2011.11.29,

Քննադատ

Հեռուստաեթերը՝ սեւ խոռոչ

Հեռուստատեսության դերը հասկանալու համար այն պետք է պատկերացնել առանց լրատվական ծրագրերի: Ինչու՞: Որովհետեւ լուրերն իրենք իրենցով չեն ասում, որ հաղորդվելիք իրադարձությունն, ասենք, սերիալ է կամ գիտահանրամատչելի կինոնկար կամ վավերագրություն կամ մուլտֆիլմ կամ համերգ կամ հոլիվուդյան ֆիլմ:

Այս ամենի մասին չեն, բայց ինչի՞ մասին են՝ դժվար է ասել: Որովհետեւ լրատվական ծրագիրը, բացի թվարկածի խտացում լինելուց, ներկայի, տվյալ դեպքում՝ մեկ առանձին օրվա հաշվետվությունն է: Դա մի բան է, որը քեզ դարձնում է տեղի ունեցածի ժամանակակից:

Հեռուստալուրերը գոյություն ունեն հենց այն պատճառով, որ ոչ մի հեռուստադիտող չի կարող լինել բոլոր իրադարձությունների կենտրոնում: Բայց լուրերը մի խորամանկություն ունեն, ի տարբերություն վերը թվարկված ժանրերի, լրատվությունը փոխադարձ անկեղծություն ստեղծող աշխատանք է այն իմաստով, որ եթե վավերագրությունը շարադրվում է պետության ապագայի տեսլականի թելադրանքով, ասենք՝ պատմում ես Նժդեհից՝ գրեթե սրբացնելով նրան, լուրն այս սրբազնությունը չի սիրում:

Եթե սերիալ ես նկարահանում, այդտեղ քո հեռուստատեսության քաղաքականությունը պահանջում է գլխավոր հերոս դարձնել փողոցային մարդուն, որին ներկայացնելիս դու ազատ ես ավելացնել քո շտրիխները: Լուրերում, իհարկե, դու կարող ես դարձյալ տեղի ունեցած որեւէ իրադարձության լուսաբանումը կարեւորել ըստ քո հեռուստաընկերության քաղաքական նախապատվության, բայց հետո մի գովազդիր՝ առաջինը տեղեկացեք «Առաջինից» կամ մենք աշխատում ենք ձեզ համար:

Որովհետեւ եթե ՀՀԿ հովանու ներքո անցկացվող հեղինակային երգ եք լուսաբանում, առաջին պլան մղելով ՀՀԿ երիտասարդկան միության նախագահին եւ Ռուբեն Հախվերդյանին, օգնեք ինձ հասկանալ, թե «Մեր սիրո աշունը» երգի հեղինակն ի՞նչ գործ ունի իշխող կուսակցության ակնհայտորեն նախընտրական նպատակներով կազմակերպած այդ համերգում:

Բուն իրադարձությունը կարող է տեղի ունենալ նաեւ լրատվամիջոցի բացակայությամբ, բայց եթե դու տեղում ես, օգնիր ինձ հասկանալ առավելագույնը: Որովհետեւ ես կարող եմ ձեր եթերը պատկերացնել առանց այդ լուրի, եւ դրանից ոչինչ չի փոխվի: Մարդիկ ասուլիս են հրավիրում եւ սեւով սպիտակի վրա ասում են, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, մասնակից է առնվազն մեկ խոշոր դրամական խարդախության, ու այդ մասին նույնիսկ լրատվական առաջատար կայքերն են լռում:

Լավագույն լուրը սեփական ճաշակդ գերազանցող լուրն է, վատագույնը՝ իրադարձությունից չհեռացող լուրը: Այս դեպքում լուրն ընդհանրապես գոյություն չունի: Բայց չէ՞ որ լուրը նաեւ իմունիտետ է ստեղծում, մարդիկ ինչպե՞ս իմանան՝ ու՞մ վստահեն, խարդախության երկրորդ զոհն ու՞մ պատմի այդ մասին:

Փոխարենը ինչու՞ են թմբկահարվում խոշոր ընկերությունների բարեգործություններն առանց ներկայացնելու, որ բարեգործվողները մինչեւ վերջ հուսահատ մարդիկ են: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները թմբկահարում են, որ հայկական եւ ռուսական մեկական խոշոր բանկեր Հայաստանում «ՀայՌուսգազարդի» հետ «ջեռուցման սեզոնին ընդառաջ եւ բնակիչների սոցիալական հոգսերը թեթեւացնելու նպատակով» սոցիալապես անապահով խավի հետ պայմանագրեր են կնքում տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար, որպեսզի ջեռուցման համար ձմեռը վճարել չկարողացողը կարողանա վճարել ավելի ուշ:

Նախ ոչ մեկին չհետաքրքրեց՝ ինչու՞ 20 տոկոս: Չէ՞ որ ինքնին 20 տոկոս տոկոսադրույքն ասում է, որ էդ երկրում տնտեսությունն անհուսալի է: Երկրորդ՝ ո՞վ ասաց, որ հիմա վճարել չկարողացողը այդ հնարավորությունը կունենա գարնանը կամ աշնանը: Մինչեւ գարնուն ի՞նչ է փոխվելու այսօր վճարել չկարողացողի կյանքում, եւ ինչու՞ այդ մասին չեն ձեր ռեպորտաժները:

Ու՞ր են սոցիալապես անապահովների մխիթարվող դեմքերը հատուկ նրանց համար պատրաստված հեռուստառեպորտաժներում: Եվ ընդհանրապես որտե՞ղ է լուրի հանդեպ հետեւողականությունը. կամ բարեգործությունները մի լուսաբանեք, կամ տնտեսական առաջընթացի մասին լուրերի մեջ մի մոռացեք աղքատներին: Դրանք չեն կարող տարբեր իրադարձություններ լինել:

Հասկանու՞մ եք՝ չի կարող լուրը գոյություն ունենալ, մարդը՝ ոչ: Հեռուստաեթերը չի կարող իրադարձության համար լինել սեւ խոռոչ, որտեղ «կուտակված» լուրը որեւէ կերպ չի անդրադարձնում տեղի ունեցածը:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *