Դուռը փա՞կ է, մտիր պատուհանից: Ճանապա՞րհն է փակ, տեղ հասիր օդապարիկով

03.05.2018, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Մայիսի 1-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 2-ի տոտալ դասադուլի ու գործադուլի մասին:

Քաղաքում փակվեցին բոլոր հնարավոր փողոցները, և աշխատանքի գնալը դարձավ անհնար: Ուսուցիչները, գրասենյակների, պետական հիմնարկների, մասնավոր սեկտորի աշխատակիցները աշխատանքի չգնալու ռեալ հիմնավորում ունեին՝ փողոցները փակ են, չենք կարող տեղ հասնել:

Բայց լրագրողների համար չաշխատելու ոչ մի նման հիմնավորում չկա: Լրագրողների ոսկե կանոններից մեկն է՝ դուռը փակ է, մտիր լուսամուտից: Եթե փակ են ճանապարհները, տեղ հասիր օդապարիկով կամ ոտքով:  

Խնդիրն այն չէ, որ լրագրողը կարող է ղեկավարին ասել, որ փողոցը փակ է, և Դավիթաշենից ոտքով աշխատանքի գալ ֆիզիկապես չի կարող: Եվ ղեկավարը կհասկանա:

Խնդիրն այն է, որ լրագրողը ամեն գնով ցանկանում է գնալ իր աշխատանքին: Ինչպես «Սիվիլնեթ»-ի գործընկերս՝ Թաթուլ Հակոբյանը: Վերջին շրջանի գերլարված աշխատանքից ձեռք բերած ոտքերի ցավը Թաթուլին չէր խանգարել Նորքի 2-րդ զանգվածից աշխատանքի ուղևորվել ոչ միայն ոտքով, այլ նաև …ոտաբոբիկ:

Մայիսի 2-ին «Վէմ» ռադիոկայանի իմ գործընկերների օրինակով եմ ուզում պատմել, թե ինչպես անցկացրեցինք մեր աշխատանքային օրը:

Ռադիոյում հեղինակային հաղորդումներ վարող լրագրողները թերևս կհաստատեն, որ, անկանխատեսելի իրավիճակների համար ունենում ենք «պահեստային» հաղորդումներ:

Դրանք օրվա լրահոսից դուրս հաղորդումներ են, որոնց մեկ շաբաթ ուշացումով եթեր հեռարձակելը հաղորդման հրատապության վրա չի ազդում: Այդ հաղորդումները փրկում են իրավիճակը, երբ լրագրողը հիվանդ է, բացակայում է երկրից կամ ինչ-ինչ պատճառով չի կարողանում  ժամանակին ձայնագրել հարցազրույցը:

«Վէմ» ռադիոկայանի շենքը Վերնիսաժի հարևանությամբ է: Աշխատակիցներից ոչ բոլորն են կենտրոնում ապրում:

Սակայն ռադիոկայանի աշխատակիցները, միևնույն է, եկել էին աշխատանքի, թեև կարող էին «պահեստային» հաղորդումներով, երաժշտությամբ լրացնել բացը: Եկել էին Նորքի 4-րդ զանգվածից, Երրորդ մասից, եկել էին ոտքով:

Մինչ փողոցների տոտալ փակման կոչը ես արդեն պայմանավորվել էի «Հայելի» հաղորդաշարի հյուրի հետ՝ հանդիպել մայիսի 2-ին, ժամը 15-ին:

Հանդիպումը հետաձգելն ազնիվ չէր. հյուրը պատրաստվել է, տրամադրվել է, թեման էլ հրատապ է… Բայց խնդիրը հենց կենտրոն հասնելն էր, այն էլ Արգավանդի խաչմերուկից:

Իսակովի պողոտան արդեն առավոտից փակ էր՝ բոլոր հնարավոր ելքերով ու մուտքերով: Ոտքով հասնելը վերջին, սակայն չափազանց ժամանակատար լուծումն էր: Հնարավորինս արագ աշխատանքի հասնելու միակ տարբերակը երեխաներիս սկուտերն էր…

Արգավանդից, Իսակովի պողոտայով, մինչև Վերնիսաժ հասա մեկ ժամ տասը րոպեում: Ճիշտ ժամանակին դիմավորեցի հյուրին, հարցազրույցն արեցի և տրանսպորտային նույն միջոցով էլ վերադարձա տուն:

Media.am-ը կայքը հրաշալի հոդվածաշար ունի «քայլող լրագրողների» մասին, որոնք օր ու գիշեր քայլում էին ու ուղիղ ռեժիմով լուսաբանում  թավշյա հեղափոխությունը:

Նրանք այն լրագրողներն են, որոնք մասնագիտական պարտականություն, աշխատանք կատարելուց առաջ ուղղակի չափազանց սիրում են իրենց աշխատանքը:
Այնպես որ, մայիսի 2-ին լրագրողները, ինչպես նաև հացթուխներն ու զինվորականները, անխափան կատարեցին իրենց աշխատանքը:  


Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?