L’etat C’est Moi*

L’etat C’est Moi*
« Որոշ մտավորականների ու կազմակերպությունների կոչը ուղղված նախագահին ոտնահարում է հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը և փորձ է կատարում շրջանցել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը »

Հեռուստատեսությունների բովանդակությունը շատերիս մտահոգում է, սկսած իրականությունը գրագետ ու անկողմնակալ չարտացոլելոու, եթերից բացահայտ բռնություն քարոզելու ու հաճախ անճաշակ հաղորդումներ հեռարձակելու տեսանկյունից: Վերջերս, մի խումբ մտավորականներ և կազմակեպություններ նամակով դիմեցին ՀՀ Նախագահին` պահանջելով իր միջամտությունը հեռուստաեթերը ագրեսիվ ու քրեական վարքագծով հեղեղված բովանդակությունից ազատելու հորդորով:  Այդ ցանկի տակ իրենց ստորագրությունը դրածներից ոչ ոք, հավանաբար չգիտեր, որ նախագահը ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակ ունի, որտեղ բացակայում է տեղեկատվության ազատությանը միջամտելու գործառույթը: Հասկանալի չէ, թե ինչու՞ են մեր մտավորականները փորձում նախագահին վերապահել լրացուցիչ գործառույթներ, որը անկեղծ ասած Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանն է հիշեցնում: Միայն թե, այն ժամանակ թագավորն ինքն իրեն հայտարարեց պետության միակ կրողը, իսկ այս դեպքում դիմումի տակ ստորագրածները այս քայլով ՀՀ նախագահին, ով հանրապետության երաշխավորն է, ասում են «Պետությունը դուք եք»: Քաղաքական համատեքստի մասին այստեղ ոչինչ չեմ ասի: Սակայն, սա շատ հատկանշական է և հայտորոշում է երկրում առկա խնդիրների բազմությունը:

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց այլ նպատակադրումների շարքում «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը», որը առանց խղճի ու մտքի ազատության անգործադրելի է ու հակասում է համամարդկային արժեքներին: Այն ապացուցվել ու ամրագրվել է մարդկության պատմության ընթացքով, ինչպես նաև պատմական փակուղիներից բախումներով և մեծ զոհողությունների գնով դուրս գալու արդյունքում: Անհասկանալի է, թե ինչու՞ ստորագրյալները չեն ուզում դասեր քաղել այդ պատմությունից և փորձում են Հայաստանը տանել «զարգացման» մի ճանապարհով, երբ ժողովրդի ինքնիշխանության բացակայության կամ առևանգման պայմաններում անցյալը փակուղայնության նախադեպային հսկայական հետք ու վկայությունների վավերագրություն է ժառանգել մեզ: Հիշեցի հայտնի ասույթը. «Միայն հիմարներն են սեփական սխալներից դասեր քաղում, իմաստունները սովորում են այլոց սխալների վրա»:

Հասարակական գնահատական տալու առումով այս նամակը հետաքրքիր կլիներ, եթե ուղղված լիներ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, այլ ոչ` նախագահին: Ավելին, այն կարող էր ոչ միայն կոչ լինել, այլ պարունակել հիմնավորված փաստարկումներ, որոնք փոխկապակցված կլինեին հեռուստատեսության նման բովանդակության արդյունքում առաջացած բացասական հետևանքները ցուցանող գիտական տվյալների հետ: Դատելով նամակի ներքոստորագրյալների մասնագիտական կարողություններից ու զբաղվածության ոլորտներից, այդ գիտական ներուժը կար: Ավելին, ՀՀ օրենսդրությունը այս դեպքում թույլ կտար հանգուցալուծել լրատվության ազատության ու հանրային անվտանգության սկզբունքային բախումը: Նորից հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը, հարկ է նշել, որ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է այդ հիմնարար փաստաթղթով: Այն թույլ է տալիս ապահովել մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից /հոդված 27/ մեկը` խոսքի ազատության իրավունքը: Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարի պետություն հասկացությունը կարող է հանդուրժել նախագահի կամ որևէ այլ անհատի միջամտությունը տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու աշխարհագրական կամ բովանդակային սահմանափակմանը վերոնշյալ սկզբունքներից դուրս: Այդ նամակը ըստ էության փորձ է կատարում արտաշիրմել գրաքննությունը:

Որոշ մտավորականների ու կազմակերպությունների կոչը ուղղված նախագահին ոտնահարում է հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը և փորձ է կատարում շրջանցել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Այն կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել և հետագայում ցանկացած առիթով, առանց լուրջ փաստարկումների այս կամ այն քաղաքական ու էսթետիկ նկատառումներով սահամանափակելով եթերն ու հերթական անգամ խախտելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Մյուս կողմից էլ, իսկապես հասունանում է հեռուստաեթերի բովանդակության կարգավորման անհրաժեշտությունը, սակայն, վստահաբար ոչ այսպիսի միջոցներով:  Օրենքը արգելում է հեուստառադիոընկերություններին «բռնության եւ դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակել»: Ըստ էության, արգելող դրույթը ազատում է անձանց սուբյեկտիվ դատողություններ անելու պատասխանատվությունից և հնարավորություն է ստեղծում գիտական տվյալների վրա հենված փաստարկումների դեպքում հանձնաժողովի միջոցով արգելափակել նման եթերը: Մտավորականները կարող էին նամակով դիմել ՀՌԱՀ-ին ու պահաջել, որպեսզի վերջինը կատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` մշտադիտարկելով մտահոգություն առաջացրած առանձին հաղորդումները, իսկ ՀՌԱՀ-ի անգործության դեպքում դիմել դատարան, ներկայացնելով համապատասխան գիտական հիմնավորումները և պատասխանատվության ենթարկելով պարապուրդի մատնված հանձնաժողովին:

Նվարդ Մանասյան

* L’etat C’est Moi- Պետությունը ես եմ

Հեղինակի մասին

Միշտ մտածել եմ, որ հրդեհի դեպքում տնից կտանեի երեք գիրք՝ Նարեկացին, թուրքական հանրապետության տարում Պոլսում լույս տեսած տատիկիս Աստվածաշունչն ու Տերևում թաքնվածը: Ժամանցս սիրում եմ անցկացնել հիմնականում ընկերներիս հետ, բայց նաև հաճախ տանը տաք թեյը ձեռքիս մի «լավ» մելոդրամատիկ ֆիլմ վարձակալել ու դիտել: Երազում եմ մի օր լռել, բայց այն անել կամովին:

Comments

մենք էլ նմանատիպ նամակներով

մենք էլ նմանատիպ նամակներով լեգիտիմացնում ու խորացնում են խնդիրը, նշված նախադեպերին ավելացնելով ևս մեկը, այն էլ նախագահական ընտրություններից առաջ, երբ կարող են անհարկի ահաբեկել հեռուստահեռարձակող կազմակերպություններին ու ստիպել, որ ինքնագրաքննությամբ զբաղվեն:

Նվարդ արդեն նախադեպ կա՝ Ա1-ի

Նվարդ արդեն նախադեպ կա՝ Ա1-ի փակելը Լևոն տեր-Պետրոսյանի կողմից 1995-ին և Ա 1+ ի փակումը արդեն Ռոբերտ Քոչարյանի կողմից... էս երկրում արդեն ամեն ինչ տեսանք...

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License