«Լրագրողները հիմնականում ուզում են, որ մեկնաբանենք մեկ ուրիշի ասածը»

11.03.2019, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի քաղաքական դաշտում նոր մարդիկ են, որոնք թեև զբաղեցնում են բարձր տրամաչափի պաշտոններ, բայց մեդիան (հետևաբար նաև հասարակությունը) նրանց լավ չի ճանաչում: Եվ փորձում է նրանց տեղավորել այսօրվա խառնաշփոթ լրահոսում, որտեղ քիչ չեն թե՛ լրագրողների, թե՛ պաշտոնյաների անփույթ խոսքերն ու վրիպակները:

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Սուրեն Գրիգորյանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու մեդիայի համար ցանկալի անձ: Փաստաբանների լեզուն ու խոսելաոճը սովորաբար ավելի կշռադատված է ու զերծ բանաստեղծական պաթոսից:

Իսկ երիտասարդ տարիքը թույլ է տալիս լինել ավելի ազատ, քանի որ քաղաքական կարիերայի մեկնարկը շատ երիտասարդների համար պայմանավորված է ոչ թե հիերարխիայի մեջ տեղավորվելով, այլ նոր տիպի հարաբերություններ ստեղծելով (եթե, իհարկե, կա նման նպատակ):

Սուրեն Գրիգորյանի համար կարևոր է, թե ինչպիսի ուղերձներ են հայտնվում մեդիայում և ինչպես են դրանց պատասխանում (կամ չեն պատասխանում) հասարակական կարծիք ձևավորողները:

Նոր իշխանությունները հաճախ են քննադատում լրատվական դաշտը և դժգոհում, որ թեև մեդիան երբեք այսքան ազատ չի եղել, բայց տարբեր պատճառներով մանիպուլյատիվ է: Այդպե՞ս է:

Նման դժգոհություն միանշանակ կա, պատճառներից մեկը միգուցե այն է, որ եղած տեղեկատվությունը դժվար է անվանել լրատվություն:

Ենթադրվում է, որ լրատվությունը պետք է լինի հնարավորինս չեզոք, անգամ եթե կա լրագրողի կամ գլխավոր խմբագրի սուբյեկտիվության գործոն: Եղած ինֆորմացիան բնութագրելու այլ բառ հիմա դժվար է գտնել, բայց դա լրատվություն չէ անգամ բառակազմության առումով՝ լուր չի տալիս:

Կարծում եմ՝ դա ոչ միայն լրատվամիջոցների ֆինանսավորման, այլև պրոֆեսիոնալիզմի խնդիր է:

Օրինակ, կարող ես լսել որևէ մեկի խոսքը ԱԺ դահլիճում, հետո այդ մասին անդրադարձ կարդալով լրատվամիջոցում՝ տեսնել, որ ելույթ ունեցողի խոսքը տրամագծորեն տարբերվում է:

Իրականում նա ասել է՝ ես հեռու եմ այն մտքից, որ պետք է անել այսինչ բանը, իսկ լրատվամիջոցում գրված է՝ նա ասաց, որ պետք է անել այս բանը:

Իմ կարծիքով՝ այն, ինչ ներկայացվում է որպես նոր իշխանությունների քննադատություն, կա՛մ էժան մանիպուլյացիա է, կա՛մ անորակ աշխատանք:

Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ լրատվամիջոցներն ամեն գնով ուզում են ցնցել ու ապշեցնել լսարանին:  

Եվ այդ նպատակին հասնելու համար հիմնականում «բռնեցնում» են պատգամավորներին ԱԺ միջանցքում ու սարքում ընթերցվող թեմա՝ որսալով նրանց հակասական մտքերի տեղ թողնող խոսքը:

Նյուսմեյքերները նոր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն են, որոնք իրենց ասելիքով են նման մանիպուլյացիայի առիթ տալիս: Կամ տարակուսելի բան են ասում, կամ ոչինչ չեն ասում, միայն խոսում են:

Միգուցե նաև այդպես է: Երբ պետական պաշտոնյային մոտենում են մեդիայի ներկայացուցիչները, նա առաջին հերթին մտածում է, թե ինչպես պետք է խոսի, որպեսզի տեղ չթողնի մանիպուլյացիաների համար:

Եվ արդյունքում նրա խոսքը դառնում է կաշկանդված, և այդ լարվածությունից ծնվում են ոչ ճիշտ ձևակերպումներ:

