2011.11.23,

vox populi

Ականջդ կանչի, Գաբրիել հրեշտակապետ կամ…նոր «հրեշտակներ»

Ժողովո’ւրդ ջան, զգուշացեք, նոր հրեշտակներ են հայտնվել. ուշադիր եղեք, որ ձեր երեխաներն էլ չտարվեն այդ հրեշտակներով…Ինքն էլ ի՞նչ հրեշտակներ, ձեր իմացած՝ ճերմակ թևերով չեն, գլխներին լուսապսակներ չկան, անսպասելի չեն հայտնվում այն պահին, երբ դուք նրանց կարիքն ունեք. սրանք նոր “սորտի” հրեշտակներ են, սրանք մերօրյա դպրոցի՝ աշակերտ-հրեշտակներ են, այլ կերպ ասած՝ «Հրեշտակների դպրոցից» են:

Ինչքան փորձեցի «անջատել» ուղեղս ու մտածել, որ միևնույն է՝ իմ գրելով ոչինչ էլ չի փոխվի, բայց դե ինչ անեմ՝ տեսակս է էսպիսին, ես լռել չեմ կարողանում:

«Հրեշտակների դպրոց». Հ1-ի ևս  մի նոր գլուխգործոց՝ «փառահեղ» ողբից՝ «Աննա» հեռուստասերիալից հետո: Այս  «անմեղ» հեռուստասերիալը ի՞նչ է հրամցնում, ի՞նչ է սովորեցնում մեր երեխաներին, ի՞նչ «ուղերձ» ունի: Կամ՝ մերօրյա խոսքով, ինչ մեսիջ ունի:

Ես փորձեմ մոտավոր բացել այդ ուղերձը.


«Սիրելի՛ դպրոցականներ,կորչի ուսումը, կորչի դպրոցը,կորչի հարգանքը ուսուցիչների հանդեպ, կորչեն ամեն տեսակ սրբություններն ու արժեքները:

Աղջիկնե՛ր, ավելի լավ է դուք ձեզ լավ խնամեք, ձեր մազերը տեղը տեղին հարդարեք, լավ հագնվեք (դրես-կոդի պահանջները բավարարեք), իսկ դուք, տղանե՛ր, ժրաջանորեն սերտեք` ձեր իմիջը ամբողջացնող ժարգոնը (որ հանկարծ ետ չմնաք ձեր ապերո-ընկերներից), սովորեք ստել ու… ուշադրությո՛ւն, սովորեք իրար մռութ ջարդել. սա պարտադիր պետք է գալու ձեր «ռազբորկաների» ժամանակ:

Հա՛, սիրելինե՛րս, ի՞նչ իմաստ ունի սովորելը, ի՞նչ մի ձանձրալի ու անհետաքրքիր զբաղմունք եք գտել…Սիրահարվեք, եթե պետք է ընտանիք էլ քայքայեք, ասեմ ավելին՝ ավարտական դասարանների աշակերտներ. պետք չէ պատրասվել քննություններին, հո դուք միամի՞տ չեք. մի կարգին, դուխը տեղն ընկեր գտեք, թող տուն վարձի ձեզ համար ու…փախեք միասին: Ի~նչ լավա, չէ՞»:

Բա հերիք եղավ էլի, սցենարիստ ջան, ախր ինչքա՞ն կարելի է: Ես, օրինակ, որպես շարքային հեռուստադիտող, կարոտ մնացի մի տեսարանի, երբ ասենք այդ հրեշտակ-դպրոցականներից որևէ մեկը դասերը կպատրաստի, գիրք կկարդա (իհարկե չեմ ասում՝ ժամերով ցուցադրեք գիրք կարդալու ողջ պրոցեսը), որևէ տնային աշխատանք կկատարի, կամ, ասենք, խմբով կքննարկեն ինչ որ թեմա, որ կհետաքրքրի, որ սազական է դպրոցահասակ երեխաներին: Ի վերջո՝ դպրոց է, չէ՞…

Այսօր, առանց այն էլ, «ուսուցիչ» բառը կորցրել է իր երբեմնի վսեմությունը, ու պետք չէ այդ բաց լարի վրա էլ ավելի նվագել…Սերիալում. «մինի» հրեշտակները անխնա ծաղրում են ուսուցչին, ու դա ոչ մի կերպ չի պատժվում, ընդհակառակը՝ տնօրենը ուսուցչին ստիպում է, իր կամքին հակառակ, բարձ գնահատի «Ջիպ»-ով ֆռֆռացող, միշտ դասից բացակայող, բայց…բայց որ ամենկարևորն է՝ փողատիրոջ որդուն:

Հասկանում են, սա որոշ չափով մեր իրականությունն է, բայց ախր չի կարելի. եթերը ոչ միայն իրականությունը բացահայտելու ու ներկայացնելու համար է, այլ նաև կրթելու, ճիշտ ուղի ցույց տալու համար է: Պետք չէ փողոցի ժարգոնն ու աղտը բերել եթեր ու այն «խնամքով» հրամցնել դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց «ամենավտանգավոր» տարիքում են (այս շրջանում նրանք անընդհատ copy-ներ են անում):

Սիրելինե՛րս, մի խնդրանք ունեմ, եկեք copy-ի համար  լավ նյութ տանք, որ հետո paste-երի ժամանակ մեղավորներ չփնտրենք:               

Շուշան Օհանյան
լրագրող

Դպրոցը՝ ք. Գորիս, Ս.Խանզադյանի անվան միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Գորիսի պետական համալսարան, հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ «Օլիվեր Թվիստի արկածները»
Սիրելի երաժշտությունը՝ ավելի հարազատ է գործիքային երաժշտությունը (դաշնամուր)
Սիրելի սպորտաձևը՝ ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝   Никакая цель не высока настолько, чтобы оправдывала недостойные средства для ее достижения.

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *