Աշխարհը վիդեո է նայում ու չի կշտանում

26.02.2019, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Ինտերնետը վերաձևավորման հերթական փուլում է, ու այն կազդի Հայաստանի և Հայացանցի կամ Արմնեթի վրա։ Խոսքն այն մասին է, որ աստիճանաբար վիդեոյի սպառումը դոմինանտ է դառնում։

Այսօր համաշխարհային համացանցի փոխանակման ծավալների (թրաֆիկի) գերակշռող մասը տեսանյութերն են։ Ըստ Sandvine կազմակերպության հետազոտության, արդեն 2018 թվականի երկրորդ կեսում թրաֆիկի 58%-ը տեսանյութեր էին։

Տեսանյութերի տարածման վրա ազդում են սերիալները։ Այսպես, ողջ համաշխարհային թրաֆիկի 15%-ը Նեթֆլիքսի ֆիլմերն են, հիմնականում՝ սերիալները։

Հայաստանյան ցանցում էլ հիմնական դիտում ապահովում են հենց սերիալները։ Ամենաայցելվող կայքերի ցանկում կարելի է գտնել մի շարք ագրեգատորներ, որոնք մեկ տեղ են հավաքում տեղական արտադրության սերիալները։ Հետաքրքրությունը երևում է նաև Google Trends-ից, որտեղ ներկայացվում են տվյալ ժամանակահատվածում ամենաարագ աճող որոնվող թեմաները։ Հայաստանում գրեթե միշտ առաջնայինը սերիալներն են։

Հեղափոխության օրերին երկու-երեք շաբաթ դրանք մղվեցին երկրորդ պլան, քանի որ ողջ կյանքն էր ինչ֊որ չափով կինոյի վերածվել։ Բայց բավական էր քաղաքական իրավիճակը թեթևակի կայունանա, մարդիկ նետվեցին դեպի դժբախտ սերը և Էլենի օրագրի հրեշների գայլը։

Տվյալ պահին նույնպես, վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաարագ աճող որոնողական թեմաներում կան իրադարձություններով պայմանավորված որոնումներ, սակայն սերիալները մնում են կայուն իրենց առաջնային տեղում։

Վերադառնալով հետազոտությանը՝ ինտերնետը այսօր հիմնականում վիդեոյի մասին է։ Մի տեղ ավելի շատ Նեթֆլիքս են դիտում և Ամազոն Փրայմ, մի տեղ Յություբ, բայց փաստը մնում է փաստ․ մարդիկ անընդհատ տեսանյութ և ֆիլմ են նայում։

Մեծ ծառայությունները սկսում են ինքնուրույն սթրիմինգային սերվիսներ բացել, նկարահանել սերիալներ։ Այսօր սերիալների շուկայում արդեն որպես ինքուրույն արտադրողներ մրցակցային դաշտ են մտնում Յություբը և Ֆեյսբուքը։

Մոտակա ամիսներին արտադրողների ցանկը միայն կընդլայնվի, մինչև չսկսեն «իրար խեղդել» և նորից փակվել։ Առավել ևս, որ սպառման աճը բերում է նաև «պիրատական», գողացված բովանդակության աճի։ Արդեն թվում էր, թե տորենտները մահանում են, բայց այսօր այստեղ նույնպես դիտվում է կտրուկ աճ։

Եվրոպայում կամ Միջին Արևելքում թրաֆիկի մոտավորապես քառորդ մասը արդեն տորենտներն են, ինչը, կրկին, հիմնականում վիդեո բովանդակություն է։

Սրան զուգահեռ աճում է անձնական վիդեոյի արտադրությունը՝ վլոգինգը։ Այն կամաց-կամաց մրցակից է դառնում հեռուստաընկերությունների արտադրանքի մի հատվածին։

Հայաստանում այս մրցակցությունը ավելի շուտ ընդհատակյա է և դեռ դուրս չի եկել բացահայտ ընդհարման։ Բայց արդեն կարելի է ենթադրել, որ երիտասարդ լսարանը արտագաղթում է դեպի վլոգներ։

Նման մի բան կատարվեց մի քանի տարի առաջ տպագիր մամուլի հետ։ Չնայած, որ թերթերի մի մասը այդպես էլ չեն հասկացել, որ իրենք արդեն գոյություն չունեն և շարունակում են տպագրվել։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?