Բայց լրագրողները հիմնականում ուզում են, որ մենք մեկնաբանենք մեկ ուրիշի ասածը: Եվ եթե, օրինակ, պատասխանենք, որ այդ ասածի հետ համաձայն ենք, կասեն՝ դուք ընդամենը կոճակ սեղմող եք, նույն կերպ եք մտածում ու չունեք ինքնուրույնություն:

Եթե պատասխանենք, որ համաձայն չենք, շատ հավանական է, որ դա ներկայացվի մոտավորապես այսպես՝ տեսեք մի խմբակցությունից են, բայց ընդհանուր տեսակետ չունեն:

Վերջերս ինձ մոտեցավ լրագրողն ու հարցրեց Ռոբերտ Քոչարյանի գործի դատավարության ընթացքի մասին: Ասացի, որ ճիշտ չեմ համարում մեկնաբանել, քանի որ լիարժեքորեն չեմ տիրապետում գործի նյութերին:

Չես կարող մի բժիշկից հարցնել մյուս բժշկի հսկողության տակ գտնվող հիվանդի առողջության մասին, եթե նա ծանոթ չէ ախտորոշմանը, հետազոտություններին, բուժման եղանակին ու նշանակված դեղերին: Իրեն հարգող ոչ մի բժիշկ պատասխան չի տա:

Նույն տրամաբանությունը գործում է գործից անտեղյակ փաստաբանի դեպքում։

Արդյունքում լրագրողն ասաց իր օպերատորին, որ նկարահանվածը պետք չէ: Ենթադրում եմ, որովհետև մեկնաբանությունս չեզոք էր, հետաքրքիր նյութ ու սկանդալ չկար: Եթե ուզեի հայտնվել լրագրողի նյութում կա՛մ պիտի ասեի, որ Քոչարյանը անպայման պիտի բանտարկված մնա, կա՛մ պահանջեի, որ նա լինի ազատության մեջ:

Լրագրողների հարվածի տակ մտնելն ավելի մեծ խիզախություն է պահանջում, քան ասենք, ֆեյսբուքի լայվով մեկնաբանելը, ինչը իրականում միայն ստեղծում է հետադարձ կապի պատրանք:

Բնականաբար ասուլիս տալն ու պատասխանելը լրագրողների հարցերին (երբեմն շատ սուր) ավելի դժվար է, քան պարզապես տեսախցիկով ասելիքը ձայնագրելն ու տեղադրելը Ֆեյսբուքում: Հնարավոր է, որ Ֆեյսբուքի լայվ ձևաչափը գերագնահատված է:

Բայց արձանագրենք, որ երբեք պետական պաշտոնյաներն այսքան ինտենսիվ չեն շփվել հասարակության հետ, ինչպես հիմա:

Եվ ուզենք թե չուզենք, պետք է համեմատվենք նախկինների հետ: Ստիպված ենք դա անել, քանի որ ժառանգել ենք նաև շփման եղանակները: Օրինակ, չեմ հիշում մի դեպք, երբ Սերժ Սարգսյանը պատասխաներ լրագրողների սուր հարցերին: Եթե անգամ դա պատահում էր, ապա միայն նախապես որոշված լրագրողների շրջանակում, որոնք ակնհայտորեն ոչ մի սուր հարց չէին տալու:

Իհարկե, միշտ չէ, որ մեդիայի օրակարգում հայտնվում են իրոք կարևոր հարցերը: Եվ բոլորս փորձում ենք հասկանալ, թե ինչպես անել, որ գաղափարներն ու նպատակները հասու լինեն հասարակությանը չմանիպուլացված ձևով:

Բոլորս էլ գիտենք, որ անգամ ամենաբարեխիղճ լրատվամիջոցը չի կարող երկար ժամանակ հրապարակել անաչառ, բայց չկարդացվող նյութեր:

Բոլորովին չեմ ուզում մեղադրել լսարանին, բայց լսարանին դուր գալու գործոնը առաջնային է շատ լրատվամիջոցների համար: Տարիներ շարունակ լրատվամիջոցները ստեղծել են արհեստական աշխարհ, որը ազդել է մարդկանց վրա ու ձևավորել պահանջարկ:

Ի դեպ, այս խնդիրը նոր չի առաջացել, ամեն բան ծայրահեղացվում է, կամ սև է կամ սպիտակ, մեջտեղ չկա, իսկ իմ համոզմամբ իրական կյանքն ու բոլոր հարաբերությունները գլխավորապես հենց մեջտեղում են:

