Infocom-ը՝ որպես այլընտրանք

22.05.2018, Նյուսրում

Լրագրող

Ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ տեղեկատվության տարածման նոր ուղիներ ի հայտ եկան: Դրանցից մեկը Տելեգրամ-ն էր ու այնտեղ դիրքավորված  Infocom ալիքը: Այն ստեղծողներն ասում են, որ հեղափոխության օրերին, առավել քան երբևէ կարիք կար այլընտրանքային լրատվության, քանի որ իշխանական և ընդդիմադիր լրատվական դաշտում կրքերը թեժ էին: Տեղեկատվական պատերազմ էր՝ բոլոր կանոններով:

Սևակ Մամյանը Infocom-ի համահեղինակներից է: Նման հարթակ ունենալու քննարկումներ եղել են դեռ ամիսներ առաջ, սակայն խոստովանում է, որ բավարար մոտիվացիայի պատճառով գաղափարը կյանքի կոչվեց մի փոքր ուշացումով:

«Երկար ժամանակ ինձ համար պարզ չէր, ինչու Տելեգրամը որպես տեղեկատվության տարածման հաջողված գործիք չի օգտագործվում Հայաստանում: Չհասկանալով պատճառները, բայց ոգևորվելով այլ երկրներում ալիքի հաջողությամբ, ապրիլի 18-ին սկսեցինք մեր գործունեությունը»,- պատմում է Սևակը: 

Նրա կարծիքով, քաղաքացիական ակտիվության համար օգտակար տեղեկատվական հարթակի անհրաժեշտություն դեռ վաղուց կար, որովհետև տեղեկատվական հոսքի մեջ մարդիկ երբեմն ինքնուրույն դժվար են կողմնորոշվում:

«Այն քաղաքակական իրավիճակը, որում գաղափարը կյանքի կոչվեց, ամենամեծ մոտիվացիան էր, քանի որ հեղափոխության օրերին լրատվամիջոցները հաճախ էին մանիպուլյացիա տարածում: Դրանք ազդում էին իրավիճակի վրա և պետք էր տեղեկատվության տարածման նոր ճանապարհ մտածել»,-ասում է նա:

Հեղափոխության «գլխավոր հարթակից» կոչ եղավ կոմիտեներ ստեղծել և տարբեր ոլորտներում ինքնակազմակերպվել: Կոչից հետո երիտասարդները ոգևորվեցին և ստեղծեցին  «ինֆորմացիոն կոմիտեն», որն արտահայտվեց տելեգրամի ալիքի անվանման մեջ:

Սկսել են փոքրիկ թիմով՝ շեշտը դնելով օպերատվության վրա: Սևակը խոստովանում է, որ եղել է, երբ շտապողականության արդյունքում մի քանի անգամ ապատեղեկատվություն են տարածել: Նա համոզված է, որ Infocom-ի հետևորդները ըմբռնումով են մոտեցել նման դեպքերին. «նրանք արձագանքում էին արագ և տեղեկացնում, որ մեր տարածած տեղեկատվությունը սխալ է: Ինչ խոսք, դա խնդիր էր, պետք է ստուգելուց հետո միայն տեղեկությունը տարածել»:

Տելեգրամի առավելությունը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ թույլ ինտերնետի պայմաններում կարողանում ես տեղեկություն տարածել: Հեղափոխության օրերին մարդաշատ վայրերում՝ հատկապես Հանրապետության հրապարակում, կապի հասանելիության խնդիր կար, սակայն Infocom-ի թիմը կարողանում էր աշխատել դեպքի վայրից:

«Կարելի է ասել, որ Infocom-ը մասսայականությամբ այդ օրերին զիջում էր միայն ուղիղ միացումներին: Տեղեկությունները տարածում ենք հիմնականում հայերենով, իսկ օրվա ամենակարևոր  իրադարձությունները նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ակտիվորեն օգտագործում ենք թվիթերն ու ֆեյսբուքը»,-նշում է հարթակի համահեղինակը:

Աշխատանքի մեջ բոլորը ներգրավել են կամավորական հիմունքներով, սակայն ոչ հեռու ապագայում նպատակ ունեն հանդես գալ այլ ֆորմատով, ինչպես նաև լուծել ֆինանսավորման խնդիրը: Թեև թիմի համար ամենաողջունելին ինքնաֆինանսավորման տարբերակն է:

Այս պահին հարթակն ունի մոտ 11 հազար 200 հետևորդ:

 

Գայանե Ասրյան
 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?