Հեղափոխության «աչքը»

17.05.2018, Նյուսրում

Լրագրող

Թավշյա հեղափոխությունը փորձություն էր ոչ միայն խմբագիրների ու լրագրողների, այլև օպերատորների համար: Նրանք աշխատում էին հերթափոխներով, ոմանք՝ շուրջօրյա, ոմանք՝ ուղիղ եթերի ռեժիմով: Աշխատում էին հետ-հետ քայլելով՝ դեմքով դեպի իրադարձությունները: Մնալով ստվերում, նրանք դառնում էին այն կարևոր աչքը, որն իրավիճակն ամբողջական ֆիքսում էր և ուղարկում յուրաքանչյուրի տուն և օգնում հետևել զարգացող իրադարձություններին:

Նրանք չէին կարողանում հետ մնալ երթից, նստել, հանգստանալ, շփվել ցուցարարների հետ: Թեև ունեին մեծ առավելություն՝ աշխատանքի բերումով առաջնորդում էին քայլերթերն ու նկատում մանրուքները:

Հովհաննես Սարգսյան
Factor.am

Ինը տարվա իմ աշխատանքի մեջ երբեք նման ռեժիմով չէի աշխատել: Անկեղծ ասած՝ շատ չէի հոգնել, հաճելի էր լինել հեղափոխություն լուսաբանող օպերատոր: Աշխատում էի ուղիղ եթերում: Ամեն 3-4 ժամը մեկը օպերատորներով հերթափոխում էինք իրար: Գիշերն ու ցերեկը խառնվել էին իրար:

Կարևոր էր հանգստի կազմակերպումը: Մեր խմբագրությունում առանձին սենյակ կար, որտեղ կարող էինք պառկել, մի փոքր հանգստանալ:

Ամբողջ ընթացքում չեմ տրտնջացել, չեմ բողոքել, շարժման տեսանկարահանման արդյունքը տեսնելիս ուրախանում էի: Չէ որ բազմաթիվ մարդիկ այդ օրերին տնից կամ աշխատավայրից ուղիղ եթերով էին հետևում շարժման զարգացումներին:

Իրականում շատ լարված էի աշխատում, ստոպ տալու հնարավորություն չկար, պետք էր նորմալ կադրեր ունենալ, երկար դիմանալ տեխնիկայի ծանրությանը: Մյուս կողմից չգիտեիր ինչքան ժամանակ ես նման ռեժիմով աշխատելու:

Խոչընդոտների չեմ հանդիպել, բացառությամբ Բաղրամյան պողոտայի միջադեպը,  երբ հայտվել էի քաղաքացիների և ոստիկանության արգելապատնեշի արանքում, որի ժամանակ վնասվածք ստացա: Այնքան էի տարված աշխատանքով, որ անգամ բուժօգնություն չստացա: Տեղի ունեցածի հետ կապված բողոք չեմ ներկայացրել, քանի որ դիտավորության արդյունք չէր:

Էդուարդ Բարբարյան
1in.am

Աշխատում էի 24 ժամյա ռեժիմով` օրական քայլելով ավելի քան 30 կմ ճանապարհ: Քայլելը քայլել, բայց երբ գումարվում է նաև տեխնիկան, գործդ դժվարանում է:

Կարևոր էր ճիշտ կադրեր գտնելը, որպեսզի մարդիկ լավ պատկերացում ունենային ինչ է կատարվում փողոցում, ինչքան մարդ կա, ինչ տրամադրություններ են:

Ուղիղ եթերում աշխատանքը կրկնակի պատասխանատվություն է, սակայն փոքրիկ ընդմիջումներ կարողանում էինք անել՝ ծխել, թեթև սնվել: Ահագին մտերմացանք օպերատորներով, օգնում էինք իրար, կատակում: Տրամադրություններս բարձր էր, հայացքով իրար հասկանում էինք: Բոլորս գիտեինք, որ լավ փոփոխության համար ենք աշխատում:

Այդ օրերին հիշարժան դեպքեր եղան, ուզում եմ առանձնացնել մեկը: Լուսաձայնային նռնակները պայթում էին, խառն իրավիճակ էր, մայթի վրա կանգնած էր մոտ 17 տարեկան երիտասարդ, ոստիկանը հրեց նրան դեպի ինձ: Մի ձեռքով տեխնիկան էի «փրկում», մյուսով օգնում էի երիտասարդին վեր բարձրանալ:

Հետաքրքիր էր նաև մարդկանց վերաբերմունքը, նվազագույնը չէին խանգարում, առավելագույնը ճանապարհ էին բացում, որ կարողանանք շարժման առաջին շարքերում լինենք: Չնայած եղան նաև մարդիկ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար խանգարում էին՝ չգնահատելով մեր աշխատանքի կարևորությունը:

Նարեկ Հայրյան
ՍիվիլՆեթ

Մարդկանց ոգևորությունն ազդում էր մեր տրամադրվածության վրա: Ֆիզիկական և մտավոր հոգնածությունը մի ակնթարթում չեզոքանում էր, երբ տեսնում էիր ինչպես են մարդիկ րոպեների ընթացքում շատանում, նույն էներգետիկայով վարակվում:

Ամբողջ ընթացքում մտածում էի, որ այս օրերին կարևոր գործ ենք անում: Օնլայն լրատվականները մեծ դեր էին վերցրել իրենց վրա, այլընտրանքային աչք էին հատկապես սադրանքների ֆիքսման համար:

5 օպերատորներով միաժամանակ աշխատում էինք տարբեր փողոցներում, հերթափոխում իրար: Առավոտյան ժամը 6-ին տաքսիով գալիս էինք աշխատանքի, որ փակ փողոցների պատճառով հանկարծ չուշանանք: Մենք էլ հեղափոխության օրերին համախմբման մաս դարձանք, աշխատում էինք կոորդինացված, լրացնում իրար:

Հատկապես լավ է տպավորվել քայլերթի մասիվյան առավոտը: Երբ Փաշինյանը քայլերթը սկսեց 7-րդ Մասիվից, սկզբում մարդիկ քիչ էին, և ոստիկանությունն իմ կարծիքով այդ օրը նպատակ ուներ նրան բերման ենթարկել: Միգուցե դա զգում էր նաև Փաշինյանը: Հայտարարեց, որ մարդիկ քայլ անեն, միանան իրենց: Հաշված րոպեների ընթացքում մարդիկ տներից իջան փողոց՝ հազարներով, զարմանալի արագությամբ, ոգևորությամբ: Հիացած էի…

 

Գայանե Ասրյան

Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?