Մտահո՞գ ես՝ «¡No pasarán!»

27.11.2018, Ընտրություններ 2018

Lրագրող, կինոքննադատ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը փորձում են դառնալ առավել ներկայանալի՝ ցուցակներ, ծրագրեր, խոստումներ, հեռուստատեսային բեմելներ ու այլն:

Հնարավոր ամեն բան անում են աչքի ընկնելու և 11 ուժերից բաղկացած բազմերանգ գունապնակում սեփական քաղաքական գույնի գոյությունը և հենց տվյալ գույնով գլուխգործոցին հարիր վրձնահարվածի կարևորությունը ընդգծելու համար:

Եթե ձեռքներս խղճին դրած հիշենք, թե քանի անգամ ենք ուշադիր կարդացել բոլորի նախընտրական ծրագրերը, ապա ստիպված կլինենք ընդունել, որ կարգախոսը ոչ վերջին դերն է խաղում ներկայացուցչական գործիքակազմում:

Մեծամասամբ ծրագրեր չկարդացողներիս համար այն կոչված է սեղմելու հաստափոր հայեցակարգերն ու առաքելությունների նկարագրերը մի քանի առավել ցայտուն ու դիպուկ բառերում:

Ինչպես ընդհանուր քաղաքական հռետորաբանության մեջ, այստեղ նույնպես հիմնականում լսում ենք պոպուլիստական գոհարներ, որոնց պետք է անդրադառնալ, բայց չպետք է տխրել, քանի որ պոպուլիզմը և քաղաքականությունը սիրված լինելու համար հիմնականում զուգերգով են հանդես գալիս աշխարհի բոլոր քաղաքական բեմերում:

Կան կարգախոսներ, որոնք վերցված են ուրիշներից, բայց դա ամոթալի չէ, ընդունված պրակտիկա է:

Ինչպես «Սասնա ծռերը» կրկնում են Սամվել Ֆարմանյանի կարգախոսը, այնպես էլ, օրինակ, հետխորհրդային Ռուսաստանի ամենահայտնի «Ընտրիր թե չէ կպարտվես» («Голосуй или проиграешь») կարգախոսը Բորիս Ելցինի թիմը թարգմանաբար որդեգրել էր իր իսկ «ոխերիմ թշնամուց»՝ Բիլ Քլինթոնից (Choօse or Lose):

Կա մեկ այլ հայտնի օրինակ. Թրամփի օրոք աշխարհահռչակված «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» (Let’s make America great again!) կարգախոսը Թրամփից դեռ 26 տարի առաջ օգտագործել էր Ռոնալդ Ռեյգանը:

«Ժամանա՛կն է», - ասում են «Սասնա Ծռերը» ու թողնում մեր գուշակությանը, թե կոնկրետ ինչի ժամական է, իսկ հաշվի առնելով «Սասնա Ծռերի» իմպուլսիվության ու աշխարհակալ հավակնությունները, այդ բազմակետը ընտրողներից շատերի համար դառնում է վախենալի:

«Մեր խոսքը գործ է»,- թվում է, թե մի թումանյանական իմաստություն է կրկնում ԲՀԿ-ն, որը սակայն Ծառուկյանի անձից դեպի կուսակցական ինստիտուցիա ապակենտրոնացնելու փոխարեն, անում է հակառակը. ուղիղ կերպով ասոցացվում է նրա անձի հետ՝ դրանից բխող բոլոր եզրակացություններով:

«Հավատարիմ հողին և հային» իրենց մնայուն հոգեվիճակով կիսվում են դաշնակցականները, «Առաջինը Հայաստանն է» առաջնահերթությունները դասավորելու արդյունքում փաստում է «Մենք»-ը: «Օրինականություն, արդարություն և ապահովություն» խոստանում է ՕԵԿ-ը: «Ապագան ՔՈՆՆ Է»,- բղավելով հուսադրում է «ՔՈ»-ն:

Ու այդպես շարունակ հնչում են մաղթանքներ կամ արձանագրություններ, որոնք բոլորի «սրտով են»՝ չպարունակելով ո՛չ յուրահատուկ շեշտադրում, ո՛չ էլ ինչ-որ բանի հանդեպ հակադրություն:

Իսկ եթե 11-ից 10-ը կուսակցությունները կանխավ գիտակցում են, որ մտնում են խորհրդարան որպես հակակշիռ, ասել է թե՝ ընդդիմություն, ապա ու՞ր են ներկայիս ֆավորիտների հանդեպ հակադրությունները:

Այս առումով տեղին է ՀՀԿ-ի «մտահոգ» կեցվածքը, քանի որ «մտահոգությունը» տարբեր է «սրտացավությունից» և իր մեջ պարունակում է տագնապ, որով փորձ է արվում հակադրվել նոր իրականությանը:

Սակայն քանի որ իշխանափոխության բերեց հենց այդ տագնապը ու կեցության անտանելիության ալարմիստական ալիքը, վարկաբեկված ուժի կողմից «մտահոգվածությունը» դիտարկվում է կա՛մ որպես ցինիզմ, կա՛մ էլ լավագույն դեպքում` հեռացած գնացքում արթնացած բնազդ, որը պետք է լիներ հիմնականը դեռևս կայարանում՝ մինչ գնացքի շարժվելը:

Չնայած «ՀԷՑ-ի գովազդ» կամ «հանքափորների խնդրանք» հիշեցնող «Լուսովորի՛ր Հայաստանը» կարգախոսի վերաբերյալ կատակին, այն թերևս միակն է, որը և՛ հակադրվում է, և՛ պարունակում է գործողության հորդոր (Call to action):

Սակայն «Լուսավորի՛ր» սովորաբար ասում են մութ ժամանակ, իսկ «Լուսավոր Հայաստանը» կարծես թե այսօրվա իշխանություններին այնքան էլ որպես մութ չի դիտարկում:

«Իմ քայլը» դաշինքը երկար ժամանակ դիտարկում էր «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, որը նույնպես պարզապես բոլորին հայտնի իրողության կամ «գալիքի» կրկնությունն էր ու չէր ենթադրում ոչ մի նոր անելիք ու գործողություն ու դրա հետ մեկտեղ՝ միանգամայն համահունչ էր իրենց իսկ հասցեին այդքան հաճախ հնչող «անձի պաշտանմունքի» մասին քննադատություններին:

«Նիկոլ վարչապետը» կարծես ենթադրում էր ծալած ձեռքեր, որոնք վեր էին բարձրանալու միմիայն գերագույնին փառաբանելու նպատակով:

Արդյունքում նրանց ընտրությունը կանգ առավ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսի վրա, որը թեպետ բավականին դժվար է դրոշմվում լայն զանգվածների հիշողության մեջ, սակայն ունի որոշակի ինդուկտիվ տրամաբանություն. կաթիլից՝ ծով կամ ես-ից՝ մենք պատճառահետևանքային ուղղվածություն:

Մնում է արվի առաջին քայլը, և անհատը դառնա երջանիկ, իսկ դա արդեն գրեթե անհնար է, քանի որ «Երջանկությունն այն է, երբ...» ալգորիթմը միայն «Love is...»  մաստակի միջուկներում ուներ հարյուրավոր չկրկնվող լուծումներ:   

Վերջիվերջո, կարգախոսը խոսք է, իսկ խոսքը անմեղության կանխավարկած ունեցող այն միակ մեղադրյալն է, որին հետաքննության շրջանից հետո կարող է արդարացնել միմիայն Գործ անունով դատավորը:

Տարիներ առաջ այդպիսի մի «դատավարություն» եղավ հեռավոր Իսլանդիայում, որտեղ 2010-ին հնչեց բոլոր կանոններով անընդունելի ու անլուրջ մի կարգախոս, որի նման մի բան Հայաստանում կարող էր հայտարարել թերևս միայն Սերգեյ Դանիելյանի «Քաղաքացիական Ակտիվ Քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը:

Իսլանդիայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր կատակերգուներից և երաժիշտներից կազմված բառի ամենաբուն իմաստով՝ «Լավագույն կուսակցությունը», որի կարգախոսն էր «Մենք կարող ենք խոստանալ ավելին, քան մյուսները, քանի որ մենք միևնույն է չենք կատարելու մեր խոստումները»:

Իսկ խոստումները մոտավորապես հետևյալն էին՝ «Անվճար ցամքոցներ լողավազաններում», «Վերջապես սպիտակ արջ կենդանաբանական այգում», «Թմրանյութեր պառլամենտի ներսում», «Թամբալության շաբաթօրյակներ բոլոր օրերին, բացի շաբաթ օրվանից» և այսպես շարունակ:

Ամենաշշմեցնողն այն էր, որ այդ քաղաքական թիմը ոչ միայն հաղթեց այդ ընտրություններում, այլև հաջողեց դուրս բերել Ռեյքյավիքը երկարամյա քաղաքական ճգնաժամից:

Իրականացվեցին կրթական և ֆինանսական զգալի բարեփոխումներ, փոքր և միջին բիզնեսը խթանող ծրագրեր, գրանցելով դեպի Իսլանդիա տուրիստական հոսքի 20% աճ:

Նրանք «հավատարիմ էին իսլանդացուն ու հողին», գիտակցում էին, որ «առաջինը Իսլանդիան է», իսկ «ապագան՝ իրենցը» ու «ժամանակն է»  «երջանիկ անհատների հոգատար հանրության և հզոր հայրենիքի»:

Նրանք գիտեին, թե «եկել էին, որ ինչ անեին» ու արդյունքում՝ «խիարները աճեցին ուղիղ», քանի որ «այո՝ իրոք» նրանք եկել էին կրկեսից, սակայն «կրկեսի վերածելու հայրենիք չունեին»:   

Միայն թե տեղ-տեղ նրանց «խոսքը գործ չդարձավ», քանի որ գուցե ոմանք «մտահոգ էին», որ լողավազանի ցամքոցները դեռ վճարով էին, իսկ շաբաթօրյակ շարունակում էին անել միայն շաբաթ օրերին:

Կարեն Ավետիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?