PR հաղորդագրությունների ֆորմատով:

Կայքում այս պահին ունենք բաներային գովազդներ, PR հաղորդագրություններ և կարճ գովազդային հոլովակներ տեսանյութերից առաջ: Գովազդային բովանդակությումբ, մշակմամբ, դիզայնով խմբագրությունում չենք զբաղվում և տեղադրում ենք պատրաստի  արտադրանք: Նոր ձևաչափերի օգտագործման հարցում ուշադիր ենք` հաշվի առնելով ընթերցողների շահերն ու պահանջմունքները:

News.am լրատվական կայքի մարքեթինգի բաժնի պատասխանատու Կոնստանտին Ամիրաքյան

Ընդհանրապես ամռան ամիսներին գովազդը պակասում է։ Այդ սեզոնը համարվում է հանգստի ու արձակուրդների շրջան, սակայն այս ամառ պասիվություն, այսինքն գովազդային արշավների դադարեցում, զգացվել է միայն օգոստոս ամսին։

Ներկայումս կայքում հնարավոր է օգտագործել աշխարհում առաջարկվող բոլոր հնարավոր ֆորմատները, սակայն մի քանի հանգամանք կա, որ պարտադիր հաշվի ենք առնում՝ անվտանգությունը, ընթերցման հարմարավետությունը, կայքի դիզայնը։ Եթե նոր ֆորմատը նշածիս չի հակադրվում, ապա փորձում ենք օգտագործել։

Այս տարվա սկզբին մենք հրաժարվեցինք քաթֆիշ, ֆուլսքրին կամ ինտերսթիշալ գովազդային ֆորմատներից։ Կարծում եմ, որ գովազդը պետք է տպավորություն թողնի, սակայն այն չպետք է ազդի նյարդերի վրա։

Գնային փոփոխություններ մեր առաջարկներում չեն եղել:

Armtimes.com-ի գովազդի պատասխանատու Արուս Մանավազյան

Կայքում գովազդ տեղադրվում է գովազդային գործակալության միջոցով: Ամռան ընթացքում ավելացել է միայն մեկ գովազդային բաներ:

Գնային փոփոխություններ կայքում ընդհանրապես չեն եղել գովազդային առաջարկները մշակելուց ի վեր: Այս պահին ևս գները վերանայելու մտադրություն չկա: Ու թեև թեժ քաղաքական աշուն է սկսվել, այնուամենայնիվ գովազդով հետաքրքրվող գովազդատուների ցանկ չունենք:

Նորարարությունն այն է, որ armtimes.com-ի մոբայլ տարբերակից հանել ենք ֆուլսքրին գովազդները, իսկ կայքում դրանց առկայություն սահմանափակել, քանի որ խանգարում է ընթերցողին, տանում գովազդային էջեր: Մեկ այփիի օգտատիրոջ համար օրվա ընթացքում երեք անգամից ավել ֆուլսքրին գովազդը չի բացում:

Նոր ֆորմատները կայքում հաճախ ենք կիրառում:

«Առավոտ» ՍՊԸ-ի տնօրեն Գարիկ Մելքոնյան

Մեր գովազդային պայմանագրերը տարեկան են, իսկ դա նշանակում է, որ մեր մոտ գովազդային իմաստով կայունություն կա: Ամռան ամիսներին ի տարբերություն այլ լրատվամիջոցների ավելանում են նաև տպագրի գովազդները, քանի որ մենք արձակուրդի չենք գնում և այլ թերթերից գովազդատուները գալիս են մեր մոտ:

Գնային նոր առաջարկ չենք անում, աշխատում ենք տարիներ առաջ մշակած գնացուցակով: Երբեմն մտածում ենք վերանայել, նվազեցնել գները, սակայն դեռ չենք պլանավորում:

Գովազդի շուկայի տենդեցներին հետևում ենք, աշխատում ենք տարբեր ֆորմատներով: Ընթերցանությանը խանգարող միայն մեկ գովազդ ունենք՝ էջի ներքևում: Որպեսզի չխանգարի տեքստին, մեծ տարբերանշան ենք դրել այն չհետաքրքրելու դեպքում արագ փակելու համար:

Մեր կայքի գովազդն այսօր հնարավորություն է տալիս մասամբ հոգալ ֆինանսական ծախսերը, ինչը ոգևորում է, բայց չի բավարարում:

 

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?