«Պատերազմական գոտիներում հարկավոր է լինել չափազանց զգույշ, բայց համարձակ»

21.06.2017, Խաչմերուկ

Պատասխանատվության մեծ զգացում, համարձակություն, «ֆորս-մաժորային» իրավիճակները հաղթահարելու ունակություն, նախապես աշխատանքը պլանավորելու հմտություն. սրանք այն կարևոր սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Դանիելյանը պատերազմական գոտիներում աշխատելիս:

Անկեղծանալով ասում է, որ թեժ կետերում լրագրողի աշխատանքը վերածվում է խաղի՝ սեփական ճակատագրի հետ, որը երբեք չգիտի, թե ինչ ավարտ կունենա, բայց միևնույնն է խենթի պես սիրում է լրագրությունը և նախընտրում աշխատել նման թեժ իրավիճակներում:

«Երբ պաշտպանիչ բաճկոնով ու սաղավարտով վազում ես գերմանական ռազմական բազայից՝ ռումինական բազա, ֆլեշկան ձեռքիդ, քանի որ այնտեղ ինտերնետը ավելի արագ է, որպեսզի կարողանաս ուղարկել տեսանյութդ… դա միայն լրագրողը կանի, քանի որ վազելու պահին նրա հետ ամեն ինչ կարող է պատահել»,-2012 թվականին Աֆղանստանում  անցկացրած օրերն է հիշում լրագրողը, երբ  մեկնել էր ռեպորտաժ պատրաստելու հայ խաղաղապահների մասին Հայկական բանակի 20-ամյակի առթիվ:

Հիշում է, որ երբ հեռուստատեսությունում ասացին, թե պետք է մեկնի Աֆղանստան՝ սկզբից հրաժարվեց, ավելի ուշ համաձայնեց և հասավ այդ երկրի ամենաթեժ կետը՝ Կունդուզ, որտեղ գտնվում էին հայ խաղաղապահները:

Մեկնեց երեք օրով, սակայն պատերազմական գոտում անցկացրեց ինը օր: Ուզբեկստանից Կունդուզ հասան արդեն ռազմական ինքնաթիռներով: Մինչև Կունդուզ հասնելը ռմբակոծության հետևանքով երկու օր անցկացրեց Մազարե Շարիֆում:

«Այդ ժամանակ չէի հասկանում այն ամբողջ պատասխանատվությունը, որ ինքս էի կրում: Հիշում եմ, ինձ պաշտպանիչ բաճկոն ու սաղավարտ տվեցին, մեքենայով գնում ենք: Զինվորականներն ինձ ասում են. «Եթե հանկարծ կրակեն ու մեզ ինչ-որ բան պատահի, դուք մեքենայից դուրս կնետվեք, ճանապարհին փորած հորերի մեջ»: Ես էլ հումորով նրանց պատասխանում եմ. «Տղերք, դուք 15 րոպե ինձ էս հանդերձանքով հազիվ տեղավորեցիք մեքենայի մեջ, ես ի՞նչ արագությամբ դուրս կնետվեմ: Պետք է ասեմ, հազար ներողություն մի կրակեք, ես հորն եմ նետվելո՞ւ»: Այս ամենի մասին հիմա հումորով եմ հիշում, բայց իրական վտանգի միջով էինք անցնում»,-հիշում է Տիգրանը:

Խոստովանում է. Աֆղանստանը իր համար ոչ միայն ռիսկ էր, այլև ավանտյուրա, մինչ այն պահը, երբ մի քանի մետրի վրա ականատես եղավ պայթյունների:

«Պայթյուն ես լսում, ու քեզ ասում են՝ մարդ իրեն պայթեցրեց… Կամաց-կամաց հասկանում ես վիճակի լրջությունը, այս առումով պետք է շատ իրատես լինել: Այն լրագրողները, որոնք աշխատում են թեժ կետերում, բացառիկ պատասխանատվություն պետք է կրեն»,- ասում է Տիգրանը:  

Նա ներկայացնում է լրագրողական սեփական աշխարհագրությունը՝ Աֆղանստան, Կաննի կինոփառատոն, նկարահանում Քարդաշյանների շոուում,  հետո սիրիական պատերազմ ու այստեղ մի պահ կանգ առնում:

«Մեկ օր պետք է որոշում կայացնեմ ավելի հստակ ուղղվածություն ընտրելու առումով, ու հիմա հաստատ կարող եմ ասել, ընտրում եմ երկրորդը՝ լուսաբանել թեժ կետերը, ինչպես Սիրիան, Հալեպը: Մարդկային ճակատագրերն ինձ ամենից շատ են հետաքրքրում...»,-ասում է լրագրողը:

Սիրիա առաջին անգամ Տիգրան Դանիելյանը մեկնեց 2016 թվականին, եղավ Դամասկոսում, երկրորդ այցելությունն այս տարվա մարտ-ապրիլին էր: Լրագրողը մեկնեց նախ Հալեպ, հետո՝ Լաթաքիա ու Քեսաբ: Նկարահանեց «Պատերազմի և խաղաղության կռիվը» դոկումենտալ ֆիլմը:

Սիրիա գնալու համար ինքնաթիռով նախ հասավ Բեյրութ, այնտեղից տաքսիով շարժվեց դեպի Սիրիա:

«Ինքնաթիռից իջնում եմ, և մեկ ժամ հետո արդեն բեյրութահայ տաքսիստը ինձ է սպասում, մեքենայում բացի ինձնից այլ ուղևորներ էլ կան: Դեպի Հալեպ ենք գնում գյուղամիջյան, սարսափելի վատ ճանապարհով, ես հրճվում եմ, քանի որ գնում եմ անելու լրագրողի այն գործը, որի մասին երազել եմ, սպասել եմ, այն՝ ինչը իմն է»,-պատմում է Տիգրան Դանիելյանը:

Լիբանանի ու Սիրիայի սահմանին, հայ լրագրողին արգելում են հատել սահմանը՝ պատճաբանելով, որ չունի նկարահանման հատուկ թույլտվություն:

«Նման իրավիճակներում հարկավոր է արագ կողմնորոշվել: Ես անմիջապես հաշվի առա այն հանգամանքը, որ սիրիացիները հաշվի են նստում ռուսների հետ, ու որոշեցի մի հնարք անել, նրանց մոլորեցնելու համար: Սկսեցի բավականին բարձր ռուսերենով խոսել, գրեթե գոռալ, որ հենց հիմա կզանգեմ ռուսական զորքեր, Պուտինին անգամ... Նրանք խառնվեցին իրար ու իմ հարցերը շատ արագ սկսեցին լուծել, չնայած չունեին դրա իրավունքը: Ես նաև Սիրիայի ու Ռուսաստանի փոքրիկ դրոշներն էին գնել ու ամրացրել հագուստիս, ռուսական շունչ զգացին, չնայած իմ անձնագիրը հայկական էր, ու ես անցա սահմանը»,-պատմում է լրագրողը:

Տիգրանը կիսվում է Սիրիայից ստացած իր առաջին տպավորություններով. սահամանից այն կողմ՝ քայլող պատերազմն էր, վառված մեքենաներ, այրված ու քանդված տներ...

«Ամեն անցակետում կաշառք վերցնող զինվորականներ են, մի երեսուն անգամ մեքենան կանգնեցնում են, տասներորդ անգամից հետո այն արդեն սովորական է դառնում: 11 ժամ հետո հասնում ենք Հալեպ, որտեղ քանդված շենքերից կարծես հոգիներ էին դուրս գալիս: Հսկա, սիրուն ու սպիտակ շենքերը ավերված, ամենուր պատառոտված շորեր: Ես գնում եմ առանձնատների թաղամաս, որտեղ ընդամենը մի քանի ռումբ է ընկել, այնտեղ նաև հայեր են ապրում: Ինձ դիմավորում է Հայաստանի հյուպատոս՝ Տիգրան Գևորգյանը, որն այսօր Հալեպում միակ դիվանագետն է այլ երկրից: Դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունները փակված են Հալեպում: Ինձ տանում են հյուրանոց»,-պատմում է նա:

Տիգրանին դիմավորում է պատերազմական Հալեպում իր առօրյա կյանքով ապրող անլույս հյուրանոցը: Լրագրողի անհանգստությունը, ինչպես պետք է լիցքավորի տեխնիկան, փարատվում է, երբ իմանում է, որ ամեն օր երեկոյան ժամը իննին երեք ժամ լույս են տալիս:

«Միացնում էին հյուրանոցի նավթով աշխատող գեներատորը: Աշխարհը խառնվեր, ես ամեն օր ժամը իննին պետք է լինեի հյուրանոցում, որպեսզի հասցնեի տեխնիկան լիցքավորել, ու հետո նորից արագ գնում էի նկարահանման: Ինձ համար նաև տպավորիչ էր պատերազմող երկրի ռեստորանում տրվող արաբական նախաճաշը, իր հրաշալի համով ու բույրով»,-պատմում է նա:

Պատերազմական Հալեպում Տիգրանը չի օգտագործել պաշտպանիչ բաճկոն ու սաղավարտ:

«Գնում ես ինչ-որ մեկի տանը հարցազրույց անելու: Նա քեզ հետ զրուցում է իր սովորական շապիկը հագին, իսկ դու գնում ես սաղավարտով ու բաճկոնով, դա այնքան նսեմացնող է: Փոխարենը վարորդը, որն ինձ պտտեցնում էր Հալեպում, զենք ուներ մեքենայում, որ վտանգի դեպքում կարողանար պաշտպանել թե՛ իրեն, թե՛ մեզ»,-հիշում է լրագրողը:

Սիրիայում Տիգրանը անցկացրեց տասը օր: Ասում է, որ զգուշություն միշտ պետք է ունենալ, սակայն համարձակությունը գործի կեսն է:

«Գիշերային նկարահանումներ ենք արել, ինչն արգելված էր քաղաքում ու խիստ վտանգավոր: Ռումբերը անընդհատ թափվում են քաղաքի վրա, ու դու չգիտես այդ պահին որտե՞ղ կընկնի ու արդյո՞ք դու հենց այնտեղ չես լինի: Երբ գնում էինք Լաթաքիա, մի վայր կար, որտեղ տեռորիստներն ու զինվորականները գերիներով էին փոխանակվում, խիստ վտանգավոր մի վայր էր, ու մենք անցանք այդտեղով: Սա նշանակում է լինել չափազանց զգույշ, բայց համարձակ»,-ասում է նա:

Պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին խորհուրդ է տալիս  արկածախնդիր լինել՝ չափի մեջ: Նկարահանման գնալուց առաջ հնարավորնիս լավ պատեկարցնել «պրոդուկտ»-ը, առավելագույնս պատկերացել ինչ ուժեղ կետեր են անհրաժեշտ և ինչպես պետք է հասնել դրանց: Ըստ նրա՝ այդ ամենը խնայում է ժամանակը, օգնում օպերատորին և թիմի մյուս անդամներին արագ կողմնորոշվել: Նա չի բացառում «ֆորս մաժորները», բայց վստահ է, որ միևնույն է հարկավոր է գնալ պլանավորած:

«Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի: Ես գիտեի, որ եթե ինչ-որ բան լինի, հարկավոր է շտապ զանգել մեր հյուպատոսություն, շտապ տեղյակ պահել որևէ միջազգային կազմակերպության: Այսինքն միայն գնալ՝ գնալու համար, հասնել օրինակ առաջնագիծ, մի հատ սիրուն սթենդափ  անել... ոչ դա այդպես չէ,  մենք պետք է հասկանանք, թե, վերջիվերջո, ինչու ենք այդ ամենն անում: Ես անում եմ իմ ընտանիքի համար, որովհետև նրանք՝ ինչպես մյուսները նույնպես շարքային քաղաքացիներ են, որոնց համար հիմնական ինֆորմացիայի աղբյուրը շարունակում է մնալ հեռուստատեսությունը: Եվ մենք էլ պետք է ներկայացնենք այն, ինչ որ կա, առանց ավելորդ հայրենասիրության, առավել ճշգրիտ»:

Տիգրան Դանիելյանի խորհուրդներից է նաև հավաքած ինֆորմացիան, նյութը պահել մի քանի կրիչների վրա, իսկ եթե տվյալ վայրում ինտերները հզոր է, նաև iCloud-ում, Google Drive-ում կամ Dropbox-ում, ունենալ քարթ ռիդերներ: Հիշում է, ինչպես Աֆղանստանից վերադառնալուց ուզբեկները վերցրեցին տեսաերիզները, սակայն ինքը շատ հանգիստ դա ընդունեց, քանի որ հավաքած տեսանյութն արդեն ուղարկել էր ինտերնետով:

«Միշտ ունենում եմ սոսինձ, պտուտակահան, քանի որ կարող է պատահել ցանկացած բան: Ամենակարևորը՝ երբեք չխնայել գումար լավ կոշիկների վրա, ունենալ հարմար, ամենագնաց սպորտային կոշիկ, հարմարավետ ուսապարկ: Նաև՝ ջուր, փոքրիկ սրբիչ, ախտահանող հեղուկ, եթե դա արևելք է՝ արևայրուքի դեմ քսուկ: Ունենալ գումար, և այն պահել տարբեր տեղերում: Եթե պետք է վճարես, օրինակ, 100 դոլար, ապա մի հանիր ամբողջ գումար, այլ միայն 100-ը: Վստահելի կապեր գտնել մինչև տեղ հասնելը: Հյուրանոցներում ուշադիր լինել օտար մարդկանց նկատմամբ, որոնք հաճախ հենց մեզ են հետևում նման վայրերում»,- թվարկում է Տիգրանը:

Նա գործընկերներին խորհուրդ է տալիս «թշնամի» բառը փոխարինել «հակառակորդով» և չսերմանել թշնամություն:  

«Ես խենթանում եմ իմ մասնագիտության համար, շատ եմ սիրում, ու ահավոր շատ եմ ուզում նորից գնալ, մեծագույն հաճույքով, այնքան բան կա այնտեղ լուսաբանման համար, և առաջին հերթին՝ մարդկային ճակատագրերը»,-ասում է լրագրողը:

Նա գիտի, որ թեժ կետեր մեկնելով հարկավոր է մի կողմ թողնել հույզերը, որոնք խանգարում են ճիշտ աշխատել:

Գայանե Մկրտչյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?