Թե՛ բիզնեսը, թե՛ մեդիա դաշտը հետևողականորեն վերահսկվել են ու խեղաթյուրվել: Ու պետք է հաշվի առնել նաև, որ ագրեսիվ ուղերձները լսարանին ավելի անհանդուրժող են դարձնում:

Կարծում եմ, որ չհասկացող մարդկանց քանակը ուռճացված է: Մարդը արժեք է, խորհրդային ժամանակաշրջանում այս մասին երբեք չեն ասել, փոխարենն արժևորվել է կոլեկտիվը: Արժեքները բոլոր ժամանակներում նույնն են՝ մարդկային հավասարություն, ժողովրդավարություն, հարգանք միմյանց հանդեպ:

Եվ լավ է, երբ լրատվական դաշտում կան այդ հարգանքի ուղերձները:

Օրինակ, լրագրողը ինձ հարցնում է՝ ինչպե՞ս եք վերաբերվում ծխելը արգելելու որոշմանը: Ասում եմ, որ լավ որոշում է, քանի որ դեմ եմ ծխելուն: Մյուս հարցը՝ իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ծխող կնոջը: Պատասխանում եմ՝ այնպես, ինչպես ծխող տղամարդուն:

Եթե շարունակեի լրագրողի կառուցած ուղերձը, պետք է ասեի, որ հայ կնոջ ավանդական կերպարը չի կարող լինել ծխող և ես դեմ եմ, որ կանայք ծխեն: Վստահ եմ հենց այդ հատվածն էլ կօգտագործվեր ռեպորտաժում, մինչդեռ հավասարության ակնարկը թեկուզ այդ հարցում լրագրողին կարծես թե չհետաքրքրեց:

Նոր գումարման խորհրդարանի քննարկումները դիտելիս հարց է առաջանում հատկապես «ՔՊ» անդամներին: Վստահությունն ու պաշտամունքը երբեմն թվում են անբաժանելի: Չե՞ք կարծում, որ կոմպետենտ թիմը, ի վերջո, չի կարող հարցեր չունենալ: Այլապես մտնում ես հիացական դաշտ:

Երբ մեր գործընկեր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ այնքան է վստահում Նիկոլ Փաշինյանին, որ եթե կառավարության ծրագրում գրված լիներ մեկ նախադասություն, միևնույն է կողմ կքվեարկեր, նա ասում է, որ անվերապահ վստահում է վարչապետին: Բայց վստահությունը չի խանգարում քննադատել:

Եթե վստահում ես, ուրեմն համոզված ես, որ կոնկրետ բացթողումը եղել է բարեխիղճ սխալի արդյունք:

Զարմանում եմ, որ մարդիկ ասում են, թե քաղաքականության մեջ այլ կերպ է: Ի վերջո, եթե ընկերները  սխալվում են, ասում ենք այդ մասին:

Ինչու՞ պետք է քաղաքականության մեջ այդ սկզբունքը չաշխատի:

Որովհետև գոյություն ունի հարմարավետության զոնա, վերադասին ասում ես միայն հաճելին՝ ուզելով, որ իրեն լավ զգա, որպեսզի դու էլ քեզ լավ զգաս:

Իսկ ինչու՞ եք կարծում, թե մարդիկ, որոնք իրենց անցած ճանապարհով են ապացուցել, որ առնվազն չեն վախեցել անցնել այդ ճանապարհը (դուրս գալ փողոց, վտանգել ազատությունը, մասնագիտական կարիերան և այլն), պետք է մի ակնթարթում վերափոխվեն ու դառնան ստրկամիտ:

Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչու չի աշխատելու քծնանքը, քանի որ կստացվի, որ պիտի գովեմ Նիկոլ Փաշինյանին, ինչը նորից կարող է որակվել որպես քծնանք:

Նորմալ մարդը չի ընդունի իր հասցեին արված ձոները:

Ես հասկացել եմ, որ մի հարցը երկար քննարկելուց հետո, ի վերջո, հանգում ես մի պատասխանի, որը չունի ռացիոնալ բացատրություն:

Այսինքն, կարևորվում է, հավատում ես, թե ոչ, վստահում ես, թե ոչ: Միգուցե Քրիստինան չափից դուրս անկեղծ ասաց այն, ինչը ընդունված չէ քաղաքականության մեջ, բայց հարցն այն է, թե ում կողմից ընդունված չէ: Միգուցե այսօր ընդունելի չէ, իսկ վաղն ընդունելի դառնա:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?