«Լրատվամիջոցները կորցրել են իրենց դերը բոլոր ասպարեզներում»

31.01.2012, vox populi

Ազգի միջավայրը պահողը լրատվամիջոցներն են: Ուրբանիզացիան, ինտերնետը, բջջային հեռախոսը, հեռուստատեսությունը մեզ լրիվ հեռացրել են մեր մշակույթից եւ կարող են ուծացնել որպես ազգ: Դրա համար լրատվամիջոցները մեծ առաքելություն ունեն: Նրանք պետք է ոչ թե այնպես անեն, որ այդ միջավայրը մեզ ավելի ներքեւ հրի, այլ որ գոնե պահի այնպիսին, ինչպիսին մեր արմատներն են:

Մեծ անգրագիտություն կա լրատվամիջոցներում, կրթությունն ու դաստիարակությունը շատ են պակասել: Կրթված լինելն ու կրթություն ստանալը տարբեր բաներ են: Լացս գալիս է թերթերի կամ ինտերնետային հրապարակումների լեզվից: Ինչպե՞ս կարելի է այդպես գրել: Առաջ թերթից ուղղագրություն էինք սովորում: Հիմա տեսնում ես՝ հոդվածներ են հրապարակվում ուղղագրական եւ կետադրական բազմաթիվ սխալներով:

Լրատվամիջոցների դերը շատ կարեւոր է ժամանակակից հասարակության կայացման մեջ: Սակայն այսօր նրանք ընթերցողներիս շատ հաճախ ապակողմնորոշում են: Ես բացարձակապես չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողանում լրատվամիջոցների փոխանցածով պատկերացում կազմել, թե ինչպիսին է մեր երկրի վիճակը:

Այսօր լրատվամիջոցները նաեւ ազատ, ինքնուրույն չեն, սակայն ոչ թե այն պատճառով, որ չեն կարող ազատ լինել, այլ որովհետեւ դա պարզապես ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդպես հեշտ է արդարանալ: Գիտեմ, որ լրագրողների հանդեպ հաշվեհարդար էլ կա, բայց ուրիշ երկրներում հենց համարձակության միջոցով են հասել ինչ-որ բանի:

Լրատվամիջոցների դերը իսկապես շատ մեծ է, նրանք իսկապես չորորդ իշխանություն են ու հասարակության մեջ ավելի մեծ հեղինակություն ունեն, քան քաղաքական իշխանությունը:

Արիստոտելի դեմոկրատական պետության կառուցվածքի մասին իր աշխատության  մեջ առաջին դերը հատկացվում է նրանց, ովքեր բարիք են արտադրում, երկրորդը՝ մշակույթին, երրորդը՝ բանակին, չորրորդը՝ քաղաքականությանը: Մեզ մոտ ճիշտ հակառակն է: Ինչո՞ւ է այսպես. որովհետեւ լրատվամիջոցներն ամեն ինչ բխեցնում են քաղաքականությունից, փոխանակ բխեցնեն մշակույթից: Ամբողջ դժբախտությունը հենց սա է: Հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցները կորցրել են իրենց դերը բոլոր ասպարեզներում, եւ նրանց ազդեցության գոտին շատ նեղացել է:

Ցանկացած խնդրի վերաբերյալ լրատվություն տալը պահանջում է տվյալ բնագավառի իմացություն, վերլուծության հմտություն: Թե չէ մեզանում նույն լրագրողը մի օր գրում է քաղաքականության, մյուս օրը՝ տնտեսության, իրավագիտության, մարդու իրավունքների, բնապահպանության, անգամ՝ բժշկության ու երաժշտության մասին: Միգուցե ոմանք կասեն՝ լավ է, ուրեմն ամեն ինչից գլուխ է հանում: Բայց, ցավոք, դա մեծ մասամբ դիլետանտություն է դառնում: Որակյալ տեղեկատվություն տարածելու համար լրագրողները պետք է լրջորեն ուսումնասիրեն խնդիրները, ծանոթանան տվյալ բնագավառին, մասնագիտանան ու մշտապես սովորեն:

Թեմիկ Խալափյան
«Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ

Դպրոցը՝ իմ ընտանիքը՝ ծնողներս, եղբայրս ու վեց քույրերս, Արցախի իմ հայրենի Թալիշ գյուղի մարդիկ ու չքնաղ բնությունը, մեր տան մեջ ապրող եղնիկների ընտանիքը, իմ բազում աղավնիները…
Համալսարանը՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, մշակութային միջավայրը, սրճարանը, ուր կարող էիր զրուցել ու լսել Երվանդ Քոչարին, Մինասին, Ֆրունզին, Շերենցին, Լեւոն Ներսիսյանին, Շիրազին, նկարիչ Գեւորգ Մնացականյանին ու շատ այլոց…
Սիրելի գիրքը՝ փիլիսոփայական գրականություն
Սիրելի ֆիլմը՝ «Թթենին»՝ ըստ Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի
Սիրելի երաժշտությունը՝ բոլոր ժանրերի լավ երաժշություն, հայկական ռոմանսներ
Սիրելի սպորտաձեւը՝ ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ իդիոտ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?