Երեք թարմ ու խելացի սերիալ

26.10.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսային նովելները հաճախ են դուրս գալիս հեռուստատեսային ձևաչափից (իրենց ֆինանսավորման ու ցուցադրման ռեժիմով, գովազդային պարտավորությամբ ու սցենարի կառուցմամբ) ու մտնում մի դաշտ, որն ավելի ազատ է, քան նույնիսկ կինոարտադրությունը:

Լավ սերիալը ինքնաբավ արտադրանք է, կինոպատմություն, պարզապես ավելի երկար, քան ֆիլմը: Իսկ երկարը լավ է, եթե պատմությունը կլանող է, սցենարի հեղինակները` խելացի, իսկ սյուժեն՝ վարպետորեն կառուցված:

Սերիալները, որոնք առաջարկում ենք դիտել, հետաքրքիր են առաջին հերթին իրենց կառուցվածքով, որը թելադրում է ոչ թե ժանրը, այլ հեղինակային հայացքը այդ ժանրին:

Դիտելիս կարող է թվալ, որ գիտես կամ կռահում ես սյուժեի հաջորդ պտույտը, բայց այդ թվացյալ իմացությունը շատ կարճ է տևում, հեղինակները միանգամից փոխում են պատմության ընթացքն ու անսպասելի մի բան մոգոնում: Եվ դու նրանց միայն շնորհակալ ես, քանի որ հեռուստապատմություն դիտելը պարզապես զվարճանք ու ժամանակի վատնում չէ, այլ մտքի լարում՝ սեփական մաշկի վրա զգալու պատմության ազդեցությունը:

Առաջինը լրտեսական թրիլեր է, երկրորդը՝ հանցագործների ու ոստիկանների հակամարտություն, իսկ երրորդը՝ ինքնակործանման եզրին կանգնած ազնվականի դրամա:

Եվ երեք պատմություններն էլ թարմ են, այդ թվում նաև իրենց պերսոնաժներով: Խաղալու համար հարուստ նյութը նույնքան կարևոր է, որքան այդ նյութը խաղալ կարողացողը: Կամ էլ՝ հակառակը...

Մեծ հաշվով, կարևորը արդյունքն է: Ոչ միայն ուզում ես դիտել այդ աշխատանքները, այլև խոսել դրանց մասին:

«Սպանելիս Եվային», Killing Eve, BBC, 2018

Սերիալի առաջին դրվագում չափազանց գեղեցիկ երիտասարդ կինը մեղմ ժպտում է սրճարանի կողքի սեղանին նստած գեղեցիկ աղջկան, որը պաղպաղակ է ուտում: Աղջիկն ու կինը կարծես լուռ ու հանգիստ երկխոսում են: Հետո կինը վեր է կենում տեղից, անցնում սրճարանով և թեթև ու հստակ շարժումով շրջում պաղպաղակի մնացորդները կոկիկ ու բարետես աղջկա վրա: Կնոջ անթերի դեմքի վրա գոհունակություն է՝ այդպես էլ է լինում... Կամ ավելի ճիշտ՝ հենց այդպես է լինում...

«Սպանելիս Եվային» անգլիական ութմասանոց սերիալը բարձր որակ, կիրք ու նուրբ հումոր է տարալուծում լրտեսական ժանրում:

Սերիալի առանցքում երկու կանանց՝ ծայրահեղ վտանգավոր, փորձառու ու խիզախ վարձու մարդասպան Վիլանելի (Ջոդի Քոմեր) ու շատ հմայիչ ու հախուռն գործակալ Եվա Փիլաստրիի (Սանդրա Օհ) կապն է:

Սա այն դեպքը չէ, երբ մեկը փախչում է, իսկ մյուսը՝ գնում նրա հետքերով: Այս երկու կանանց միջև ձգողականություն է, կապ, որը նույնքան տարօրինակ է, որքան բնական:

Լրտեսն ու հանցագործը միմյանց հետաքրքիր են, զգում են միմյանց՝ դրանից բխող զգացմունքների լայն ու հեռու գնացող հետևանքներով:

Երկու հերոսուհիները սիրում են իրենց գործն ու նաև դրանով են կապված: Վիլանելը սպանում է մանկական հաճույքով ու դաժանությամբ, կարծես հետազոտելով, թե որքան պրոֆեսիոնալ ու օրիգինալ կարող է լինել, իսկ Եվան նրան հետապնդում է ոչ պակաս կլանվածությամբ, փորձելով առաջին հերթին ինքն իրեն ապացուցել, որ բնազդային որոշումները ամենառացիոնալն են:

Եվ երկուսն էլ իրենց զգում են թերագնահատված:

Սերիալի տղամարդ հերոսներն այնքան երկրորդական ու անցողիկ են, իսկ բոլոր կանայք այնքան հյութեղ ու բազմաշերտ, որ հայտնվում է թեթև ֆեմինիստական քող (համենայնդեպս, մինչ այդ կանացի պերսոնաժները չեն եղել այդքան հետաքրքիր ու այդքան առաջնային), բայց «Սպանելիս Եվային» կինոպատմությունը բոլորովին էլ գենդերային դերերի վերադասավորման մասին չէ:

«Սպանելիս Եվային» սերիալի հեղինակը բրիտանացի երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ ու դերասան Ֆիբի Վոլլեր-Բրիջն է, որը նախնական սցենարը վերաձևել է բոլորովին նոր ելևէջներով:

Ռուսական արմատներ ունեցող մարդասպանն իր էկզոտիկ ստեղծարարությամբ ու անընդհատ կատարելագործվող սպանության հնարքներով իսկական անդունդ է, որին նայում է կորեական արմատներ ունեցող անհաջողակ գործակալ Եվան ու տեսնում, որ անդունդը նաև գրավիչ է:

Ընդհանրապես հերոսների հարաբերությունները նման են զրնգուն շղթայի, որտեղ սիրո և ատելության սահմանն անորսալի է ու շատ ամուր: Կարող ես ատել, միաժամանակ՝ հիանալ:

Դերասանուհի Սանդրա Օհը այս սերիալի գյուտն է՝ երբեմն անճոռնի շարժուձևով, ինքնահեգնանքի ահռելի պաշարով, գրիմի բացակայությամբ ու հսկայական հմայքով նա փորձում է համապատասխանել սառնասիրտ և ուրախ գեղեցկուհի Վիլանելի մակարդակին: Մտածել ու զգալ նրա պես: Հասկանալ նրան:

Եվ դա նրա մոտ շատ լավ է ստացվում: Եվան լավ լրտես է, քանի որ կարծրատիպերի (ասենք, Ջեյմս Բոնդի) հակապատկերն է ու ոչ մի հատուկ պատրաստվածություն չունի, անգամ կրակել չի սովորել:

Մի քանի սերիայի գործողությունը ծավալվում է Ռուսաստանում, և ռուսական հետքը շատ արդիական է դառնում (օրինակ, օծանելիքի միջոցով թույն տարածելը, ինչպես իրականում տեղի ունեցավ ռուս գործակալների ու «Նովիչոկ» թույնի միջոցով թունավորած Սկրիպալների դեպքում):

«Սպանելիս Եվային» սերիալը կարողանում է լրտեսական դրաման դարձնել թախծոտ կատակերգություն՝ հիանալի ու բարդ կանանց միջոցով, որոնք պարբերաբար փոխվում են դերերով (անհասկանալի է, թե ով ում է հետապնդում):

«Թղթե տուն», La Casa De Papel, Իսպանիա, 2017

Այս իսպանական սերիալն առաջին հայացքից շատ պարզ բախման կառույց է առաջարկում՝ օրինապահների ու օրինազանցների պայքար:

Կա մի խումբ, որը հանդուգն հանցագործություն է պլանավորում ու իրականացնում, իսկ մյուս խումբը, օգտագործելով պետական ողջ ռեսուրսը, փորձում է նրանց չեզոքացնել:

Իհարկե, որոշ հանցագործներ կարող են լինել շատ ավելի հմայիչ, քան ոստիկանները, ու լսարանը կսիրի նրանց, բայց «Թղթե տունը» սերիալի հեղինակ Ալեքս Փինան այնպես է անում, որ սիրում ես բոլորին, քանի որ բոլոր պերսոնաժները ստեղծված են հետաքրքիր ու ներկայացվում են անշտապ հաճույքով:

Իրեն Պրոֆեսոր անվանող, գիտունիկի կերպարանքով տղամարդը (Ալվարո Մորտ) հավաքում է տարբեր պրոֆեսիոնալ ու սիրողական մակարդակի հանցագործներին, բազմապիսի ոլորտների վարպետության դասեր անցկացնում նրանց հետ (ամենակարևորը հանրային տրամադրությունը կանխատեսելու ու օգտագործելու արվեստն է) և շռժդալից ու էքսցենտրիկ կերպով կիրառում իր գրեթե իդեալական պլանը:

Յոթ հոգով, կարմիր բանվորական զգեստով, յուրաքանչյուրը ընտրած քաղաքի անուն (Տոկիո, Մոսկվա, Բեռլին, Օսլա և այլն) ու Սալվադոր Դալիի դիմակներով, նրանք մտնում են Իսպանիայի արքայական դրամահատարան, պատանդներ վերցնում ու 11 օր պատսպարվում այնտեղ:

Նպատակը ոչ թե գողությունն է, այլ սեփական ուժերով դրամ տպելը, և հենց 2 մլրդ 400 մլն եվրո:

Իսկ ոստիկանները, հմայիչ ու փլատակների վերածված անձնական կյանք ունեցող Ռաքելի (Իցիար Ուտունյո) գլխավորությամբ, պետք է նրանց բռնեն:

Քայլ առ քայլ մենք ծանոթանում ենք հերոսներին, ու հենց թվում է, որ արդեն ծանոթ ենք, առաջ է գալիս մի նոր մանրամասն, որը անպիտան է դարձնում նախորդ իմացությունը ու միանգամից ճակատագրական շրջադարձ անում:

