SOS-ը զգաց, որ պատի հետ է խոսում

03.12.2018, Նյուսրում

Լրագրող

SOS TV-ն ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը՝ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա բացատրում է, որ հեղափոխությունից հետո լսարանի մի մասն իրենց մեղադրեց Նիկոլ Փաշինյանին քննադատելու մեջ՝ նշելով, որ նրանք անձնական շահեր ու նպատակներ ունեն կամ «ՀՀԿ-ի ջրաղացին ջուր են լցնում»։

SOS-ի թիմը որոշել է ժամանակավորապես չաշխատել։

«SOS-ն առաջին հերթին մեր ինքնաարտահայտման հարթակն է։ Ու ստացվել է այնպիսի վիճակ, որ երբ մեր ասածը համընկնում է հասարակության կարծիքի հետ, ամեն ինչ նորմալ է, հակառակ դեպքում մեր ասելիքը տեղ հասցնելու խնդիր ենք ունենում։ Քանի որ հասարակությունը գտնվում է մեծամասնության կարծիքով առաջնորդվելու տրամաբանության մեջ, հակառակ կարծիքը ոչ միայն չեն լսի, այլև կհակառակվեն»,-ասում է Հայկը։

Նա ասում է, որ զգուշանալու խնդիր չունեն, ուղղակի որոշել են «նահանջել, մի կողմ քաշվել՝ հասկանալու ստեղծված իրավիճակը և չօգնելու կամ չվնասելու քաղաքական ուժերից որևէ մեկին»։

Որոշումն ընդունելուց առաջ SOS-ի թիմն իր էջում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցում է անցկացրել։ Ստացված մեկնաբանությունները թիմին կանգնեցրել են ընտրության առջև՝ կամ շարունակել գործունեությունը՝ ասելիքը տեղ չհասցնելով, կամ ժամանակավոր նահանջել։

«Մարդիկ մեզ ասում են, որ հիմա քննադատելու ժամանակը չէ, իսկ մենք կարծում ենք, որ հենց հիմա է այդ ժամանակը։ Հիմա ինչքան էլ մեր ասելիքը տարածենք, հասկանում ենք, որ անընդհատ պատի հետ ենք խոսում։ Պետք է սպասենք ընտրությունների ավարտին, որ հասարակությունն ազատվի կարծրատիպերից»,-ասում է Հայկ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ իրենց նահանջը նաև կարելի է ինքնագրաքննություն համարել, սակայն այս պահին դա միակ ճիշտ որոշումն է։

Հայկը խոսում է նաև SOS-ի՝ ժամանակավոր դադարի երկրորդ պատճառի մասին։

«Մենք ունենք բազմաթիվ մտերիմ ընկերներ, որոնք մասնակցում են ԱԺ ընտրություններին։ Բազմաթիվ խնդրանքներ եմ ստացել մեր էջով նրանց գովազդելու։ Չնայած համակարծիք եմ նրանց հետ, բայց պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից իրավունք չունեմ կողմնապահություն անել։ Եվ որպեսզի ոչ վնաս տանք, ոչ մեզնից նեղանան, որոշեցինք կողքի քաշվել»։  

Ընտրություններից հետո SOS-ը վերսկսելու է իր գործունեությունը և այդ պահից, ինչպես ասում է Հայկը, անցնելու են «դաժան քննադատության»։

«Գտնելու ենք բոլոր հնարավոր քննադատելու փաստերը՝ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանություն։ Ընտրություններից հետո մեր լսարանը այլևս չի կարող ասել ՀՀԿ-ի ջրաղացին ջուր ենք լցնում։ Մենք կշարունակենք աշխատել, քննադատել իշխանություններին, այդ թվում իշխանության օղակներում աշխատող մեր ընկերներին այնպես, ինչպես աշխատում էինք, քանի որ կարծում ենք, որ դա է նորմալ երկիր ունենալու տարբերակը»։

Ժամանակավոր այս որոշումը կարող է ազդել SOS-ի լսարանի աճի վրա, բայց, Հայկի խոսքով, լսարան կորցնելու խնդիր չունեն, քանի որ իրենց լսարանի գիտակից մասը միևնույն է կմնա։ Նա համոզված է, որ մարդիկ հասկացել են իր հիմնավորումները։

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?