Հակամարտության լուսաբանման էվոլյուցիան՝ խիստ պաշտոնականից սոցիալական ցանցեր

25.03.2014, Խաչմերուկ

Շուտով քսան տարի կլրանա Ղարաբաղյան ֆրոնտում ֆորմալ հաշտության օրից։ Ինչու՞ ֆորմալ։ Որովհետև այդ ընթացքում այդպես էլ իրավական փաստաթուղթ չի ստորագրվել, որը կպարտավորեցներ կողմերին չխախտել հրադադարի ռեժիմը։ Հրադադարը պահվում է միայն «ազնիվ խոսքի» վրա։ Պատերազմն ավարտված չէ։ Ամեն ամիս մարդիկ են զոհվում՝ ինչպես  զինվորներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։ Պատերազմը շարունակվում է նաև տեղեկատվական տիրույթում։

Քսան տարին բավական մեծ ժամկետ է  հակամարտության լուծման համար։ Օրինակ, դժվար է պատկերացնել, որ խորհրդային թերթերը 1965 թվականին շարունակում էին պիտակավորել գերմանացի ֆաշիստ բռնազավթիչներին, կամ հակառակը՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության  թերթերըը ռևանշի ու պատերազմի արդյունքները վերանայելու կոչ էին անում։ Ինչու՞ մեզ մոտ, չնայած անցած երկար ժամանակի, ռազմական հռետորաբանությունը ոչ միայն չի նվազում, այլև ուժեղանում է։

Հակամարտության սկզբնական փուլում ադրբեջանական ԶԼՄ-ները, ավելի ճիշտ՝ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական ԶԼՄ-ները, պարզվեց, բոլորովին պատրաստ չէին տեղեկատվական պատերազմին։ Նման ժանրի մասին նրանք ուղղակի չգիտեին։ Այն ժամանակ մենք իսկական տեղեկատվական շրջափակման մեջ հայտնվեցինք, ու մեզ մնում էր նստել հեռուստաէկրանների առջև և հայհոյել ռուսական «Վեստի»-ն այն բանի համար, որ նրանք հայերին են սատարում։ Հակառակորդի մտածված տեղեկատվական քաղաքականության դեմ մենք գրեթե ոչինչ չունեինք, միայն՝ հայրենասիրական բանաստեղծություններ, կրակոտ անեծքներ ու սգո պատարագներ։

Ռազմական գործողությունների թեժ պահին ասպարեզում հայտվեցին պրոֆեսիոնալ լրագրության առաջին փայլատակումները։ Ադրբեջանական «Թուրան»-ը, հայկական «ՍՆԱՐՔ»-ը (հետագայում՝ «Արմինֆո») և վրացական «BS Press»-ը գլուխ բերեցին «առաջին ձեռք» ինֆորմացիայի փոխանակումը։ Այս նախագիծը «առաջին ծիծեռնակը» դարձավ ու կարևոր դեր խաղաց տեղեկատվական շրջափակումը ճեղքելու և ամեն տեսակի սադրանքները կանխելու մեջ։

Հրադադարից հետո սկսեց ՀԿ-ների համատեղ մեդիա նախագծերի շրջանը, երբ այսպես կոչված «խաղաղապահ» լրագրողները փոխադարձ այցելություններ էին կատարում, ելույթ էին ունենում հակառակորդի հեռուստատեսության ուղիղ եթերում, փորձում էին կոտրել թշնամու կերպարը։  Մեծ ճանաչում ունեին հեռուստակամուրջներն ու «Խաչմերուկ» ծրագիրը։ Այս շրջանը ձգվեց մինչև 2000-ականների սկիզբ։

Նավթային գումարների հոսքի հետ Ադրբեջանը ոչ միայն սկսեց ավելացնել ռազմական բյուջեն, այլև վերանայեց  տեղեկատվական պատերազմում մինչ այդ ունեցած պաշտպանական դիրքը։ Պետություն սկսեց մեծ միջոցներ տրամադրել հակաքարոզչություն մղելու համար։ Տպագրվում էին գունեղ ու ծավալուն ալբոմներ մի քանի լեզուներով, քարոզչական կայքեր ու ֆորումներ էին ստեղծվում, աշխարհի տարբեր երկրներում միջոցառումեր էին կազմակերպվում։ Կհամարձակվեմ ենթադրել, որ նույնիսկ գովազդային հիմունքներով հոդվածներ էին պատվիրվում արևմտյան որոշ լրատվամիջոցներում։ «Խաղաղապահների» այցերը կտրուկ նվազեցին, նրանք քննադատության օբյեկտ դարձան։ Այս շրջանը կարելի է  բնութագրել որպես տեղեկատվական պատերազմի պարույրի երկրորդ գալար։

Պայմանականորեն ասած՝ երրորդ փուլը սկսվեց նոր մեդիայի զարգացման հետ։ Սոցիալական ցանցերի զարգացման հետ կարգավորվեց շփումը ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողների ու ՀԿ-ների, այլև ինտերնետի հասարակ օգտատերերի միջև։ Իհարկե հարկավոր էր հաղթահարել «մանկական հիվանդությունը», երբ օգտատերերը վիրտուալ հերոսության դրսևորումեր էին ունենում, Պանիկովսկու և Շուրա Բալագանովի ոճով վիրավորանքներ էին հասցնում իրար։ Հետաքրիրն այն է, որ այդ հիվադությանը մեծամասամբ ենթարկվում էին ոչ թե  դեռահասները, այլ պատկառելի տարիքի մարդիկ։ Նման պահելաձևի պատճառը թողնենք հոգեբաններին ու անցնենք հակամարտությունների լուսաբանման գործում նոր մեդիայի դերին։

Բլոգային տիրույթը ոչ միայն «հարթակ» տրամադրեց վիրտուալ ճակատամարտերի համար, այլ նաև կարևոր դեր խաղաց բարիկադների տարբեր կողմերում գտնվող առանձին օգտատերերի մերձեցման հարցում։

Օրինակ, հետաքրիր է հետևել, թե ինչպես են հերթական «Էլ կլասիկո»-ից առաջ  միավորվում ֆուտբոլային երկրպագուների էջի օգտատերերը, և դա անում են ոչ թե ազգային, այլ ակումբային սկզբունքով։ 

Բացի դրանից, ժամանակի ընթացքում վստահող վերաբերմունք է ստեղծվել երկու կողմերի հմուտ բլոգերների միջև։ Շոշափելիության համար հինգ տարվա վաղեմության օրինակ բերեմ. ինչ-որ ռուսական կայք «նորություն» էր հրապարակել այն մասին, իբր թե Սումգաիթում հրեաների ջարդ է սկսվել։ Այս լուրը վերատպվել էր հակական լրատվական գործակալությունների կողմից, քանի որ «Սումգաիթ»-ը  «ջարդ» բառի հետ համադրությամբ սիմվոլի պես մի բան է, էլ չենք ասում քլիքերի քանակ ապահովելու մասին։  Հայկական գործակալություններին հղումով կատարելով ՝ այս «լուրը» հրապարակվեց իսայելական կայքում։ Լուրջ սկանդալ էր հասունանում։ Կարդալով այս տեղեկությունը «Կոռնելի» անունով հայ հարգարժան բլոգերի էջում՝ ես միանգամից զանահարեցի Սումգաիթի իմ ծանոթներին։ Համոզվելով, որ ամեն ինչ լուռ է ու հանգիստ, ես գրեցի Կոռնելիին, որ դա ապատեղեկատվություն է,  ու ես պատասխանատու եմ բառերիս համար։ Շնորհիվ նրա, որ մեր միջև արդեն հարգալից հարաբերություններ էին ստեղծվել, նա ինձ հավատաց ու խոստացավ ստուգել ինֆորմացիայի աղբյուրը։ Երբ պարզվեց, որ աղբյուրը կես տարին մեկ թարմացվող կայք է՝ երրորդ կարգի դոմեյնային անվանումով, ինֆորմացիան լրահոսից հանեցին։ Մեր հայտնի բլոգեր Քենան Գուլուզադեն հասավ նրան, որ իսրայելական լրատվամիջոցները նույնպես հերքում տվեցին։ Այդ ձևով, շնորհիվ փոխադարձ վստահության, վնասազերծվեց ակնհայտ սադրանքը։

Ներկայումս վեբ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս ուղղակիորեն շփվել մյուս կողմում գտնվող գործընկերների հետ և քննարկել փոխադարձ  հետաքրքիր խնդիրները՝ առանց պետության և պաշտոնական ԶԼՄ-ների միջամտության։ Մասնավորապես, Պատերազմի և խաղաղության լուսաբանման հարցերով ինստիտուտը, որտեղ ես աշխատում եմ, արդեն մի քանի անգամ սկայպ համաժողովներ է անցկացրել՝ Ադրբեջանի ու Հայաստանի փորձագետների մասնակցությամբ։  Վերջին անգամ մենք քննարկում էինք շփման գծում լարվածության սրացումը Ստրասբուրգում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին։ Այդ քննարկումների տեսագրությունները տեղադրվում են համացանցում և տարածվում սոցիալական կայքերով։ Այդ կերպ դեպի համացանց մուտք ունեցող ցանկացած  քաղաքացի ստանում  է հակամարտության հարցերի քննարկմանը մասնակցելու հնարավորություն՝ թեկուզ մեկնաբանություն թողնելու ճանապարհով։

Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետո խոսք ասելու հերթը քաղաքական գործիչներինն է։ Ինչպես էլ զարգանա ազգային դիվանագիտությունը, այն ի զորու չէ ինքնուրույն լուծել հակամարտությունը։ Եթե քաղաքական գործիչները համաձայնության գան, կարծում եմ՝ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հետևանքները քայքայիչ քարոզչության, որով իրեն կերակրել են 20 տարի շարունակ։

Շահին Ռզաև
Բնօրինակը հրապարակվել է mediaforum.az կայքում

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?