2017.09.29,

Քննադատ

Մարզական մեդիայի «մեղքը» հայկական ֆուտբոլում

author_posts/armen-nikoghosyan
Արմեն Նիկողոսյան

Լրագրող

Խորհրդային Հայաստանի բուհերը մինչև 80-ական թվականները սպորտային լրագրողներ չէին պատրաստում: Փորձն ու հնարավորություններն ի հայտ էին գալիս կա՛մ պատահականորեն, կա՛մ եթե կար հստակ նպատակ: Իմ դեպքում դա պատանեկան երազանք էր:

Հիմա իրավիճակն ամբողջապես փոխվել է. «սպորտային լրագրություն» են դասավանդում շատ բուհերում, անգամ լրատվամիջոցներն են աշխատում այս ուղղությամբ: Կարծես մոդայիկ է՝ բացել տարատեսակ լրագրողական դպրոցներ, կազմակերպել դասընթացներ և վերջում ցանկացածին տալ «սպորտային լրագրող» վկայական: Առանց լուրջ կրթական բազայի, վերլուծական մտքի, բառապաշարի, մարզական լրագրողին կամ մեկնաբանին անհրաժեշտ այլ հմտությունների առկայության:

«Սպորտային լրագրող» մասնագիտությունը կարծես դարձել է պարապ չմնալու, ապագայում որևէ այլ գործ գտնելու հնարավորություն:

Ընդունված է համարել, որ մեդիայի հիմնական գործառույթներն են տեղեկատվության տրամադրումը, հասարակության վրա ազդեցությունն ու կարծիքի ձևավորումը: Հիմա փորձենք հասկանալ, թե որքանով է սպորտային մեդիան (այս դեպքում՝ ֆուտբոլին անդրադարձող) կատարում իր դերը:

Առաջիկա օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները 2-ական ընտրական հանդիպումներ են անցկացնելու: Ազգայինը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում հոկտեմբերի 5-ին Երևանում մրցելու է Լեհաստանի ընտրանու հետ, ապա հոկտեմբերի 8-ին արտագնա հանդիպում է անցկացնելու Ղազախստանի հավաքականի հետ:

Մեր երիտասարդական հավաքականն էլ հոկտեմբերի 2-ին և 10-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանում մրցելու է Ջիբրալթարի և Ավստրիայի երիտասարդական հավաքականների հետ:

Այս հանդիպումների, թիմերի նախապատրաստության, մրցաշարային աղյուսակի մասին տեղեկություն հայկական կայքերում գրեթե չկա:

Եվ ընդհանրապես, մեր ֆուտբոլի վերաբերյալ սպորտային մեդիայի արձագանքը շատ դեպքերում սահմանափակվում է ընդամենը Հենրիխ Մխիթարյանի մասին արտերկրում տպագրվող նյութերի թարգմանությամբ կամ անձամբ Մխիթարյանի կողմից սոցիալական ցանցերում կատարվող գրառումների արտատպմամբ:

Ընդ որում՝ մեր մարզական լրագրողները չեն էլ ցանկանում հարցազրույցներ վերցնել հենց թեկուզ Հենրիխ Մխիթարյանից, հավաքականների մարզիչներից:

Սեպտեմբերի սկզբին մեր հավաքականը մոտ մեկ շաբաթ անցկացրեց Երևանում, և Մխիթարյանի մասին ցանկացած տեղեկություն արտատպող մարզական լրագրողները չփորձեցին, կամ միգուցե ծուլացան փորձել հարցազրույց ունենալ Մխիթարյանի հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացրին, որ այդ օրերին ոչ մի լրատվամիջոց, ոչ մի լրագրող չի դիմել Հենրիխ Մխիթարյանի կամ հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ հարցազրույց անցկացնելու համար:

Նշեմ նաև, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղերը չեն հեռարձակվում հայկական ոչ մի հեռուստաալիքով, չկան անգամ ուղիղ տեքստային ռեպորտաժներ: Նաև դժվարությամբ տեղեկություն կգտնեք խաղերի մասին, մրցաշարային աղյուսակներ՝ նույնպես:

Ճիշտ է, թիմերի մամուլի պատասխանատուները խաղերի հեռարձակումներ են կազմակերպում Յություբով, հիմնականում սեփական մեկնաբանությամբ, բայց այդ հեռարձակումները չեն կարող ազդեցություն ունենալ հասարակության վրա, քանի որ դրանք հիմնականում այսպես կոչված «ներքին օգտագործման» համար են:  

Հայկական ֆուտբոլում խնդիրները շատ են. մեր ֆուտբոլը հիմա գտնվում է ծանրագույն իրավիճակում, և սա ոչ միայն ֆուտբոլի պատասխանատուների արածի կամ չարածի հետևանք է, այլև մարզական թեմային անդրադարձող լրատվամիջոցների թերացումը:

Մարզական մեդիան հասարակությանը չի տրամադրում անհրաժեշտ ամբողջական տեղեկություն, չի կարողանում ձևավորել կարծիք, հետևաբար՝ չունի ազդեցություն:

Ֆուտբոլի պատասխանատուները, թիմերի ղեկավարները, մարզիչները բացարձակապես չեն զգում մեդիայի ճնշումը:

Ֆուտբոլը դարձել է աշխատանք՝ փոքրաթիվ մարդկանց համար: Եվ այդ փոքրաթիվ մարդիկ պատասխանատու են բացառապես իրենց գործատուների և ոչ հասարակության առաջ. ֆուտբոլիստները՝ մարզիչների, մարզիչները՝ ակումբների նախագահների և այլն:

Մեր հասարակությունն ամբողջապես կտրվել է ֆուտբոլից և դրանում մեղքի իրենց բաժինն ունեն մարզական լրագրողները:  

Արմեն Նիկողոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Մարզական մեդիայի «մեղքը» հայկական ֆուտբոլում”
  1. Spartak Petrosyan says:

    Չկարողացա համաձայնել
    Ես, իհարկե, դեմ չեմ, որ եթերում կամ կայքերում հայտնվում են տարբեր մասնագիտությունների մարդիկ, նաեւ նրանք, ովքեր սպորտից, կամ ֆուտբոլից, գուցե, առհասարակ գաղափար չունեն: Բայց մեր ոլորտում քիչ են, եւ, նույնիսկ, գրեթե չկան մարդիկ, ովքեր ավարտել են, օրինակ, մարզական լրագրության ֆակուլտետը: Այդպես էր վաղուց, այդպես կա, այդպես էլ կլինի: Եվ փորձը ցույց է տալիս, որ լավագույններին դա առհասարակ պետք չի էլ գալիս: Ամենավառ օրինակն էլ ձեր աչքի առաջ է, պարոն Նիկողոսյան:

  2. Արման says:

    Բարբաջանքի հետքերով…
    Ու սա գրում է մարզական լրագրող, ում ուշքը գնում է ՀՖՖ-ի ղեկավարության հետ միևնույն օթյակում ֆուտբոլ դիտելու համար։ Նախ ձեր «փնթի» տեղը գտեք դաշտում, հետո մյուսներիս մասին խոսեք։ Մեր ֆուտբոլը Ձեր նման անիմաստ «գիտակների» տեղը չէ, ով չլինելով ադեկվատ նախ մարդ, ապա լրագրող, փորձում է քար նետել մեր ուղությամբ։ Հա, հասկանում ենք, որ էդ քարերը «կեղտոտ» ձևով ձեռք եք բերել, բայց գոնե գրպաններիցդ մի հանեք, ամոթ է, էլի. ընդամենը մի հարց՝ չեք ամաչո՞ւմ էս նյութի համար։ Ձեզ տեսնելիս անպայման դեմ առ դեմ հարցնելու եմ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *