«Պետք է լուծվի ՀՌԱՀ-ի և Հանրային հեռուստառադիոխորհրդի անկախության հարցը»․ «Մենք» դաշինք

30.11.2018, Ընտրություններ 2018

Լրագրող

Media.am-ը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հարցում է արել բոլոր 11 թեկնածու ուժերին, պարզելու համար, թե ինչ տեսլական ունեն մեդիայի ոլորտի ապագայի վերաբերյալ, ի՞նչ փոփոխություններ կանեին՝ իշխանության գալով։

Տրվել է երկու հարց։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ինքն է որոշում, թե մեր երկու հարցերին ում դեմքով պատասխանի։

«Մենք» դաշինքից մեր հարցերին պատասխանել է համամասնական ցուցակում երրորդ համար, մասնագիտությամբ լրագրող Անժելա Խաչատրյանը։  

- Հայաստանի հեռարձակման ոլորտի օրենսդրությունը փոփոխելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Եվ եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ կանեիք։

- Մեդիան այն ոլորտն է, որ ամենակարգավորվածը պետք է լինի, ինչպես նաև ամենաազատականը։ Տարիներ շարունակ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ են արվել, նաև ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորություններից ելնելով, բայց մեր հեռուստառադիո ոլորտն այդպես էլ երբեք չի կարգավորվել։ Ոլորտի ներկայացուցիչներն այդ օրենքից գոհ չեն եղել։

Փոփոխված օրենքի մասին ասում են, թե՝ առաջադեմ է և այլն, բայց այն շատ չլուծված խնդիրներ ունի։ Օրինակ ես կարծում եմ, որ ՀՌԱՀ-ի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության հարցն այդ օրենքով դեռևս կարգավորված չէ։

Սրա կարգավորման համար հեծանիվ հայտնագործելու կարիք չկա։ Պետք է ճիշտ մարդիկ նշանակվեն, պետք է առաջադրման կարգը փոխվի։

Օրինակ ՀՌԱՀ-ի անդամները երբեմն քարոզարշավի ընթացքում որոշ դիտարկումներ են թույլ տալիս, միջամտություններ, ինչն օրենքի կոպիտ խախտում է։

Երկրորդ խնդիրը, տարիներ շարունակ հեռուստառադիո համայնքի ներկայացուցիչները բարձրացրել են թվային հեռարձակման մասնավոր ցանցի ստեղծման անհրաժեշտության մասին, ինչն այդպես էլ չի արվել։ Մասնավոր մուլտիպլեքսի ցանց պետք է ներդրվի։ Սրա համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն։

Թույլ տվեք խոսել նաև մարզային հեռուստաընկերությունների մասին, որոնք շարունակում են գործել անալոգային դաշտում։ Պատճառն էլի մասնավոր մուլտիպլեքսի բացակայությունն է։ Մարզային հեռուստաընկերությունների գործունեությունը վտանգված է։ Օրինակ քարոզարշավի ընթացքում գնում ենք մարզեր, և հենց տեղական հեռուստաընկերություններն են, որ պետք է քաղաքական անցուդարձը լուսաբանեն։ Եվ անկախ քաղաքական պրոցեսներից, մարզային TV-ներն ու ռադիոընկերությունները տվյալ տարածաշրջանի կյանքի մասին պատմողը պետք է լինեն, մարզի զարգացման գրավականներից մեկն են։ Մենք կկատարենք օրենսդրական փոփոխություններ, այս հարցերը լուծելու համար։

- Համարու՞մ եք, որ կոռուպցիայի հաղթահարման ճանապարհին պետք է ստվերից դուրս բերվի նաև լրատվամիջոցների ֆինանասավորումն, ու հրապարակվի տեղեկություն մեդիա սեփականատերերի մասին: Խնդրում ենք նշել այն քայլերը, որոնք կնպաստեն մեդիա դաշտը թափանցիկ դարձնելուն:

- Այս հարցը միանշանակ պետք է օրենսդրական կարգավորմամբ լուծվի։ Էսօր որոշակի հակաքարոզչություն է իրականացվում, հասարակությանը փորձում են մանիպուլացնել լրատվամիջոցներ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Քաղաքական և լրագրողական շրջանակները գիտեն, թե ովքեր են սեփականատերերը, ում շահերից են խոսում տվյալ ԶԼՄ-ները, բայց լայն հանրությանը դա հայտնի չէ։ Մարդիկ երբեմն տրվում են այդ մանիպուլյացիային։

Լրատվամիջոցների անկախության և օբեկտիվության համար կարևոր է ստվերից հանել ֆինանսավորման մասին դետալները, ինչպես նաև բոլորը տեղյակ լինեն, թե ովքեր են սեփականատերերը։ Դա վատ բան չէ։ Սեփականատեր ես՝ ուրեմն բացեիբաց հայտարարիր այդ մասին։ Եթե, իհարկե, այլ նպատակ չես հետապնդում։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?