«Անիմացիոն կինոյում լրագրողները հաճախ են դառնում գլխավոր հերոսներ»

27.10.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Սուր քաղաքական ու սոցիալական թեմաները վաղուց արդեն տեղ են գտել շարժապատկերային արվեստում՝ վերածելով արվեստի այդ տեսակը ոչ այնքան ուրախ ու թեթև ժամանցի, որքան լուրջ խնդիրների ուսումնասիրության:

Հայաստանում արդեն 10-րդ անգամ անցկացվող ՌեԱնիամանիա անիմացիոն կինոյի ու պատկերապատման միջազգային փառատոնն այս տարի վառ արտահայտված վավերագրական ու լրագրողական հետք ունի:

Այն իր ծրագրերում ընդգրկել է վերջին տարվա այն լավագույն անիմացիոն ֆիլմերը, որոնք հիմնականում ստեղծվել են լրագրողական հետաքննությունների հիման վրա կամ որոնց գործող անձինք լրագրողներ են:

Եվ որպես նորություն՝ այս տարվա փառատոնը մի շարք քննարկումներ ու վարպետության դասեր կանցկանցի հայաստանցի լրագրողների համար՝ ցույց տալու համար, որ պատկերներով ներկայացվող պատմությունները երբեմն լավագույն լուծումն են հրատապ ու ցավագին թեմաներին անդրադառնալու համար:

ՌեԱնիմանիայի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին այդ միտումը շատ օրինաչափ է համարում: Անիմացիան որպես գործիք արդեն ներկա է լրագրության մեջ որպես ինֆոգրաֆիկա կամ բացատրական անիմացիոն կառույց, և բնական է, որ այն պետք է հայտնվեր նաև գեղարվեստական ֆիլմերում:  

Ինչու՞ ստացվեց այնպես, որ փառատոնում կարևորվեց լրագրության թեման, ֆիլմերի ցա՞նկն էր այդպիսին:

Այո, այս տարվա մրցութային հինգ ֆիլմերից չորսը փաստավավերագրական հիմք ունեն կամ լրագրողների մասին են: Օրինակ, «Քրիսը՝ Շվեյցարիայից» (Chris the Swiss) մի լրագրողի մասին է, որը մեկնել է Կոսովոյի պատերազմ աշխատելու և 1992-ին սպանվել Խորվաթիայում: Տարիներ հետո Քրիսի զարմուհին՝ Անյա Քոֆմելը, գնացել է նրա հետքերով ու նկարահանել այս անիմացիոն ֆիլմը:

Հետաքրքիր է, որ ռազմի դաշտում հայտնված լրագրողը նյութեր է հավաքել, հարցազրույցներ արել ու զգացել է, որ լրագրողից վերածվում է մարտիկի: Այսինքն, դառնում է պատերազմի մաս: Կարծում եմ, շատ լրագրողների է ծանոթ այդ վիճակը:

Ֆիլմի հեղինակը ինքն էր արել լրագրողական հետաքննություն՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել Քրիսի հետ:

Մյուս ֆիլմը՝ «Ֆունան»-ը (Funan), որի հիմքում իրական պատմություն է երիտասարդ կնոջ մասին, որը 1975-ին Քամբոջիայում, կարմիր խմերների ռեժիմի ժամանակ փորձում է գտնել իր առևանգված որդուն՝ վկա դառնալով սարսափելի պատմությունների:

Իսկ փառատոնի բացման ֆիլմը, որը կոչվում է «Մարդ է մահացել» (Un homme est mort), ֆրանսիական քաղաքական դրամա է, որը սկսվում է 1950-ականների բանվորական ցույցերից ու գործադուլից ու թափ հավաքում այն ժամանակ, երբ հայտնի կինովավերագրողը կարողանում է նկարահանել ու տարածել սպանության կադրերը:

«Հերթական մի օր» (Another day after life) լեհական-իսպանական ֆիլմի գլխավոր հերոսը նույպես պատերազմում հայտնված լրագրող է: Այս ֆիլմը ստեղծվել է տասը տարվա ընթացքում, ցույց տալով Անգոլայի քաղաքացիական պատերազմը լուսաբանող լեհ լրագրողի կյանքը: Ֆիլմը անիմացիայի ու վավերագրության խառնուրդ է:

Տեսնելով, որ վավերագրությունն ու լրագրողի աշխատանքը շատ է հայտնվում պատկերային արվեստում որպես գլխավոր շարժիչ ուժ, մենք որոշեցինք լրագրությունը դարձնել կարևոր թեմա:

Գրելու փոխարեն կարելի է նկարել հոդվածը: Դա կլինի գրավիչ, մանավանդ, որ վիզուալ տարրն ավելի ազդեցիկ է, քան տեքստը:

Դա հասկանում են նաև լրագրողները: ՌեԱնիմանիան նաև պատկերապատումների՝ գրաֆիկական նովելների, բաժին ունի, որտեղ այս տարի ներկայացվելու է Newsweek-ի լրագրող Էրիկ Պապեի հետաքննական աշխատանքը, որը ես եմ պատկերապատել:

Պապեն տարիներ շարունակ աշխատել է Քամբոջայում ու հետևել երիտասարդ կանանց ու աղջիկների ողբերգությանը: Քամբոջայի իշխանությունները բռնի ուժով սիրուհիներ են դարձրել կանանց, որոնք ի նշան բողոքի` հրապարակավ այլանդակել են իրենց դեմքը քայքայիչ թթուով:

Աշխատելով թերթում, Էրիկ Պապեն գրել է այդ մասին և հետո որոշել իր նյութերը վերածել գրաֆիկական նովելի:

Հետաքրքիրն այն է, որ այդ պատկերապատման շատ հերոսներ այժմ էլ են կազմում Քամբոջայի իշխանության մաս, ոչ ոք չի կարողանում նրանց դեմ դատական գործեր բացել:

Այս գիրքը Human Rigths Watch-ի պատվերnվ է և պատրաստվել է՝ հաշվի առնելով կանանց ապահովությունը քաղաքական կոնֆլիկտից: Այն շուտով պատրաստ կլինի հրատարակման:

Վավերագրական նյութը հաճախ է դառնում պատկերային արվեստի գործ: Ինչպես, օրինակ «Վարտո» ֆրանսիական պատկերապատումը, որը Հայոց ցեղասպանության մասին է:

Էրիկ Պապեն Երևանում գտնվելու ժամանակ հանրային քննարկում կվարի՝ լրագրության ու անիմացիոն արվեստի կապի մասին ու նաև վարպետության դաս կանցկացնի հայ նկարիչների ու լրագրողների հետ:

Դա կլինի հենց լրագրողական վարպետության դաս:

Իսկ որն է առաջնային՝ լինե՞լ լրագրող ու պատվիրել նկարչին պատկերային շարքը, թե լավ է, երբ հեղինակը նկարիչ է:

Կարող է և նկարիչը դառնալ լրագրող, բայց կարող է և լրագրողը համագործակցել նկարչի հետ:

Հետաքրքիր է իմանալ. թե ինչու է լրագրողը որոշում իր ասելիքը ոչ թե պատմել տեքստով՝ գրքով կամ հոդվածով, այլ պատկերներով: Անգամ հրաժարվում է վավերագրական ֆիլմ անելուց ու ընտրում անիմացիան կամ պատկերապատումը:

Այն մասին պիտի խոսեն ՌեԱնիմանիայի հյուրերը:

Ես ինքս էլ երկար ժամանակ նյութեր եմ հավաքում լավագույն հայ երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի մասին, որը թերևս ամենաշատ նկարներ ժառանգած ու մեդիայում տպագրված հայ երգիծանկարիչն է:

Եգիպտոսում տեսանյութեր եմ արել Սարուխանի աշակերտների ու գործընկերների հետ՝ մտածելով, որ կարելի է վավերագրական ֆիլմ անել, բայց հասկացա, որ պետք է անիմացիոն ֆիլմ անել, քանի որ Սարուխանի մասին ավելի լավ են պատմում ոչ թե վկայությունները, այլ հենց իր ստեղծած կերպարները:

Անիմացիան ապահովում է այն հեռավորությունը, որը պարտադիր է փաստից վերացարկվելու համար։

Ինձ թվում է, որ վավերագրողներն ու լրագրողները՝ ընտրելով անիմացիան, խուսափում են երկու բանից: Առաջինը՝ փաստի դաժանությունն է:

Ողբերգությունը երբեմն ավելի հեշտ է ներկայացնել առանց վավերագրված փաստը ցույց տալու, գեղագիտական լուծմամբ ու ավելի հստակեցնելով ասելիքը:

Այդպես վարվեցին «Վալս Բաշիրի» հետ անիմացիոն ֆիլմի հեղինակները, որոնք սպանության մասին իրական ռեպորտաժներն ու հարցազրույցները տեղադրել էին ֆիլմի վերջում որպես պարզապես հիշեցում, իսկ ողջ ֆիլմը նկարված էր:

Այդպիսին է նաև «Ֆունանը»: Եթե օրինակ, այս դրամատիկ պատմությունը ներկայացվեր որպես լրագրողական նյութ, կարծում եմ, պակաս ազդեցիկ կլիներ: Իսկ որպես անիմացիա ֆրանսիացի Դենիս Դոյի այս ֆիլմը միաժամանակ ավելի զուսպ ու ողբերգական է: Գեղարվեստական պատկերն է գալիս փոխարինելու սպանությունների ու խոշտանգումների իրական կադրերը:

Եվ երկրորդը՝ անիմացիան օգնում է լրացնել վիզուալ փաստերի բացը: Եթե չես ունենում բավարար տեսանյութ, բայց ունես լավ պատմություն, անիմացիան ու պատկերապատումը լավագույն լուծումն են:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?