Լրագրության և մեդիագրագիտության դասընթաց դպրոցականների համար

16.02.2017, Հայտարարություն

«Հույսի կամուրջ» կազմակերպությունը հրավիրում է 13-18 տարեկան դպրոցականներին մասնակցելու լրագրության և մեդիագրագիտության դասընթացի:

Եթե հետաքրքրասեր եք, ուզում եք նոր բացահայտումներ անել, բարձրաձայնել ձեր և ձեր հասակակիցներին հուզող խնդիրներ, ավելին սովորել ու կարդալ, նոր ընկերներ ձեռք բերել, փոխանակվել մտքերով ու գաղափարներով, իրականություն դարձնել մեդիա և ստեղծագործական նախաձեռնություններ, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ մասնակցելու լրագրության տեսական և գործնական պարապմունքների, կծանոթանան լրագրության ժանրերի հետ, կսովորեն գրել հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, որոնցից առավել հաջողվածները կհրապարակվեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթում և sunflower.am կայքում։

Ընտրված դպրոցականները կմասնակցեն նաև տարբեր թեմատիկ քննարկումների, ֆիլմերի դիտումների ու արշավների: Մրցութային փուլն անցնելուց հետո ընտրված անդամները ձեռք կբերեն բանավիճելու, շահերի պաշտպանության և առաջնորդության, սոցիալական մեդիաների օգտագործման, ինչպես նաև խոսքի ազատության և այլ իրավունքների մասին գիտելիքներ:

Մասնակցության համար ցանկալի է ունենալ պատրաստակամություն ստեղծագործական, կրեատիվ մոտեցում աշխատանքին և իհարկե սեփական կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն։

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը դասընթացին: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Դասընթացը անվճար է, տևողությունը` 4 ամիս, անցկացման վայրը` «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ (Երևան, Կորյունի 19ա, 2-րդ հարկ):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը մինչև 01.03.2017 թ.: Հայտը կարող եք լրացնել այստեղ: Խումբը կընտրվի մրցութային կարգով` դիմումների հիման վրա: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (098885766)  հեռախոսահամարով` Մարիամ Սարիբեկյանին:

Նախաձեռնությունն իրականացվում է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցայինծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և «Բաց հասարակության հիմնադրամների» կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:

Ծրագիրն Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն:

Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ:

Վրաստանում ծրագրի համակարգող` «Յունիոն Բերիլլուս» ՀԿ, գործընկերներ` «Լիբերտա» և «Բիլիկի» ՀԿ-ներ: