«Հեռուստատեսությունում անգրագիտությունը հասնում է տիեզերական չափերի»

02.02.2011, vox populi

Մեր հեռուստատեսությունը հեռուստատեսությունից բացի ամեն ինչ է: Հայկական ալիքներ գրեթե չեմ նայում, որովհետեւ նայելու բան չկա՝ ամբողջ եթերը հիմնված է սերիալների վրա, որոնք աննկարագրելիորեն փչացնում են մեր երեխաների ճաշակը, որտեղ մտքի բացարձակ բացակայություն է տիրում, որը կոմպենսացվում է ճաշակի բացարձակ բացակայությամբ եւ ուրիշներին շատ անգրագետ ընդօրինակելու «յուրահատուկ» կարողությամբ: «Որոգայթի» դեմ բողոքեցին, փակեցին, բայց հիմա գնում է նույն բանը, ուղղակի անունը՝ «Հատուցում»: Հանրայինով նույն խայտառակությունն է. քրեական ժարգոնը գովազդվում է Հանրային հեռուստատեսությամբ որպես ուղեցույց, ինչպե՞ս կարող է Հանրային հեռուստատեսությունը խրախուսել գողական ժարգոնը: Ամեն րոպե ինչ-որ մեկին կրակում են, ինչ-որ տղաներ են սեւի մեջ՝ զենքերով, փորձում են կարգի հրավիրել բոլորին. թվում է, թե ամբողջ աշխարհը դրանց ձեռքն է:

Մի օր մեկին հարցրի՝ որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ, ասաց՝ Ցոգոլ: Շատ տխուր է, որ երեխան ուզում է մեծանալ դառնալ Ցոգոլ: Մենք խրախուսում ենք գողականը, քարոզում ենք դա քաղաքացիական հասարակությանը, ամեն րոպե պոտենցիալ կրիմինալ ենք ծնում՝ քարոզելով, որ նրանք ամեն ինչ ունեն, ամեն ինչի տեր են, նրանց ենթարկվում են, նրանք աներեւակայելի իշխանություն ունեն անգամ Ոստիկանական համակարգի վրա: Դրան գումարվում է նաեւ անգրագիտությունը, որը հասնում է տիեզերական չափերի: Դրա համար նայում եմ միայն «Կուլտուրա» եւ РТР ալիքները, երբեմն «Շողակաթը», երբեմն էլ «Ար»-ի ֆիլմերը: Ուզում եմ հատուկ նշել «Հայրենիքը» ՝ որպես շատ լավ ալիք. այն լավ եւ որակյալ ֆիլմեր է ցույց տալիս: Մնացած ալիքներով ֆիլմ նայելն էլ է անհնար, այնքան է ընդմիջվում, որ ինձ թվում է՝ ոչ թե ֆիլմն է ընդմիջվում գովազդով, այլ գովազդը ֆիլմով: Գովազդն էլ չի կարելի այդքան անճաշակ, անգրագետ անել, չի կարելի ասել սպասեք ավելին: Փաստորեն տվյալ օպերատորի բոլոր բաժանորդները նստած սպասում են, թե երբ պետք է գա ավելը: Եթե այդ ավելը գա եւ անգրագիտությունը սրբի մեր եթերից, ես կսպասեմ այդ ավելին, բայց չի գալիս այդ ավելը, եւ խայտառակ վիճակում ենք հայտնվում:

Հումորը հասցվել է մինիմալ մակարդակի, այդ պարզունակ, բակային, զրուցարանային հումորը կարող է մի քանի անգամ ուրախացնել, բայց շատ արագ սպառվում է: Պետք է լավ, գեղեցիկ, սուր, նաեւ քաղաքական հումոր ձեւավորել, ոչ թե այն, ինչ կա մեր եթերում: Մեր եթերին պակասում է պրոֆեսիոնալիզմը, գեղագիտական ճաշակը: Ով էլ պրոֆեսիոնալ է, պետք է իր դիրքերը զիջի, որ իր հաղորդումը եթեր գնա, որովհետեը այսօր ամեն ինչ կատարվում է ռեյԾինգի համար: ՌեյԾինգում էլ այնպիսի հաղորդումներ են, որոնք ապշեցուցիչ են իրենց բթությամբ, տգիտությամբ, անհամությամբ: Հիմա ամեն ինչ արվում է զուտ թինեյջերների ճաշակով: Դա լուրջ խնդրի առջեւ է կանգնեցնելու. շուտով չենք ունենա խելացի, խորհող, մտածող հասարակություն:

Հեռուստատեսային լուրեր ինձ համար գոյություն չունեն, ես այդ լուրերին չեմ վստահում, որովհետեւ հեռուստաընկերությունները խիստ սուբյեկտիվ են մեկնաբանում իրադարձությունները: Յուրաքանչյուր ալիք պատկանում է ինչ-որ մեկին, պաշտպանում է որոշակի քաղաքական կառույցի շահեր, հետեւաբար օբյեկտիվ ինֆորմացիա ստանալը շատ բարդ է: Այն նախատեսված է ավելի մեծ հանրային զանգավածի համար, հետեւաբար այնտեղ վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քանի որ նայում է հասարակության երեւի 90-100 տոկոսը: Հեռուստատեսությունը քաղաքական առումով շատ փակ դաշտ է, ինչի վառ վկայությունն է այն, որ «Ա1+»-ը ինչքան ժամանակ է, չի կարողանում մրցույթը շահել: Տարօրինակ չէ՞:

 

 

Վահե Արսեն
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բանաստեղծ

Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան
Դպրոց՝ Եղիշե Չարենցի անվ. N67 դպրոց 
Սիրելի երաժշտություն՝ Փինք ֆլոյդ, Վերդի, Բեթհովեն, Շադե
Սիրելի գրքեր՝ Սերվանտես՝ «Դոն Կիխոտ», Շեքսպիր
Սիրելի սպորտաձեւ՝ արեւելյան մարտարվեստներ
Սիրելի արտահայտությունը՝ «Թող լինի ինչ լինում է»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?