Սոցցանցերի բաժանումը Հայաստանում

15.10.2018, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Վերջին ամիսների ընթացքում սոցիալական ցանցերում կատարվող փոփոխությունները հանգեցնում են նոր մեդիադաշտի ձևավորմանը։ Տարբեր հանրային խմբեր ձգտում են դեպի տարբեր հարթակներ։

Դա, իհարկե, նորություն չէ, սակայն այժմ կարելի է տեսնել, որ խմբային զատումը ձևավորում է տարբեր տեղեկատվական հոսքեր, որոնք հաճախ իրար հետ չեն հատվում։

Արդեն խոսվել է այն մասին, որ այս տարվա սկզբից Օդնոկլասնիկին Հայաստանում վերջնականապես զիջեց իր առաջնային դիրքերը։ Հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի լայվերը մեծ քանակի մարդ Օդնոկլասնիկիից տարան դեպի Ֆեյսբուք։

Եթե դիտարկենք վերջին ամիսների Ֆեյսբուքի լսարանի աճը, ապա կարելի է նկատել, որ մոտ հարյուր հազարով ավելացան ակտիվ օգտատերերը, ինչը ամսական լսարանը հասցրեց 1,3 միլիոնի։

Մյուս կողմից, վերջին երեք ամսվա ընթացքում Ֆեյսբուքի լսարանը չի աճել, մինչդեռ Օդնոկլասնիկիինը շարունակում է նվազել։ Կարելի է ենթադրել, որ տեղի է ունենում մի քանի միգրացիոն հոսք։

Օրինակ, վերջին ամսվա ընթացքում Փաշինյանի Ֆեյսբուքի էջը աճել է 20 հազարով, ինչը, կարելի է ենթադրել, տվյալ պահին հիմնականում ապահովվում է հենց Օդնոկլասնիկիից ներգաղթի հաշվին։ Սակայն Ֆեյսբուքի լսարանը չի աճում։ Ինչը հիմնականում պայմանավորված է այն բանով, որ ներհոսքից բացի կա այստեղից արտագաղթ։

Քանի որ Օդնոկլասնիկիի նորեկ զանգվածն իր հետ բերում է շփման նոր ոճ, որը չի գոհացնում «հնաբնակ» ֆեյսբուքցիներին, նրանք այստեղից դուրս են գալիս։ Դրան կարելի է ավելացնել դպրոցականներին, որոնք արդեն չափից դուրս են համարում մեծահասակների քաղաքականությամբ տարված լինելը։

Երիտասարդությունը հեռանում է Ֆեյսբուքից։ Սա նորություն չէ, սակայն արտահոսքը գնալով մեծանում է։ Հիմնական ուղղությունը դեպի Ինստագրամ և Յություբ Է:

Ինստագրամի լսարանը գրեթե կայուն կերպով աճում է 7-10%-ով։ Հայաստանյան լսարանն արդեն հասել է 650 հազարի։ Նման տեմպերի դեպքում Ֆեյսբուքը ոչ շատ ուշ ապագայում Հայաստանում կունենա լուրջ մրացակից։

Լսարանի գերակշռող մասն այստեղ երիտասարդությունն է․ մինչև 42 տարեկանների քանակը կազմում է 570 հազար։ Բացի դրանից՝ Ինստագրամի օգտատերերը շատ ավելի բաց են արտասահմանյան լսարանի համար։ Այստեղ մեծաքանակ լսարան ունեցող երիտասարդների թիվը շատ ավելի մեծ է, քան Ֆեյսբուքում, որտեղ իրենք ավելի դժվար են դրսևորվում։

Նույնը կատարվում է Յություբում։ Իհարկե, այստեղ հիմնական թրաֆիկ արտադրողները լրատվականներն ու սերիալներն են, հատկապես հեղափոխությունից հետո։ Սակայն, երիտասարդական վլոգներն արդեն լուրջ մրցակից են նույնիսկ հիմնական խոշոր  ԶԼՄ-ների համար, հատկապես լսարանի ձևավորման, հետադարձ կապի տեսանկյունից։

Հենց երիտասարդ վլոգերների շնորհիվ է, որ Յություբը հիմա Հայաստանում հանդիսանում է ոչ միայն տեսանյութերի և ուղիղ եթերի շտեմարան, այլ հենց սոցիալական ցանց՝ իր բոլոր ատրիբուտներով։

Թվիթերն, իհարկե, շարունակում է աճել, սակայն այստեղ ձևավորվում են բավականին սահմանափակ լսարաններ․ «փաբային», անարխիստական երիտասարդություն, տարբեր տիպի մասնագետներ, որոնք հիմնականում դրսի լսարանի համար են գրում և ահռելի քանակի ավտոմատացված հաշիվներ, որոնք պարզապես Ֆեյսբուքի գրառումները մեխանիկորեն տանում են Թվիթեր (ինչպես, օրինակ, բոլորի կողմից սիրված ոստիկանության Թվիթերի հաշիվը)։

Թվիթերն իր հերթին մի տարածք է, ուր փախչում են Ֆեյսբուքի բազմամարդ հարթակից։

Լինքդինը շարունակում է աճել կայուն, սակայն, Ինստագրամի հետ չհամեմատվող տեմպերով։ Պրոֆեսիոնալ բնույթի քննարկումները կամաց-կամաց տեղափոխվում են այստեղ։ Նույնիսկ, եթե մարդ ունի ակտիվ հաշիվ հա՛մ այստեղ, հա՛մ Ֆեյսբուքում, հիմնականում դրանք երկու տարբեր կերպարներ են, քանի որ Լինքդինում հետ է մղվում անձնականը։

Առանձին տեղ է գրավում շատերի համար անհայտ Snapchat-ը։ Հայաստանի համար սա շատ յուրահատուկ հարթակ է, որից օգտվում են հիմնականում միայն դպրոցականները և ուսանողությունը։ Մեծահասակները հաճախ նույնիսկ տեղյակ էլ չեն սրա գոյության մասին։

Բայց եթե նայենք վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ վերջին ժամանակահատվածում Snapchat-ը անդրոյիդի համար սոցցանցերի հավելվածներից ամենաներբեռնվողներից է (ըստ Similarweb-ի տվյալների):

Նման իրավիճակ է Apple-ի հավելվածների հայաստանյան շուկայում (ֆոտո և վիդեո բաժնում):

Ընդհանուր պատկերն այն է, որ հասարակական խմբերը սկսում են իրարից տարանջատվել և ցրվել տարբեր բնակարաններով՝ հոգնելով համատարած խառը աղմուկից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?