Սա փազլ-սերիալ է՝ կրքոտ ու ինտելեկտուալ հաշվարկներ անող հերոսներով: Եվ նրանք միշտ մի քայլ առաջ են տեսնում (ընդ որում՝ տարբեր ուղղություններով), ինչը սերիալ դիտողներին անընդհատ պահում է լարված վիճակում:

Իսկ ի՞նչ է լինելու հետո: Այդ հարցը ուրախ է հնչում «Թղթե տան» դեպքում: Ուրախանում ես, որ այդ հարցը ոչ թե նյարդայնացնում է, այլ՝ հրավիրում:

Օրինակ, տեսնել, թե ինչ ծավալ ունի մեկ միլիարդ եվրոն և որքան տեղ է այն գրավում: Կամ ինչպես է հանրային աջակցությունը օգնում վերաիմաստավորել ցանկացած պահի փող տպելու պետության մենաշնորհը: Կամ էլ՝ հետևել, թե խելառ ու շատ արագ զարգացող պերսոնաժները դեպի ուր են զարգանալու:

Սցենարը ստեղծում է խաչմերուկներ ու կամուրջներ մի պերսոնաժից դեպի մյուսը, իսկ իսպանախոս տաքարյուն կերպարները դիտումը դարձնում են առավել գրավիչ:

Այս սերիալը 2018 թվականին դարձավ ամենադիտված ոչ անգլերեն սերիալը, այն ցուցադրեց Նեթֆլիքսը:

Այն արժե դիտել հենց իսպաներեն (լուսագրերով) ու մտորել նաև հանրային դերի ու մեդիայի ուժի մասին: Երբեմն հենց մեդիան է որոշում, թե ով է մեղավոր և ով՝ անմեղ ու գլխիվայր շրջում է սևերի ու սպիտակների դիրքերը:

21-րդ դարում գողանալ պետք չէ, բավական է սեփական փողը տպել ու անգամ՝ ավելի որակով:

Պատրիկ Մելրոուզ, Patrick Melrose, Showtime (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), 2018

Հինգ մասանոց այս սերիալի հիմքում անգլիացի գրող Էդվարդ Սենթ Օբինի հինգ վեպերն են, յուրաքանչյուր սերիային բաժին է հասել մեկ վեպ, ինչը չտեսնված շքեղություն է հեռուստատեսային արտադրանքի համար:

Չտեսնված շքեղ ու շողացող է գլխավոր հերոսի դերակատար Բենեդիկթ Քամբերբեչը, որը հինգ տարբեր ոճերի սերիաներով անցնում է որպես ասուպ:

Նա անգլիացի տոհմական արիստոկրատ է, նորաձև, թմրամոլ, արբեցող ու փխրուն անձ, որի թիկունքում հոգեբանական ու սեռական բռնության այնպիսի փունջ է, որը կարող է մարդուն միաժամանակ խենթացնել ու սրբացնել:

Պատրիկ Մելրոուզ-Քամբերբեչը ոչ մեկն է, ոչ՝ մյուսը: Նա ավելի շուտ դանդաղորեն խեղդվում է ամեն կադրում և այդ պրոցեսին հետևելը շատ տպավորիչ ու զվարճալի է:

Հումորը դրամայում ներարկելը հեղինակային դրոշմ է: Էդվարդ Սենթ Օբինը իրոնիայով է պատում իր վեպերի անգամ ամենամռայլ դրվագները, ընթերցողը ոչ թե երկար տառապում է հերոսի հետ, այլ հայտնվում խաբկանքի մեջ՝ հեգնանքի համար անհրաժեշտ հեռավորության վրա: Սա շատ անգլիական ձիրք է, հեգնվում է հենց հեգնանքը, որպեսզի ի հայտ գա իրական ողբերգությունը:

«Պատրիկ Մելրոուզի» գործողությունը կատարվում է տարբեր ժամանակներում՝ 1967-ից մինչև 2005-ը: Զուգահեռաբար փոխվում է միջավայրը, երաժշտությունը, զգեստները (բոլոր այդ տարրերը պարզապես հիանալի են), իսկ տրավմատիկ հուշերը միշտ ներկա են:

Արդյունքում, համատարած միայնություն է, որի բոլոր դրսևորումները ճկուն վարպետությամբ խաղում է Քեմբերբեչը՝ թմրանյութերի ելևէջներից ու տագնապալի մտքերից մինչև էքսցենտրիկ, նրբաճաշակ կամ փիլիսոփայական խոհեր:

Ինքնակործանման պատրաստ մարդը ողբերգական է ցանկացած իրավիճակում (ինչպես Համլետը) ու ցանկացած իրավիճակում, երբ ողբերգությունը խտանում է, ինքն իրեն հեգնում է (ինչպես Համլետը):

«Պատրիկ Մելրոուզը» բարձր որակի կինոպատմություն է, որը նման չէ ոչ մի բանի: Այն առաջարկում է իջնել անդունդի հատակը, որպեսզի շանս լինի՝ շունչ քաշելու ու հաշտվելու գեղեցիկ ու սարսափելի կյանքի հետ:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?