«Հանրային մեդիան անում է այն, ինչը չի անում շուկան»

03.07.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

«Թվապատում 18» մեդիա կոնֆերանսում առանձին քննարկման թեմա էր հանրային հեռուստատեսության ու ռադիոյի դերը խաչվող թվային հարթակների դարաշրջանում: Ամբողջ աշխարհում հանրային մեդիան փորձում է վերափոխվել, դառնալ գրավիչ երիտասարդ լսարանի համար և օգտագործել սոցիալական մեդիան որպես բովանդակության տարածման ու ստեղծման միջոց:

Հոլանդական հանրային հեռարձակող (VPRO) գլխավոր խմբագիր Սթան Վան Էնգելենը պատմեց, թե ինչպիսի մարքեթինգային քայլերով են իրենք հարմարվում նոր ժամանակներին:

«Մենք չենք ուզում լինել դինոզավր և փորձում ենք չգործել որպես դինոզավր: Պարզ է, որ եթե չեք համապատասխանում հանրային փոփոխություններին, կլինեք անտեսված»,- ասաց նա:

VPRO-ն ունի չորս յություբյան ալիք, իսկ մեդիա բովանդակությունը քննարկվում է պարբերաբար տեղի ունեցող հանրային հանդիպումների ընթացքում: «Մենք ընդունեցինք, որ կարևորը ոչ թե հեռուստատեսությունն է, այլ լսարանը»,- եզրակացրեց Ստան Վան Էնգելենը:

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը կոնֆերանսի ժամանակ այսպես սահմանեց «հանրային» տերմինը.  «Հանրային նշանակում է բոլորի համար»: Այդ ձևակերպումից էլ սկիզբ առավ զրույցը Ստան Վան Էնգելենի հետ:

Համաձա՞յն եք, որ հանրայինը դա բոլորի համար աշխատող մեդիան է:

Երբ ասում ենք, որ հանրայինը բոլորի համար է, կարող ենք սահմանել նաև, որ առավել հանրային են կոմերցիոն ալիքները, քանի որ դրանք իրոք բոլորի համար են:

Հոլանդիայում հիմա լուրջ և թեժ բանավեճեր են ծավալում հանրային հեռուստատեսության շուրջ: Կա տեսակետ, որ մենք պետք է որքան հնարավոր է շատ գոհացնենք մարդկանց և հեռարձակենք մեծ ծավալի զվարճալի շոուներ:

Օրինակ, «Հոլանդիայի ձայնի» կամ տարբեր պարային շոուներ, որոնք իսկապես բոլորին դուր են գալիս:

Բայց իմ սահմանմամբ՝ «հանրային» նշանակում է լրիվ հակառակը: Կարծում եմ, հանրային մեդիան անում է այն, ինչը չի անում շուկան:

Իհարկե, մենք կարևոր դեր ենք խաղում և ուժ ենք, որը լուրջ վերահսկում է քաղաքական գործիչներին և հասարակության համար ներկայանում է որպես  քննադատորեն մտածող: Բայց դա նույնը չէ, ինչը ծրագրեր ստեղծել յուրաքանչյուրի համար:

Հոլանդերեն մի ասացվածք կա՝ սկսում ես պարել ժողովրդի ցանկությունների դուդուկի տակ:

Հանրային պահանջը նույնը չէ, ինչ խոշոր կոմերցիոն հեռուստատեսությունների արածը: Մենք փորձում ենք ինքներս քննադատորեն վերաբերվել մեր գործին ու ընդունել, որ հանրային մեդիա նշանակում է միշտ պատրաստ լինել ավելացնելու մի նոր բան:

Ընդհանրապես այդ բանավեճերը ողջ աշխարհում ծայրահեղ թեժ են:

Որքանո՞վ է հանրային հեռարձակողի համար կարևոր անկախությունը: Այն պիտի լինի անկախ, բայց արդյոք այդպե՞ս է:

Շատ կարևոր է անկախությունը կառավարությունից, շուկայից, զանգվածային արժեքներից, խոշոր ընկերություններից, նաև «ճիշտ» ճաշակից ու ընդունված գիտելիքից:

Եթե այս ամենը չկա, ստիպված կլինես անընդհատ կրկնել այն, ինչն արդեն ասվել է: Հանրային մեդիան պետք է փորձի (իհարկե, դա դժվար է) լինել հասարակության առողջ քննադատության ձայնը:

Եթե բոլորը նայում են մի կողմ կամ ասում մեկ բան, մենք պետք է ունենանք բավարար ազատություն ասելու տարբերվող կարծիք ու հուշելու, որ կան խոսելու ու մտածելու այլ ճանապարհներ:

Ձեր կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, մեդիան ի՞նչ կարող է կորցնել և ի՞նչ կարող է գտնել: Բարդ է քննադատել, երբ ոգևորված ես փոփոխություններով:

Իհարկե, ես Հայաստանի ներկա իրադրության փորձագետ չեմ, բայց որպես հեռվից դիտարկող մտածում եմ, որ մեդիան պիտի փորձի մնալ ժողովրդի ձայնը՝ տեղեկացնելով, թե ինչ է կատարվում փողոցներում ու ինչպես են մարդիկ արձագանքում փոփոխություններին:

Կարծում եմ՝ հիմա ազնիվ բանավեճերի ժամանակն է հանրային մեդիայում (թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի) այն մասին, թե որն է մեդիայի դերը հեղափոխությունում, ինչպես է այն արձագանքում, ինչ է արվել լավ, և որոնք էին սխալները:

Բիլ Շրիբմանը, Մարկ Գրիգորյանը, Սթան վան Էնգելենը «հանրայի՞ն, թե՞ Հանրային» քննարկման ժամանակ

Քննադատական միտքը կարևոր է յուրաքանչյուր լրագրողի համար, նույնիսկ երբ ձևավորվել է նոր կառավարություն:

Լրագրողը կառավարության մաս չէ, անգամ եթե մեծ հույսեր ունի կառավարությունից:

Լայն իմաստով լրագրողը պետք է կարողանա տեսնել, թե ինչպես են նոր կառավարության խոստումները վերածվում կոնկրետ գործողությունների: Արդյո՞ք նրանք կատարում են այն, ինչը խոստացել էին անել:

Կարծում եմ, լավ պահ է Հայաստանի հանրային մեդիայի համար: Եթե այն ուզում է լինել նոր ժամանակի մասը, կարող է սկսել վերլուծել, թե ինչպես է արձագանքել հեղափոխությանը, ինչ է սովորել, ինչ վրիպակներ է արել և որքանով է թափանցիկ եղել հանրության առջև:

Որքան հասկացա, հայաստանցիները դժգոհ էին հատկապես հեռուստատեսությունից, որը հեղափոխությունը բավարար կերպով չէր լուսաբանում:

Կոնֆերանսի ժամանակ շատ հարցեր հասցեագրվեցին Հանրային ռադիոյի ղեկավարին, և տպավորությունս այն էր, որ տնօրենն անում էր առավելագույնն, ինչ կարող էր:

Բայց շատ հետաքրքիր կլիներ, որ ռադիոյի (և ոչ միայն) աշխատանքում ներգրավված մարդիկ խոսեին նաև այն մասին, թե ինչ սովորեցին հեղափոխության ժամանակահատվածից:

Օրինակ, ասեին, որ զգուշավոր էին, երբ այսօրվա Հայաստանի վարչապետի ձեռնարկած քայլարշավը չէին լուսաբանում:

Թող լինի այսպիսի հարց՝ իսկ արդյո՞ք կարող էինք ավելի արագ արձագանքել իրավիճակին ու լուսաբանել Հայաստանում ծագող մի նոր ու մեծ երևույթ: Եվ ինչու՞ չարեցինք դա:

Հոլանդիայի Հանրային հեռուստատեսությունը շատ սխալներ է արել, քանի որ մենք ապրում ենք փոփոխվող մեդիա լանդշաֆտում և մեզ վրա մեծ է ճնշումը: Հատկապես, երբ փորձում ենք հասկանալ մեր դերը:

Իհարկե, ցանկացած մարդ սխալվելու իրավունք ունի, բայց նաև հնարավորություն՝ հետ նայելու ու խորհելու, թե ինչն է արել ոչ ճիշտ և ինչ փոփոխություն ժամանակին չի նկատել:

Այնպես որ, լավագույնը ինչ կարող ենք անել, քննադատորեն մոտենալ սեփական գործին և ազնվորեն ընդունել սխալները:

Իսկ հեռուստատեսության ապագան լուսավո՞ր է, թե՞  խնդրահարույց:

Կարծում եմ՝ այն ընդամենը լրատվամիջոցներից մեկն է: Իհարկե, այն չի անհետանա՝մնալով մեդիա դաշտի հիմնական ուժերից մեկը, բայց միևնույն ժամանակ, հեռուստատեսությունը պետք է իմանա, թե որն է իր տեղը:

Սոցիալական մեդիայում կան բազմաթիվ հարթակներ, որոնք ավելի գրավիչ են երիտասարդների համար, քան հեռուստատեսությունը: Նոր սերունդը զգում է, որ սոցիալական մեդիայի միջավայրում իր ձայնը լսելի է, և ձայները կարող եմ գումարվել միմյանց:

Հեռուստատեսության համար բարդ ժամանակներ են: Այն կարծես կանգնել է սարի գագաթին ու փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը:

Կան նոր մեդիա տեսակներ, որոնք հիմնովին անտեսվում են հեռուստատեսության կողմից Հոլանդիայում: Օրինակ, վիդեո բլոգերները:

Բլոգերները խոսում են իրենց փորձի մասին՝ գնումների, հագուստի, մտքերի, ժամանցի և այլ հազար ու մի բանի: Նրանք խոսում են 14-15 տարեկան աղջիկների ու տղաների հետ, որոնց համար դառնում են այն հիմնական ուժը, որը սովորեցնում է տեսնել աշխարհն ու արձագանքել աշխարհին:

Օրինակ, իմ 14 տարեկան դուստրը կանանց բլոգերից է շատ բան սովորում առօրյա կյանքի մասին:

Բլոգերները նոր սերնդի համար սահմանում են վարքագծային մոդելներ, և հաստատ մեր երեխաները նրանցից ավելի շատ բան են սովորում, քան հեռուստատեսությունից:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?