Լրագրությունը՝ փոխակերպված վիրտուալ իրականության

17.02.2017, Նյուսրում

Լրագրող

Տեսած կլինեք տարօրինակ թվացող ակնոցներ կրող մարդկանց, որոնք գլուխներն աջուձախ են պտտում՝ ասես ռադիոհաճախականություն որսալիս լինեն: Բարի գալուստ վիրտուալ իրականություն:

Վիրտուալ իրականության գործիքները մուտք են գործել նաև Հայաստան:

Արևմուտքն ավելի վաղ, իսկ Հայաստանը վերջերս սկսել է իր համար բացահայտել VR-ի (virtual reality) հնարավորությունները:

Virtual reality տերմինը 1989 թվականին հորինել է Ջարոն Լանյերը: Մինչ այդ պահը գործածվում էր «արհեստական իրականություն», իսկ ֆանտաստիկ գրականության մեջ՝ «կիբերտարածություն» ձևակերպումները:

VR տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս նկարել ֆիլմեր, ռեպորտաժներ, սոցիալական հոլովակներ 360 աստիճանով:

360 աստիճանով նկարահանված տեսանյութեր դիտելու համար ստեղծված են հատուկ ակնոցներ: Կա նաև դրանց բոլորին մատչելի և հարմարավետ տարբերակը՝ քարդ-բորդերը, որ պատրաստված են կարտոնից և ապակիներից:

Անհրաժեշտ է սմարթֆոնի մեջ ներբեռնել 360 աստիճանով նկարահանված տեսանյութերի բազա հանդիսացող որեւէ հավելված, հեռախոսը տեղադրել քարդ-բորդի մեջ և դիտել տեսանյութը՝ ամբողջովին լինելով վիրտուալ իրականության մեջ: Գլուխը աջ, ձախ, հետ շրջելով, վերև-ներքև անելով հնարավոր է դիտել պատմությունն իր օրիգինալ միջավայրում:

Օգտվել հնարավոր է այն հեռախոսներով, որոնք ունեն հիրոսկոպ՝ անկյունաչափ:

VR-ով կարելի է դիտել տիեզերք, բնություն, օվկիանոս… Բայց այն նաև լրագրության մեջ է կիրառվում:

VR Today Magazine -ը առանձնացրել է 10 լավագույն աշխատանքները, ռեպորտաժներն ու պատմությունները, որոնք 360 աստիճանով ներկայացրել են հեղինակավոր լրատվամիջոցները:

Օրինակ Ալ Ջազիրայի լրագրողների աշխատանքի շնորհիվ՝ բոլորը կարող են զգալ մահմեդականների սուրբ վայրերից մեկը հանդիսացող Մեքքայի Հաջի ողջ հմայքը, ուխտագնացությունների շունչը:

The Guardian-ի օգնությամբ կհասկանաք, թե ինչ են զգում կալանավորները 6X9 չափսերով մեկուսարանում:

Իսկ The New York Times-ի լրագրողների շնորհիվ ձեզ կարող եք զգալ Իրաքի Ֆալուջա քաղաքի մարտերի մասնակիցը:

Հայկական լրատվական կայքերը դեռ չեն օգտագործում VR տեխնոլոգիաները:

Հայաստանում VR ֆորմատը լրատվության համար օգտագործելու օրինակներից է 360Impact նախագիծը: «Arloopa» և «DreamShots» ընկերությունները, «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ  ստեղծել են VR հարթակի և 360 աստիճան սոցիալական տեսանյութ, որի միջոցով պատկերված է Հայաստանի սահմանամերձ գյուղերի կյանքը:

«Մենք ցանկանում ենք սոցիալական խնդիրները բարձրացնել վիրտուալ իրականության միջոցով: Բայց քանի որ Հայաստանում այդ ուղղությամբ համապատասխան արտադրանք չկա, ապա նախ ստեղծեցինք հավելվածը, այնուհետև՝ տեսանյութերը: Գաղափարը կայանում էր հետևյալում. Երևանում ապրող մարդկանց ցույց տալ սահմանամերձ շրջաններում բնակվողների կյանքը: Էս դեպքում խոսքը Բաղանիսում, սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա ապրող մարդկանց մասին է»,- ասում է նախագծի հեղինակներից Հովհաննես Աղաջանյանը:

VR տեխնոլոգիաները, ըստ Հովհաննես Աղաջանյանի, տարբեր ոլորտներ են մուտք գործել և տեխնոլոգիական ցուցահանդեսների թոփ թեմաներն են համարվում. «Լրագրությունում այն նույնպես իր տեղն ունի: Մեդիան օգտագործում է VR տեխնոլոգիաները՝ պատմություններ ներկայացնելու համար: Նախագծի ստեղծման նպատակներից է, որպեսզի մեդիայի մարդկանց ցույց տանք, թե ինչ միջոցներ կարելի է կիրառել՝ նյութերն ավելի գրավիչ դարձնելու համար: Այսինքն՝ մեդիա բերել նոր տեխնոլոգիաները և այդպիսով փոխել մեդիան»:

Նախագծի շրջանակներում նաև կարտոնե ակնոցներ են արտադրվել: Առայժմ՝ ընդամենը 75 հատ: Ակնոցները կարելի է ձեռք բերել Երևանի մի քանի խանութներում: Գինը 5000-6000 դրամի սահմաններում է:

360Impact-ն (Android, iOS) առաջին անգամ ներկայացվել է Հայաստանում՝ Digital Communication Network-ի Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումի ժամանակ:

Ըստ Հովհաննես Աղաջանյանի՝ VR տեխնոլոգիաների շուկան հիմնականում զարգանում է երկու ուղղությամբ՝ սարքերի արտադրություն և հավելվածների ստեղծում:

Arloopa ընկերության համահիմնադիր և տնօրեն Արման Աթոյանն ասում է, որ Google IO-2016  ֆորումի ժամանակ «Google» ընկերությունը հայտարարել էր, որ կա VR հավելվածների եւ խաղերի 50 միլիոն ներբեռնում, եւ այդ պահին հայկական ընկերության ստեղծած հավելվածների եւ խաղերի ներբեռնումների քանակը կազմել է 500 հազար, այսինքն՝ 1 տոկոս, ինչը բավականին մեծ թիվ է:

Ժամանակի ամենահետաքրքիր տեխնոլոգիաներից մեկն առայժմ շրջանցում է հայկական մեդիան: Այնինչ օրինակ «Նյու Յորք Թայմսը» 2015 թվականի հոկտեմբերին իր բաժանորդներին է ուղարկել մեկ միլիոն հատ Google Cardboard, ինչը թույլ է տվել ցուցադրել VR-ի իր արտադրանքը:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?